HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ռուբեն Հակոբյան. Հայաստան-Թուրքիա բանակցությունների հետևանքով մեզ վտանգ կարող է սպառնալ

12_05-r-hakobyanԹե Թուրքիան և թե Ադրբեջանը Արցախյան հակամարտության լուծման միևնույն արդյունքին են ձգտում հասնել. այն է` հայկական ազատագրված տարածքների հանձնում Ադրբեջանին, Արցախը` Ադրբեջանի կազմում և Լաչինի միջանցքի որոշակի հատված, որը պետք է կապի Հայաստանը և Արցախը: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց «Ակունք» վերլուծական կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը: Նա ընդգծեց, որ Հայաստանը միայնակ և իրադրային արտաքին դիվանագիտությամբ է հանդես գալիս թուրք-ադրբեջանական միասնական և ծրագրված տանդեմի դեմ: Թուրքիան այս տարածաշրջանում երբեք չի կորցնի իր արյունակից և ռազմավարական գործընկեր Ադրբեջանին և, բնականաբար, չի նախընտրի Հայաստանին: «Հայաստանի և Թուրքիայի միջև այս բանակցությունները լուրջ մտահոգություն են առաջացնում, և նման զարգացումների դեպքում կարող է վտանգվել նաև մեր պետության անվտանգությունը»,- ասաց բանախոսը: Նա համոզմունք հայտնեց, որ հայ-թուրքական բանակցություններն ի սկզբանե ընթանում են նախապայմաններով, որոնք կշարունակվեն: Եթե Հայաստանի ղեկավարներից որևէ մեկը կարողանա տրամաբանական բացատրություն տալ այն բանին, թե ինչու հայ-թուրքական հայտարարությունը եղավ հենց ապրիլի 22 լույս 23-ին, այսինքն` Հայոց ցեղասպանության նախօրյակին, ինչպես նաև մեկ օր առաջ այն բանից, երբ ԱՄՆ նախագահ Օբաման պետք է հրապարակեր Հայոց ցեղասպանության առթիվ իր ելույթը, Ռ. Հակոբյանը չի համարի, որ «Ճանապարհային քարտեզը» թուրքական և ամերիկյան առաջին նախապայմանն էր: Ռ. Հակոբյանը նշեց նաև թուրքական մյուս նախապայմանը: Դա այն է, որ Հայաստանի և Թուրքիայի նախագահների կամ արտգործնախարարների հանդիպումներից հետո, ինչպես, օրինակ, եղավ Պրահյան հանդիպումից հետո, Թուրքիայի վարչապետ Էրդողանը անմիջապես «խմբագրում» է անում, որ  հայ-թուրքական հարաբերությունների բարելավման համար հայկական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի ազատագրված տարածքից: «Ցանկացած նախապայման մի քանի վայրկյան հետո կարող է դառնալ պայման: Թուրքիան բացարձակապես նախապայմաններով է առաջնորդվում Հայաստանի հետ բանակցություններում: Մենք բացարձակ ոչինչ չենք շահել բանակցությունների այս մեկ տարվա ընթացքում, իսկ Թուրքիան առավելագույնս շահեց: Թուրքիան հասավ նրան, որ ԱՄՆ նախագահը և Կոնգրեսը իրենց օրակարգից հանեցին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, որը շատ ծանր էր լինելու Թուրքիայի համար»,- նշեց վերլուծական կենտրոնի տնօրենը` հավելելով, որ Հայաստանի և Թուրքիայի միջև այս որակի հարաբերությունների զարգացումը վաղ թե ուշ ազդելու է նաև հայ-ռուսական և հայ-իրանական հարաբերությունների վրա: «Եթե մինչ այս Թուրքիան ուզում էր տարածաշրջանում կարևորագույն դեր խաղալ, և Հայաստանը խոչընդոտում էր դրան` հայտնի պատճառներով, ապա այսօր Հայաստանը ոչ միայն չի խոչընդոտում, այլև օգնում է: Եվ Հայաստանի միջոցով Թուրքիան այսօր դառնում է այս տարածաշրջանի գլխավոր դերակատարներից մեկը: Ռուսաստանը և Իրանը միշտ խանդով են վերաբերվել դրան: Ինչ-որ մի պահի Ռուսաստանին այլևս ձեռնտու չի լինի, որ Թուրքիան այստեղ լինի կարևոր առաջնային քաղաքական գործոններից մեկը»,-  ասաց Ռ. Հակոբյանը: Նրա խոսքերով, արտաքին քաղաքականությունը միշտ ածանցյալ է ներքին քաղաքականությանը, և Հայ դատը կարող են իրականացնել միայն ազատ, արժանապատիվ պետության մեջ ապրող ժողովուրդը և ուժեղ իշխանությունը: Անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, թե այն, որ ոչ Հայաստանում և ոչ Արցախում չկան հանրային ընդվզման դեպքեր բազմաթիվ կյանքերի գնով ազատագրված տարածքների գլխին կախված վտանգի դեմ, արդյոք խոսում է նրա մասին, որ այդ վտանգը իրական չէ`բանախոսը ասաց. «Ես կանխատեսում եմ, որ կլինի այդ ընդվզումը: Եվ խոսքը միայն Ղարաբաղում ապրող հայ ժողովրդի մասին չէ, այլ ողջ հայ ժողովրդի մասին է: Ժողովուրդը միշտ ամենակրիտիկական պահին կարողանում է իր խոսքը ասել»: Ըստ Ռ. Հակոբյանի, սակայն, ժողովրդի այդ խոսքը պետք է պետական քաղաքականության շարունակություն լինի և ոչ թե պետական տապալված քաղաքականությունից հետո ստեղծված իրավիճակ: Եվ այն, ինչ այսօր ունենք, պետք է կարողանանք դիվանագիտական հարթության վրա ամրագրել: Բանախոսը նաև «նորմալ և ճիշտ» որակեց Արցախի Պաշտպանության նախարարի այն հայտարարությունը, որ ազատագրված տարածքների պաշտպանության հարցում բանակը իրականացնելու է ժողովրդի որոշումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter