HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻ պաշտպանն արձանագրել է. բռնարարքներ են իրականացվել ընդիմության ներկայացուցիչների նկատմամբ

Իրազեկման թռուցիկներ բաժանող անձանց նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ ՄԻ պաշտպանի գրասենյակը հայտարարությունը Ս.թ-ի մայիսի 11-ի երեկոյան ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են զանգահարել և հայտնել, որ Ավան համայնքում ՀԱԿ-ի կողմից նախատեսվող հանրահավաքի մասին իրազեկման թռուցիկներ բաժանելու ընթացքում մի խումբ անձինք ծեծի են ենթարկվել, որի կապակցությամբ հայտարարություն է տրվել ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Ավանի բաժանմունք, սակայն ոստիկանության աշխատակիցներն ահազանգն ստանալուց ավելի քան 30 րոպե հետո են ժամանել դեպքի վայր: Հայտնել են նաև, որ երեք կին ծեծի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով`շտապօգնության մեքենայով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  բժշկական կենտրոն: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի  աշխատակազմի արագ արձագանքման խումբն  այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  բժշկական կենտրոն: Այցելության ընթացքում պարզվել է, որ  քաղաքային շտապօգնության մեքենայով այնտեղ են տեղափոխվել Աստղիկ Աղեկյանը, Ամալյա Պողոսյանը և Օֆելյա Մարգարյանը: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  բժշկական կենտրոնի ավագ վերակենդանացնող Ս. Կարապետյանը հայտնել է, որ  բուժանձնակազմի կողմից ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, կատարվել է ներքին օրգանների սոնոգրաֆիա և ռենտգեն հետազոտում, առաջարկվել է ապահովության համար մեկ օր մնալ ստացիոնար հսկողության տակ, սակայն վերջիններս   հրաժարվել են և հեռացել հիվանդանոցից: Պաշտպանի ներկայացուցիչների այցելության ժամանակ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  բժշկական կենտրոնում են գտնվել ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Ավանի բաժանմունքի պետ Ա. Իսրայելյանը և ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր-Նորքի բաժնի հետաքննիչ Ա. Հարթենյանը: ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Ավանի բաժանմունքի պետ Ա. Իսրաելյանը Պաշտպանի ներկայացուցիչներին հայտնել է, որ ոստիկանության կողմից ահազանգին ուշ արձագանքելը չի համապատասխանում իրականությանը, քանի որ դեպքի մասին հաղորդում է ընդունվել ժամը 18.55-ին, որից հետո Ոստիկանության աշխատակիցներն անմիջապես այցելել են դեպքի վայր: ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր-Նորքի բաժնի հետաքննիչ Ա. Հարթենյանը Պաշտպանի ներկայացուցիչներին հայտնել է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  բժշկական կենտրոնի կողմից ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր-Նորքի բաժին հաղորդում ներկայացնելուց անմիջապես հետո այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  բժշկական կենտրոն, բացատրություն վերցրել այնտեղ տեղափոխված Ամալյա Պողոսյանից, իսկ Օֆելյա Մարգարյանը հայտնել է, որ իրեն վատ է զգում և կարող է բացատրություններ տալ ինքնազգացողությունը բավարար լինելու դեպքում: Նշված քաղաքացիներից բացատրություն վերցնելուց հետո ցանկացել է  բացատրություն վերցնել նաև Աստղիկ Աղեկյանից, սակայն  վերջինս արդեն հեռացած է եղել հիվանդանոցից: ՀՀ Մարդու իրավունքների  պաշտպանը խիստ մտահոգիչ է համարում հանրահավաքի մասին իրազեկում կատարող անձանց նկատմամբ շարունակական բռնարարքները և դրանք կատարող անձանց մինչ օրս բացահայտված չլինելը, առավելևս այն դեպքում երբ համաձայն բռնության ենթարկված քաղաքացիների հայտարարության`իրենց կողմից Ոստիկանությանն են ներկայացվել այդ անձանց լուսանկարները և նրանց կողմից վարվող ավտոմեքենաների պետհամարանիշների տվյալները: ՀՀ Մարդու իրավունքների  պաշտպանն արձանագրում է, որ նման բռնարարքներն իրականացվում են ընդիմության ներկայացուցիչների նկատմամբ և դատապարտելով դրանք կրկին անգամ կոչ է անում Ոստիկանությանն իրականացնել բոլոր անհրաժեշտ միջոցառումները բռնարարք կատարած անձանց հնարավորինս արագ բացահայտելու և օրենքով  սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, այլապես Ոստիկանության անգործությունը կարող է դիտվել որպես նմանատիպ դեպքերի խրախուսում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter