HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

20 համայնք չի կարողանում հավաքագրել հարկերը

Արմավիրի մարզի 20 համայնքներում չեն կարողացել հավաքել հարկերը եւ ապահովել մինչև  10 տոկոս եկամուտ: Այդ գյուղերից մեկը՝   Արտաշարը առաջին եռամսյակում բյուջե է մուտքագրել ընդամենը 400.000 դրամ : «Պատճառն այն է, գյուղացին էս սեզոնին վաճառելու ոչինչ չունի, որ հարկ տա: Եթե ես դա գիտեմ, ոնց գնամ- ասեմ` եկամուտ ես ստացել` հողի հարկը տուր: Էդ 400.000-ն էլ թոշակառուներից ենք հավաքել: Բացատրում ենք, որ  չվճարելու դեպքում մի շարք անհարմարություններ կստեղծվեն գյուղի համար, որից հիմնականում կտուժի հենց ինքը` գյուղացին: Բացատրածս տեղ է հասնում. ովքեր կարողանում են, մի քանի կոպեկ տալիս են, իսկ ովքեր ի վիճակի չեն, չենք պարտադրում»,- ասաց Արտաշար համայքի ղեկավար Մանվել Օհանյանը: Գյուղապետ ասում է, որ տարեկան բյուջեի կատարողականում ոչ մի տարի չեն թերացել: Իրենց համար դժվարն առաջին կիսամյակն է, երբ  գյուղում  աճող հիմնական մշակաբույսերը`ձմերուկն ու սեխը,  նոր-նոր կանաչում են: «Ամեն տարվա առաջին կեսին այս խնդիրն ունենում ենք: Արտաշարը մի համեմատեք Էջմիածնի գյուղերի հետ: Մեր հողը  բարեբեր չէ  այլ կուլտուրաներ աճեցնելու համար: Եթե Էջմիածնի տարածաշրջանի գյուղացիները փետրվարի վերջից արդեն կարողանում են թարխունը և այլ կանաչիներ շուկա արտահանել, դա դեռ չի նշամնակում, որ մարզի բոլոր գյուղերում գյուղացու վիճակը լավանում է: Մեր գյուղում բերքը հասնում է օգոստոսին: Մինչև  դա  չիրացվի` գյուղացուն փող որտեղից»,- ասաց գյուղապետը, հավելելով, որ հող մշակելը դարձել է թանկ հաճույք: Ըստ նրա`  բերքը վաճառելուց հետո էլ գյուղացու ձեռքին ոչինչ չի մնում. «Բանկից վերցրած վարկերն է մարում, գյուղատնտեսական սեզոնի ընթացքում կուտակած պարտքերը փակում, որոնց առյուծի բաժինը ոռոգման ջրինն ու պարարտանյութինն է, ու նորից մնում դատարկաձեռն: Էլ ես ինչ խղճով գնամ ու հողի հարկը պահանջեմ»,- գյուղացիների` բյուջեին պարտք մնալու պատճառն այսպես հիմնավորեց համայնքապետ Օհանյանը: Պատկերը նույնն է նաև մնացած 19 համանյքներում, որոնցից միայն  Հովտամեջն է, որ Էջմիածնի տարածաշրջանի գյուղերից է, մնացածը` Արմավիրի համայնքներից են, որոշներն էլ` սահմանամերձ: Վերջիններս նաև սահմանային հողերի մշակման խնդիր ունեն, որը թույլ չի տալիս լիարժեք մշակել հողն ու լիարժեք եկամուտ ստանալ: Իսկ ստացած եկամուտով չեն կարողանում պարտքերը մարել, այդ թվում և` հողի հարկը: Արմավիրի մարզպետարանի  ֆինանսական վարչության պետ Վարազդատ Մկրտչյանը համամիտ է բյուջետային հավաքագրումների թերացման`գյուղապետերի հիմնավորումներին: Նա միաժամանակ հույս հայտնեց, որ  համայնքների ղեկավարները հավաքագրման խոսուն ցուցանիշ կարող են ներկայացնել միայն հունիսից հետո, երբ բանջարաբոստանային որոշ կուլտուրաներ  իրացված կլինեն: Եթե գյուղապետերի արդարացումները համոզել են մարզպետարանի գլխավոր ֆինանսիստին, ապա մարզպետ Աշոտ Ղահրամանյանին` ոչ այնքան: «Եթե  պետությունը համայնքների նկատմամբ իր պարտավորություններում չի թերանում, այսինքն` ժամանակին դոտացիա է տալիս, նշանակում է` համայնքներն էլ իրենց պարտավորություններում պետք է կարգապահ լինեն»,- ասել է մարզպետը մարզխորհրդի վերջին նիստի ժամանակ: Ա.Ղահրամանյանը, հավաքագրման մինչև 10 տոկոս արդյունք ցույց տված գյուղապետերին ժամանակ է տվել. եթե առաջին կիսամյակի կտրվածքով, այսինքն` մինչև հունիսի վերջ հավաքագրումն ընթանա նույն տեմպերով, ինքը հանդես կգա նրանց նկատմամբ անվստահության միջնորդությամբ: Հայկուշ Ասլանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter