HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Ընտրություններից 5 օր հետո Հայաստանի հարցը կքննարկվի Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում

«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը օրերս հայտարարել էր, որ եթե իշխանությունները գործուն միջոցներ չձեռնարկեն, ապա ինքը հնարավոր է օգտվի իր լիազորություններից, որը թույլ է տալիս հրաժարվել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեի և Ջոն Պրեսկոտի  ծառայություններից: Այսօր Դե ֆակտո ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ լրագրողները ԱԺ-ի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանից փորձեցին նման հնարավորության  գնահատականը ստանալ: «Հարց բարձրացնել կարող է ցանկացած պատգամավոր, նախ նշեմ, որ Զարուհի Փոստանջյանը չի հանդիսանում Մոնիտորինգի հանձնաժողովի ադամ»,- նշեց Հարությունյանը եւ հավելեց, որ ի տարբերություն ԵԽԽՎ-ի մյուս հանձնաժողովների, Մոնիտորինգի հանձնաժողովն առանձնահատուկ է, այն չի ձեւավորվում ազգային պատվիրակությունների առաջարկությունների հիման վրա, այլ` քաղաքական խմբերի առաջարկություններով է ձեւավորվում, սակայն հնարավոր է Մոնիտորինգի հանձնաժողովում մտցվի ռոտացիոն համակարգ, երբ մի համազեկուցողը փոխարինվի մեկ այլով: Դավիթ Հարությունյանը կարծում է, որ բնական է, երբ պատվիրակության անդամներից մեկը համաձայն չէ համազեկուցողների կարծիքին, սակայն որոշում կայացնում է հանձնաժողովը. «Ես պետք է նշեմ, որ երկու համազեկուցողներն էլ շատ պատկառելի եւ խոհեմ գործիչներ են, իրական քաղաքականության առումով շատ մեծ փորձ ունեցող, ինչ վերաբերում է պրն. Պրեսկոտին, ապա  ամենալավ գնահատականն այն է, որ նա Միացյալ թագավորության պատմության ընթացքում ամենաերկարաժամկետ փոխվարչապետի պաշտոն զբաղեցրած անձն է, ինչը խոսուն փաստ է»: Մոնիտորինգի հանձնաժողովի առաքելությունը երկրի իշխանության հետ աշխատելն է եւ առավելագույն քայլերի ձեռնարկումն է երկրում ժողովրդավարություն հաստատելու համար, ինչը, ըստ Հարությունյանի, ակտիվ գործընթաց է. «Անշուշտ, երկրում անընդհատ քայլեր կատարվում են, որոշ քայլեր գնահատվում են դրական, որոշ քայլեր քննադատվում են, սա արձագանք է»: Հայաստանի պարտավորություններն էլ բանախոսը երկու մասի է բաժանում` պարտավորություններ, որոնք քաղաքական հարցադրումներ են, եւ կոնկրետ քայլերի պարտավորություն. «Ինչու մենք փոփոխեցինք օրենքը, սա մաքուր քաղաքական հարցադրում էր, որը ներկայացվում էր մեզ: Մեր Սահմանադրությամբ ԱԺ-ին սահմանափակ լիազորություններ էր տրվում ազդելու դատախազի վրա, որպեսզի այդ ինստիտուտը լինի անկախ, քայլը եղավ օրենքի փոփոխությունը, որը պարտադրեց Դատախազությանն այսպես, թե այնպես որոշակի մեղադրանքներից հրաժարվել»: Ըստ Դավիթ Հարությունյանի` Հայաստանը օրենքի փոփոխության առումով կատարել է իր պարտավորությունը, իսկ կան հարցեր, որոնք պայմանավորված են դատական գործընթացից, այսինքն «դատական գործընթացի ինչպիսի լինելը կարող է ազդել գնահատականի վրա»: ԵԽԽՎ-ն Հայաստանի հարցին կանդրադառնա հունիսին, ինչն ըստ բանախոսի, նաեւ մայիսի 31-ին կայանալիք ավագանու ընտրություններով էլ է պայմանավորված. «Ընտրություններից հինգ օր անց Հայաստանի հարցը կքննարկվի Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում, մենք կունենանք համազեկուցողների այց Հայաստան եւ կունենանք քննարկում»: Հետքի հարցին, թե հնարավոր է արդյոք պատվիրակության աշխատանքները նոր որակ ստանան` պայմանավորված եւս մեկ ընդդիմադիր անդամի ավելացմամբ ի դեմս Արմեն Ռուստամյանի, Հարությունյանը պատասխանեց. «Ինչքան ընդդիմությունն ուժեղ, ինչքան ընդդիմությունն ակտիվ, այնքան իշխանությունն ուժեղ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter