HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դ. Շահնազարյան. «Հայկական կողմը զիջել է` ինչ հնարավոր էր և մի քիչ էլ ավելին»

12_05-d-shahnazaryan«Չկա արտաքին քաղաքականություն, Հայաստանի արտաքին քաղաքականությունը բնութագրվում է երկու բառով` «Yes Ser»: Ամեն տեղ ասում են` այո, ու ընկնում հերթական`իրենց բնորոշ հիմար վիճակի մեջ»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Հայաստանի վարած արտաքին քաղաքականությանը, նման հայտարություն արեց ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը: Անդրադառնալով Պրահայում կայացած բանակցություններին ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ` Դ. Շահնազարյանը նշեց, որ անընդհատ ստանդարտ ձևակերպումներ են արվում առաջընթացի մասին: «Բայց եթե ընդամենը Պրահայի հանդիպումից առաջ խոսում էին մեկ-երկու ամսվա ընթացքում ինչ-որ արդյունքների հասնելու մասին, ապա հիմա միանգամից հայտարարվեց` մինչև տարվա վերջ: Իրականությունն այն է, որ կարգավորման որոշում ընդունողը Բաքուն է, ոչ թե Երևանը: Հայաստանն այս հարցում որոշող չէ, այնքան որ զիջել է ամեն ինչ: Սա ավելի շուտ փիլիսոփայական խնդիր է Ալիևի համար` պե՞տք է հարցն ինչ որ կերպ կարգավորվի, թե՞ ոչ»,- ասաց նա: Հարցին, թե ինչո՞ւ բանակցային գործընթացը գաղտնի է պահվում և հրապարակային չէ, Դ. Շահնազարյանը նշեց, որ դիվանագիտությունն, իհարկե, պարունակում է իր մեջ որոշակի գաղտնիության էլեմենտ, բայց այսօր գաղտնի է պահվում բանակցությունների բուն ուղղվածությունը, մինչդեռ 1990-ականներին այդպիսի պահեր չեն եղել: «Այսօր եթե ինչ որ բաներ իմանում ենք, ապա ադրբեջանական, թուրքական և այլ երկրների մամուլից ենք իմանում: Այդ աստիճանի բացարձակ գաղտնիությունը ես անընդունելի եմ համարում: Մադրիդյան սկզբունքների նույնիսկ ցանկը, որում ընդամենը հարցադրումներ են, նույնպես գաղտնի է պահվում»,- ասաց նա: 12_05-v-papazyanԱսուլիսի մյուս բանախոսը` ԱԳ նախկին նախարար Վահան Փափազյանը նշեց, որ խնդիրը ոչ թե բանակցային պրոցեսի գաղտնիության, այլ հասարակության` իշխանությունների քայլերին չվստահելու մեջ է: Եթե վստահեր, շատ հանգիստ կնայեր ցանկացած բանակցային գործընթացի: «Եվ ցավալի է , որ մենք իմանում ենք ամեն ինչ օտար աղբյուրներից, հայկական կողմը ոչինչ չի գաղտնազերծում: Հանուն արդարության պետք է նշել, որ բանակցային պրոցեսը կոմպլեքս հասկացություն է, և այն տեսությունը, որ ոչինչ համաձայնեցված չէ, եթե ամեն ինչ համաձայնեցված չէ, իհարկե ճիշտ է: Ու այն, որ փաստաթղթերի հրապարակում չկա, նշանակում է` այն ամբողջովին համաձայնեցված չէ: Այսօր Ղարաբաղի իշխանությունները ֆորմալ տեղյակ չեն, թե ինչի շուրջ են բանակցում Հայաստանն ու Ադրբեջանը, սա է խնդիրը»,- ասաց նա: Դավիթ Շահնազարյանի համոզմամբ` Հայաստանի դերը գահավիժել է միջազգային բոլոր գործընթացներում: Նա վստահ է, որ «ստատուս քվոյի» պահպանումը բացառապես ձեռնտու է Ադրբեջանին, որովհետև ժամանակ ձգձգելը Ադրբեջանին բերում է նորանոր օգուտներ: «Բոլոր առաջարկները, կարգավորման ողջ գործընթացը հայկական կողմի համար վատից գնում է դեպի վատթարագույն: Եթե սկզբում խոսքը հինգ շրջանի մասին էր, այսօր`յոթի մասին է: Այսօր Պրահայում խոսում են, թե Լաչինի միջանցքն ինչ լայնություն պետք է ունենա` մե՞կ, թե՞ երեք կիլոմետր: Հայկական կողմը զիջել է` ինչ հնարավոր էր և մի քիչ էլ ավելին»,- ասաց նա: Վահան Փափազյանին էլ հատկապես մտահոգում է Թուրքիայի ակտիվությունը ԼՂ հարցի կարգավորման գործընթացում: Դեռևս 1992-ից Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, սակայն երբևէ նման ակտիվություն չի դրսևորել այս հարցում, ինչպես վերջին ամիսների ընթացքում: Սա, ըստ Վ. Փափազյանի, փաստում է, որ Հայաստանի դիրքերն այն աստիճան են թուլացել, որ Հայաստանը չի կարողանում շրջափակել Թուրքիայի ակտիվությունն այս պրոցեսում: «Ավելին` որոշ հայ պաշտոնյաներից երբեմն լսում ենք, թե Թուրքիայի ներգրավումը Ղարաբաղի բանակցային գործընթացում կարող է օգտակար լինել: Սա հայկական գաղափար լինել չի կարող: Մենք այս գաղափարը բազմիցս լսել ենք ԱՄՆ-ի, եվրոպական երկրների ու բուն Թուրքիայի կողմից: Սա ցույց է տալիս, թե ինչ աստիճան են խարխլվել մեր դիրքերը դիվանագիտության ասպարեզում»,- ասաց նա: Վ. Փափազյանը համոզված է, որ անիմաստ է խոսել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին, քանի դեո ԼՂ հարցում գոնե ինչ որ տեղաշարժ չկա դիվանագիտական ոլորտում: Հետևաբար` քանի որ Հայաստանի իշխանություններն իրենց առջև նպատակ են դրել ամեն գնով հասնել հայ-թուրքական հարաբերությունների` իրենց պատկերացրած կարգավորմանն ու հանուն դրա ցեղասպանության խնդրում նույնիսկ  զիջումների են գնում, ուրեմն այն կարգավորելու համար պետք է Ղարաբաղի հարցում ակտիվ դիվանագիտական պրոցես ընթանա, ինչը և լինում է: «Քանի որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դարձել է գերնպատակ Հայաստանի իշխանությունների համար, սա նշանակում է, որ ղարաբաղյան բանակցությունների գործընթացը ակտիվացել է ու դեռ կակտիվանա»,- ամփոփեց բանախոսը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter