HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեսակետ հայ-թուրքական «հաշտեցման» գործընթացի վերաբերյալ  

sarcruni_130509Սեւակ Արծրունի Մուտք Հայ-թուրքական բանակցություններում հայկական կողմի դիրքորոշումը պետք է հիմնվի հատկապես երեք հիմնարար գործոնների վրա, որոնք են` ա) Հայաստանի պետական շահը, բ) Հայության մոտ «հաշտեցման» հարցի նկատմամբ ձեւավորվող հավաքական դիրքորոշումը. գ) Այդ դիրքորոշման շուրջ համախմբվածության աստիճանը։ Մասկանկցություն Այնպիսի գործընթացի շուրջ, ինչպիսին «հայ-թուրքական հաշտեցումն» է, լռություն պահպանելը կամ առանց առաջարկություններ անելու, հուզական ելույթներով հարցի հասարակական քննարկման բնականոն ընթացքը խափանելը անընդունելի է: Մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է առնվազն ի՛ր համար հստակ դիրքորոշում որդեգրել եւ այդ դիրքորոշման հրապարակային արտահայտմամբ մասնակցել այդ գործընթացին, գործընթաց, որի հետեւանքով ստեղծվելիք կացությունը վճռորոշ ներգործություն է ունենալու մեր պատկերացումների եւ ազգային տեսլականի, մեզանից յուրաքանչյուրի անձնական եւ ընտանեկան ճակատագրի վրա։ Հայ-թուրքական «հաշտեցման» բանակցությունների ընթացքը պետք է ուղեկցվի լայնածավալ հասարակական քննարկումներով: Անհրաժեշտ է նաեւ հասարակական քննարկումների ընթացքում շրջանառության մեջ դնել այնպիսի նոր տվյալներ, որոնք կարող են էապես ազդել դիրքոշումների ճշգրտման վրա։ Ներքին զորակցություն Ամեն դեպքում, Հայաստանի տնտեսական ներկա շրջափակման ֆոնի վրա ընթացող աշխարհաքաղաքական նոր գործընթացը հրամայական է դարձնում համազգային համախմբումը: Ի վերջո, բանակցող կողմերի կեցվածքը հիմնված է լինելու առաջին հերթին սեփական ազգային ճակատի համախմբվածության աստիճանի վրա: «Հայ-թուրքական հաշտեցման» գործընթացը նոր, այս անգամ, քաղաքակա՛ն ճակատամարտ լինելով, անհրաժեշտություն է զգում Արցախյան պայքարում մեր դրսեւորած միասնակամության որակի վերարտադրության։ Օտարի կամքի դիմաց չընկրկող ու իր կամքը պարտադրող ուժի կայացման գործում մեր գործունեությունն սկսում է սեփական հստակ եւ ոչ հուզական դիրքորոշումից ու դրա մասին խիզախորեն հայտնելու քայլից։ Անվիճելի փաստ է` հայ-թուրքական «հաշտեցման» խնդրի արծարծումը քաղաքական խիզախություն է կողմերի քաղաքական առաջնորդների համար: Բանակցությունների մեկնարկ չէր լինի եթե չլինեին միջազգային ճնշումներ յուրաքանչյուր կողմի վրա. բանակցությունները կձախողվեն, եթե այդ ճնշումները չահագնանան առավելապես կողմերից ամենաթույլի վրա: Միանշանակ կա մեկ անքննարկելի ճշմարտություն` բանակցությունները շարունակվելու են, եւ կոմղերից յուրաքանչյուրի համար, առաջին խնդիրը սեփական ճամբարը համախմբված եւ անզիջող պահելու խնդիրն է: Հայաստանի իշխանությունները չեն կարող մեկուսացված գործել հայաստանաբնակ թե աշխարհասփյուռ հայությունից եւ չեն կարող բռնանալ նրա կամքին: Ընդհակարակը, պետության կողմից նախաձեռնվող ցանկացած գործընթաց պետք է արմատացած լինի հասարակության կամքի վրա: Հայ հասարակությունը, որպես այդպիսին, աշխարհագրական իմաստով տարտղնված է. բարդ ու բազմաբնույթ է նաեւ նրա քաղաքական կամքը: Սակայն կան նպատակակետեր, որոնք պետք է բացարձականացվեն, դառնան հավաքական անառարկելի առաջնահերթություններ: Դրանք են՝ հայ ժողովրդի ժողովրդագրական վերականգնման հետ կապված բոլոր հրամայականներն ու ազգային քաղաքակրթության վերարժեվորման առաքելությունը Արցախում, Ջավախքում եւ հայկական լեռնաշխարհի բոլոր հատվածներում: Հայ-թուրքական կնճիռը Սկսենք նրանից, որ միջազգային քաղաքականության մեջ «հաշտեցում» գործընթացում «բարի կամեցողություն», «ներողամտություն» եւ նմանօրիակ այլ բարոյական գաղափարներն որեւէ էական դեր չեն խաղում։ Էական են համարվում միայն նպատակները՝ այն նպատակները, որոնց հասնելու համար է հրահրվել հակամարտությունը։ Կողմերը հաշտվում են, երբ գործնականում ստեղծվում է այնպիսի մի իրավիճակ, երբ այդ նպատակներն այլեւս գոյություն չունեն կամ սպառել են իրենց։ Այս իմաստով, հայ-թուրքական կնճիռը կարող է միայն երկու հնարավոր լուծում ունենալ. ա) Լուծում ըստ Թուրքական նախագծի. Թուրքիայի եւ նրա դաշնակից պետությունների ջանքերով, միջազգային հանրության լուռ մեղսակցության պայմաններում, Հայաստանն ու հայ ժողովուրդը կվերանան։ Շարունակելով 16-րդ դարում սկիզբ առած դոկտրինան, ժամանակակից Թուրքիայի Հանրապետությունն այսօր էլ ժողովրդագրական բնաջնջման միջոցով հետապնդում է հայ ժողովրդի վերացման ծրագիրը: բ) Լուծում ըստ հայկական նախագծի. Հայ ժողովուրդի միակամ եւ անհաշտ պայքարը կշարունակվի Թուրքիայի եւ նրա դաշնակից պետությունների դեմ, մինչեւ հայկական լեռնաշխարհում հզոր ու կայուն Հայաստանի ստեղծումը: Միջազգային աշխարհաքաղաքական վերիվայրումների բերումով թշնամացած երկու ազգերը տասնամյակներ ի վեր գործում են վերոնշյալ ուղղություններով եւ այս փաստը հայտնի է միջազգային հանրությանը: Նման ամեն մի պայքար կամ լարվածություն միջազգային ընդհանուր ուժերի հավասարակշռության սիստեմի մաս է կազմում: Մեր կամքից անկախ սկիզբ առած այս բանակցային փուլը հայ-թուրքական կնճիռը տեղափոխում է դիվանագիտական երկխոսության դաշտ, սակայն հիմնական հարցի էությունը չի փոխվում։ Երկու պետությունները շարունակելու են, եթե ոչ կարճաժամկետ (մարտավարական), ապա երկարաժամկետ հիմունքներով հետապնդել յուրաքանչյուրն իր ազգային ռազմավարական նպատակը։ Քանի որ ազգային երկարաժամկետ նպատակները աշխարհագրական եւ ժողովրդագրական իրողություններով են որոշվում, ուստի նպատակները կմնան անփոփոխ, այնքան ժամանակ, քանի այդ իրողությունները կմնան անփոփոխ: Հստակ է. կողմերից յուրաքանչյուրը, ինչպես նաեւ միջնորդները ունեն հիմնական նպատակներ, ուժեղ եւ թույլ կողմեր։ Ներկայացնենք գործընթացի վրա ազդող ամենաէականներ գործոնները. ա) Եվրո-ատլանյան ճակատը, ԱՄՆ-ի գլխավորությամբ, ցանկանում է տարածաշրջանում Թուրքիայի աջակցությունից չզրկվելով հանդերձ` վերահսկել եւ ուղղորդել հայկական հարցի սպառնալիքը. բ) Արեւմտյան ճամբարի քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ փոխված է` այն ավելի շատ զսպողական է քան նախկինում էր: Թուրքիան այլեւս չի վայելում վստահելի դաշնակցի իր հին, խորհրդային տարիների դիրքը: Միջազգային հանրությունը չի ցանկանում Թուրքիային շնորհել տարածաշրջանային գերտերության կարգավիճակ` քրդական, պաղեստինյան, կիպրոսյան եւ այլ հարցերում: գ) Որպես հայ-թուրքական չկարգավորված հարաբերություններին ուղղակի հետեւանք, մի շարք միջազգային տնտեսական նախագծեր տուժում են. դ) Եվրոպական հանրության հետ երկխոսության մեջ մտնելու համար Թուրքիան պարտավորեցվում է հայերի հետ հաշտվելու կամք դրսեւորել. ե) Թուրք մտավորականության եւ հասարակության մի ստվար զանգված պատրաստ է բարոյական առումով ընդունել հայկական ցեղասպանության փաստը. զ) Թուրքիայի դաշնակից արեւմտյան ծառայությունները թուլացնում են հայկական պետականությունը։ Այդ գործունեությունը նրանք իրականացնում են Հայաստանում ազգային պառակտվածություն եւ պարտվողականություն սերմանելով: է) Հայաստանի հասարակության որոշ շրջանակներում տարածված է սեփական բարեկեցության նպատակով պետականակործան պատեհապաշտության դրսեւորելու երեւույթը. ը) Սփյուռքահայությունը ցեղասպանության ճանաչման պահանջատիրական պայքարը վառ պահելով հանդերձ` ինքն իրեն անմիջական տեր եւ պատասխանատու չի զգում Հայաստանի Հանրապետությունում ու նրան սահմանակից շրջաններում բնակվող հայերի, որոշ չափով նաեւ հենց այդ պահանջատիրության հետեւանքով կրած զրկանքներին. թ) Արցախյան ազատագրական պատերազմի ավարտից մինչեւ օրս, 15 տարվա ընթացքում մենք չենք կարողացել ազատագրված տարածքները բնակեցնել, յուրացնել ու դրանով այդ տարածքների ամբողջության պահպանման համար բարենպաստ իրավիճակ ստեղծել։ Արդ, քանի որ միջազգային հանրությունը հայտնվել է միջնորդի դերում եւ արդեն իսկ տեղի են ունենում բանակցություններ հայկական եւ թուրքական իշխանությունների միջեւ, ցանկանում եմ ներկայացնել իմ պատկերացումները հայության համար ծայրաստիճան զիջողական, բայց այնուամենայնիվ իրատեսական «հաշտության» հեռանկարի վերաբերյալ: Նախ նշենք անշրջանցելի իրողությունները։ Իրողություններ Ա) Հայաստանը եւ հայությունը չեն կարող արհամարհել Թուրքիայի եւ միջազգային հանրության հետ երկխոսության հնարավորությունները. Բ) Հայ ժողովուրդի համար ցանկացած “ճանապարհային քարտեզ” հարկավոր է կառուցել մեր ազգային իրավիճակը ճիշտ գնահատելուց հետո: Այդ նպատակով նախ հարկավոր է ձերբազատվել ինքնամխիթարանքից, կարճաժամկետ պատեհապաշտությունը հեռատես ռազմավարության հետ շփոթելուց, ինքնախաբեությունից եւ հայրենասիրական կեղծ հոխորտանքից եւ բռնել ճշմարտության գիտակցման հավասարակշիռ ճանապարհը: Իրատես լինենք եւ ընդունենք, որ մենք այսօր գտնվում ենք դարեր առաջ սկիզբ առած ժողովրդագրական աղետի մեջ, որի ուղղակի արդյունքը հետեւյալն է. ·    Հայաթափվել են Արեւմտյան Հայաստանն ու Կիլիկիան: Մինչեւ 20րդ դարը այնտեղ ապրող ավելի քան երկու միլիոն հայությունը մեծ մասամբ սպանվել է, իսկ մի մասն էլ բռնի ազգափոխվել կամ տեղահանվել է: Սպանվածների կամ տեղահանվածների ժառանգորդներին որեւէ հատուցում չի տրվել: Ոչնչացվել է հասարակական եւ մշակույթային գործիչների բացարձակ մեծամասնությունը։ Նրանց հետ կորել է նաեւ այն վիթխարի հոգեմշակութային ժառանգությունը, որը նրանք պետք է փոխանցեին հետագա սերունդներին: Արեւմտահայաստանի եւ Կիլիկիայի հայաթափված տարածքներում են մնացել ոչ միայն հայերի սեփական ունեցվածքը, այլեւ ազգային եւ պատմամշակութային ամբողջ ժառանգությունը՝ եկեղեցիները, վանքերը, դպրոցները, ձեռագիր եւ տպագիր ամբողջ ժառանգությունը. ·    Անդրկովկասում հայաթափվել են թե խորհրդային եւ թե ժամանակակից Վրաստանի եւ Ադրբեջանի հարյուրավոր հայկական բնակավայրեր։ Այստեղ նույնպես որեւէ հատուցում չի տրվել։ ·    1988-ից սկսած միջազգային օրենքների կոպիտ խախտման պայմաններում եւ միջազգային հանրության կատարյալ մեղսակցությամբ Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է մեկուսացման մեջ, Հայաստանը դուրս է մնացել տարածաշրջանի գրեթե բոլոր հաղորդակցական ծրագրերից, Հայաստանին չի տրվել ոչ մի որոշիչ տնտեսական աջակցություն կամ վերականգնվելու համար համապատասխան միջազգային արտոնյալ ռեժիմ: Դրա հետեւանքով Հայաստանի, Արցախի եւ Ջավախքի հայության մի զգալի մասը դիմել է արտագաղթի: Գ) Սկսած 19րդ դարից առ այսօր հայ ժողովուրդի ժողովրդագրական վերացման գործընթացը շարունակվում է: Ցեղասպանության իրագործման մեջ անվիճելի է արեւմտյան պետությունների եւ Ցարական եւ Խորհրդային Ռուսաստանի մեղսակցության փաստը: Դ) Պատմական հայրենիքի մեկ տասներորդ մասում ծվարած հայությունը ժառանգել է սեփական պատմության վերհանման անշրջանցելի առաքելությունը: Միջազգային պատմագրությունը ցեղասպանության եւ այլ հարցերում խեղաթյուրել է ճշմարտությունը` նսեմացնելով մեր ազգային պատմության եւ քաղաքակրթության արժեքը: Այլընտրանքային «ճանապարհային քարտեզ» Վերոնշյալի համաձայն հայ-թուրքական հաշտեցման գործընթացում հայկական կողմի նվազագույն  նախապայմանները կարող են եւ պետք է լինեն՝ Ա) Միջազգային հանրության կողմից Հայ ժողովրդի ճանաչում որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ Բ) Սահմանների բացում առանց նախապայմանների Գ) Հայաստանի ընդգրկում տարածաշրջանային հաղորդակցական եւ էներգետիկ անխտիր բոլոր ծրագրերի մե Դ) Ազատ տնտեսական միջազգային արտոնյալ ռեժիմի հատկացում Ե) Դեպի Հայաստանի Հանրապետոթյուն եւ Արցախ հայրենադարձության միջազգային հիմնադրամի ստեղծում Զ) Արցախին անկախ հանրապետության կարգավիճակի միջազգային ճանաչում (առանց հետագայում Հայաստանի Հանրապետության միանալն արգելող միջազգային պայմանավորվածության): Տարածքային առումով, Ադրբեջանին չեն կարող հանձնվել այնպիսի տարածքները, որոնց կորուստը կսպառնա Հայաստանի եւ Արցախի անվտանգությանը եւ կայուն զարգացման հեռանկարներին. Է) Սամցխե-Ջավախք նահանգին եւ Ծալկայի շրջանին հատուկ կարգավիճակ Վրաստանի կազմում. Ը) Նախիջեվանին` ապառազմականացված տնտեսական ազատ գոտու կարգավիճակ Ադրբեջանի կազմում. Թ) Պատմական Հայաստանի ամբողջ տարածքում հայկական քաղաքակրթական ժառանգության վերականգնում եւ պահպանում, այդ նպատակով` միջազգային ֆինանսական հիմնադրամի ստեղծում Թուրքիայի եւ եվրոպական երկրների մասնակցությամբ: Ընդհանուր դրույթներ Միջազգային հիմնադրամ(-ներ)ի ստեղծումը պետք է դիտել որպես մեր պատմական հայրենիքի մոտ 80%-ի կորստյան եւ ժողովրդագրական համաղետի արդյունքում տնտեսական վնասների հատուցում եւ ոչ թե որպես օգնություն հայ ժողովուրդին: Հատուցման խնդիրը ոչ միայն Թուրքական պետության այլ ամբողջ միջազգային հանրության առաջ պետք է դրվի: Միջազգային հանրության հետ հատուցումների շուրջ բանակցությունները պետք է սկսվեն սփյուռքում, առանց սպասելու հայ-թուրքական բանակցությունների հանգուցալուծմանը: 1878-1923 թթ. Օսմանյան կայսրության տարածքում տեղի ունեցած հայ բնակչության զանգվածային կոտորածները եւ ցեղասպանությունը Թուրքիայի այսօրվա իշխանությունների կողմից ճանաչումն ու բարոյական հատուցումը թողնելով իր խղճին, դադարենք ազգի ռեսուրսները վատնել այս ճանապարհով պատմական տարածքներին վերատիրանալու անհեռանկար ջղակծկումների վրա։ Թուրքիային պետք է տրվեն ազգային անվտանգության երաշխիքներ: Ի վերջո հարկավոր է գիտակցել, որ ժամանակակից Թուրքիան մենակ չի կարող կանգնել հայկական ցեղասպանության փաստի առաջ: Ցեղասպանության մեջ մեղքի իրենց բաժինն ունեն նաեւ արեւմտյան պետությունները` իրենց Օսմանյան կայսրության կործանմանն ուղղված ծրագրերով: Ուստի, Ծրագրի իրագործումը պետք է երաշխավորված լինի Միացյալ Ազգերի Կազմակերպության կամ միջազգային հանրությունը ներկայացնող այլ պաշտոնական կառույցի կողմից: Եզրակացություն Վերոնշյալ մոտեցումը Թուրքիայի եւ Անդրկովկասի կայունացման միակ նախապայմանն է: Նման ծրագրին Թուրքիայի մասնակցությունը նրան զերծ կպահի հետագա ցնցումներից եւ «կհամոզի» հայությանը, որ ներկայիս Թուրքիայի քաղաքական օրակարգում այլեւս դրված չէ Հայաստանի պետականության վերացման եւ հայ Էթնոսի բնաջնջման նպատակը: Եթե հայությանը առաջարկվում է կանգնեցնել հակաթուրքական պայքարը, ապա սա' կարող է լինել Հայոց ցեղասպանության հատուցման եւ որպես ցեղասպանության զոհ հայ ժողովուրդի եւ Հայաստանի պետության հետ Թուրքիայի, նրա դաշնակիցների եւ միջազգային հանրության հարաբերությունների նորմալացման նվազագույն եւ հայության կողմից ամենազիջողական «ճանապարհային քարտեզը»: Սա միեւնույն ժամանակ կդառնա հայ ժողովրդի վերականգման համար նվազագույն պայմանների ապահովման ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ։ Երեւան, Ապրիլ 2009

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter