«Իմ Տուն-Հայաստան» ցուցահանդես-վաճառքը «Սիրահարների այգում»
Մայիսի 15-ին ժամը 14:00-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ «Սիրահարների այգին» կհյուրընկալի «Իմ տուն Հայաստան» բարեգործական ցուցահանդես-վաճառքը:
Երեւանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատունը, Գյումրիի Տիրամայր Հայաստան Պողոսյան կրթահամալիրը, «Ժան եւ Ալբերտ Պողոսյաններ» արվեստի դպրոցը, «Մեղվիկ» մանկապատանեկան կենտրոնը, Փարաքարի արվեստի դպրոցը հանդես կգան իրենց սաների անկեղծ, վառ ու գունագեղ ստեղծագործություններով: Այս ցուցահանդեսը մի հնարավորություն է ներկայացնելու այն լավն ու գեղեցիկը, որը ստեղծվում է մեր պատանիների ձեռքերով ու երեւակայությամբ, այն ջերմությունը, որով նրանք արտահայտում են իրենց սերը մեր Տուն-հայրենիքի նկատմամբ:
Ցուցահանդեսին մասնակից կրթական հաստատությունները` դպրոց, մանկատուն, տարբեր ժամանակներում եւ ծրագրերով հովանավորվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից: Ինչպես հայտնի է, «Հայաստան» եւ «Պողոսյան» հիմնադրամների կարեւոր ձեռքբերումներից մեկն էլ Երեւանի Սիրահարների այգու բարեկարգումն էր, որի տարածքը «Պողոսյան պարտեզների» կողմից սիրով տրամադրվում է այս գեղեցիկ միջոցառման անցկացման համար:
Ներգրավված հաստատություններն անձամբ կտնօրինեն ստացված հասույթը` այն ուղղելով իրենց կրթական կարիքներին: Մեր մասնակցությունն ու աջակցությունը կօգնի այս կրթօջախներին հաղթահարելու իրենց առօրյա, թեկուզեւ փոքր դժվարությունները:
Պատանի ստեղծագործողների ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցելու առաջարկին ջերմությամբ արձագանքեցին «Փրինթինֆո», «Նեգատիվ» ստուդիա, «Կոկա-կոլա», «Աչաջուր», «Տաշիր պիցցա» ընկերությունները:
Ինֆորմացիոն հովանավորներն են Հայաստանի հանրային ռադիոն, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը:
Առնո Բաբաջանյանի անվան երաժշտա-մանկավարժական քոլեջի երգչախումբը եւ Փարաքարի արվեստի դպրոցի երաժշտական խմբերի սաները հանդես կգան գեղեցիկ կատարումներով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել