HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Սուրեն Զոլյան. «Այն, ինչ հայտարարում է Բրայզան, բոլորվին դուրս է նրա`որպես միջնորդի լիազորություններից»

13_05-s-zolyan«Բրայզան միջնորդի դերակատարությունից անցնում է բոլորովին այլ դերակատարության, որին ես այլ անուն չեմ կարող տալ, քան ինֆորմացիոն պատերազմ: Այն, ինչ հայտարարում է Բրայզան, բոլորվին դուրս է նրա միջնորդի լիազորություններից: Քննարկման այն հարցերը, որոնք ինքը հայ հասարակությանը առաջարկում է որպես քննարկումների օրակարգ, ես այլ կերպ, քան գաղափարախոսական կամ ինֆորմացիոն դիվերսիա, չեմ կարող անվանել»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց քաղաքագետ Սուրեն Զոլյանը: Նա շատ մտահոգիչ համարեց ամերիկացի համանախագահ Բրայզայի շուրթերից արդեն հնչած «ինքնավարություն» բառը, որը տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի համադրումն է: Քաղաքագետը «Ազատություն» ռադիոկայանով է լսել Բրայզայի այն խոսքերը, թե «մեծ քայլ է դեպի առաջ, որ Ալիևն այսօր խոսում է ինքնավարության մասին, որը նորույթ է»: «Դա նորույթ չէ: Բրայզան ռուսերեն էր խոսում. նա ռուսերեն շատ վարժ է խոսում, բայց գուցե առանց հասկանալու` ինչ է ասում: Կամ ուղղակի մոռացել է, որ դեռ Հեյդար Ալիևը խոստանում էր ԼՂ ժողովրդին ամենամեծ կամ ամենաբարձր աստիճանի ինքնավարություն, որը ինքը կամենա, միայն թե լինի Ադրբեջանի կազմում: Այսինքն` դա որևէ նորույթ չէ»,- ասաց քաղաքագետը: Պատասախանելով այն հարցին, թե որտեղից է Բրայզան ստանում նման հայտարարություններ անելու լիազորություն` քաղաքագետը նշեց, որ Մինսկի խմբի համանախագահներին նշանակում են իրենց պետությունների նախագահները. «Եվ ես ուզում եմ հիշեցնել, որ երեք համանախագահն էլ ներկայացնում են այն պետությունները, որոնք նմանատիպ դեպքերին բոլորովին այլ լուծում են տվել. ԱՄՆ-ն և Ֆրանսիան ճանաչել են Կոսովոն, և չեն խոսել այն մասին, որ պիտի համադրեն տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքները, իսկ Ռուսաստանն էլ ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսեթիայի ինքնիշխանությունը և անկախությունը»: Ս. Զոլյանը նշեց, որ այսօր մենք նորից պետք է հիշեցնենք ինքնորոշման իրավունքի գերակայության, ինչպես նաև դրա իրավական սկզբունքների մասին, որոնք ձևավորվել են այն ժամանակ, երբ ճանաչվեց Հայաստանի և Ադրբեջանի անկախությունը: Այդ նույն իրավական նորմերի համաձայն` պիտի ճանաչվեր նաև Արցախի անկախությունը: Երբ 1992թ.-ին Հայաստանը և Ադրբեջանը դարձան ՄԱԿ-ի լիիրավ անդամ, ընդամենը երկու պետություն` Թուրքիան և Մեծ Բրիտանիան ճանաչեցին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, «ներառյալ ԼՂ-ն»: Հենց այդ պատճառով ՀՀ Արտգործնախարարությունը այն ժամանակ մերժեց Մեծ Բրիտանիայի միջնորդությունը Արցախյան հակամարտության կարգավորման հարցում, քանի որ այդ երկիրը ի սկզբանե կողմնակալ դիրքորոշում ուներ հակամարտության նկատմամբ: 26_02-h_mesrobyanԱսուլիսի մյուս բանախոսը` կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը, համամիտ է քաղաքագետի հետ, որ «վերջին մի քանի տարիներին Բրայզայի «առաքելությունը» հետևյալն է. պարբերաբար սարքել ինֆորմացիոն պրովոկացիոն արտահոսք» և տեսնել, թե կողմերը ինչպիսի դիրքորոշում կբռնեն այդ հարցում: «Բոլորովին չեմ կարծում, որ Բրայզան սխալվում է կամ ռուսերենի վատ իմացություն է դրսևորում: Սա քաղաքականության և կառավարման մեջ շատ տարածված բան է. եթե նախապատրաստվում են ինչ-որ ուղղություն բռնել, միշտ սկզբում մեսիջ են ուղարկում և զանդաժ անում, թե ինչպես են կողմերը և ընդհանրապես հանրությունը ընկալելու տվյալ հասկացությունը»,- ասաց Հարություն Մեսրոբյանը` հավելելով, որ երբ Բրայզան ասում է «ինքնավարություն» կամ «ինքնորոշում» հասարակության` խնդրի մեջ չմասնագիտացած խավերը չեն հասկանում այդ բառեզրերի տարբերությունը, իսկ ինֆորմացիոն արտահոսքը կազմակերպողի համար կարևորն էլ այն է, որ հասարակությունը տվյալ բառն ընկալի, որից հետո, վերջնական փաստաթղթի մեջ, օրինակ, «ինքնորոշումը» կարող է մտնել «ինքնավարություն» ձևով: «Շատ վտանգավոր պրոցեսներ են ընթանում: Մեր ԶԼՄ-ները գերմանական ճշտությամբ պետք է հետևեն բառերին և տերմիններին, որովհետև այդ բառերի մեջ շատ նուրբ տարբերություն կա, որը լայն հասարակությունը չգիտի: Դրա համար ես ուղղակի կխնդրեի մեր ԶԼՄ-ներին ինչ-որ տերմիններ բացահայտել տերմինաբանական բառարաններից»,- ասաց կառավարման փորձագետը: Նա նաև ուշադրություն հրավիրեց Բրայզայի` «Էխո Մոսկվիին» տված վերջին հարցազրույցին, որի ժամանակ համանախագահը ասել է, թե հայ-թուրքական բանակցությունները կապված չեն ԼՂ հարցի հետ, բայց «մենք կարծում ենք, որ ի վերջո պրոցեսներն ազդեցություն են ունենում իրար վրա»: «Սա նախապայմանների շատ գրագետ և սիրուն ձևակերպում է: Այսինքն` երկու գործընթացը իրար հետ կապված չեն, բայց իրար վրա ազդում են: Փոխկապակցվածությունը հենց ազդեցությունն է: Մի դեպքում փոխում են «ինքնորոշում» և «ինքնավարություն» բառերը, մյուս դեպքում էլ հանում են «նախապայման» բառը և ասում, որ «պրոցեսները իրար վրա ազդում են»,- ասաց Հարություն Մեսրոբյանը: Սուրեն Զոլյանն էլ իր հերթին նշեց, որ ինֆորմացիոն դիվերսիայի տարրեր պարունակող գործողություն է այն, որ հայ հասարակությունը սկսում է քննարկել ազատագրված այս կամ այն տարածքի նկատմամբ Ադրբեջանի հնարավոր ոտնձգությունը. դա խոսում է այս մասին, որ հասարակության միտքը վարժվում է ազատագրված հայկական տարածքների նկատմամբ Ադրբեջանի հավակնություններին: Մինչդեռ ազատագրված հայկական տարածքների նշանակությունը ահռելի է: «Այսօր անվտանգության ամենամեծ երաշխիքը ոչ թե Բրայզայի հայտարարություններն են ուժի չկիրառման մասին, այլ հենց այդ պաշտպանական գիծն է: Զինադադարը քիչ թե շատ պահպանվում է, քանի որ տարիների ընթացքում հզոր պատնեշ է կառուցվել Ադրբեջանի ագրեսիայի դեմ: Եթե մենք կորցնենք ռազմական առումով շատ գրագետ կառուցված այդ պաշտպանության գիծը, ո՞վ պիտի պաշտպանի ԼՂՀ-ի անվտանգությունը»,- հայտարարեց քաղաքագետը` հավելելով, որ սահմանները պիտի ճշգրտվեն միայն այն ժամանակ, երբ համաձայնության կգան Ադրբեջանը և ինքնորոշվող ժողովուրդը` Արցախը: Միաժամանակ, քաղաքագետի համոզմամբ, չպետք է մոռանալ նաև Շահումյանի և Գետաշենի մասին: Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն իր անհանգստությունը հայտնեց ապրիլի 22-23-ին ստորագրված հայ-թուրքական հայտարարության և հատկապես ստորագրման օրվա առթիվ, որը, նրա համոզմամբ, դարձյալ տեղեկատվական դիվերսիա է. «Ապրիլի 24-ը մեր և Թուրքիայի միջև համար առաջին խնդիրն է: Ապրիլի 23-ին` ուղիղ նախորդ օրը, Թուրքիայի հետ ստորագրվում է ինչ-որ փաստաթուղթ: Մայիսի 8-ը Շուշիի ազատագրման օրն է, իսկ մայիսի 7-ին սկսվում են բանակցություններ Պրահայում Հայաստանի և Ադրբեջանի միջև: Երկու զուգադիպություն 15 օրվա մեջ չի կարող լինել: Սա, փաստորեն, նորից ուղղակի մեսիջ է հայ հասարակությանն ընկճելու համար»: Սրան համամիտ է նաև քաղաքագետ Սուրեն Զոլյանը, ով նշեց, որ սիմվոլիկան քաղաքականության մեջ շատ կարևոր է, և Շուշիի ազատագրումը մեր ազգային ինքնության նոր խորհրդանիշն է դարձել: Անդրադառնալով Շվեյցարիայի միջնորդությամբ ստորագրված հայ-թուրքական «Ճանապարհային քարտեզին»` քաղագետը մտահոգիչ համարեց, որ հստակեցված չէ, թե միջկառավարական ինչ հանձնաժողովի ստեղծման մասին է խոսքը: Սուրեն Զոլյանի համոզմամբ, եթե Հայաստանը համաձայնի քննարկման առարկա դարձնել Ցեղասպանության հարցը, ապա կհակասի բարեկամ պետությունների և իր իսկ կողմից ընդունված որոշումներին, քանի որ Շվեյցարիայում Ցեղասպանության ժխտումը քրեորեն պատժելի արարք է: Քաղաքագետը նաև նշեց, որ Թուրքիայի վարչապատի այն խոսքերիը, թե ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պետք է, այսպես կոչված, «օկուպանտ» ճանաչի Հայաստանին, վտանգավոր քայլ է Թուրքիայի համար, քանի որ նույն այդ Անվտանգության խորհուրդի որոշումներով Թուրքիան ճանաչվել է օկուպանտ, և նրան պարտադրվել է զորքերը դուրս բերել Հյուսիսային Կիպրոսից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter