Դատական համակարգն ընդդեմ ամերիկահայ գործարարի
Առանց դատական համակարգի նկատմամբ հանրության վստահության, մեր երկրում պետության և, մասնավորապես իրավական պետության մասին խոսելը պատրանքի է նման: Իսկ դատական իշխանության չարաշահումը և կոռուպցիան մեր պետության ու մեր ազգի համար ամենամեծ չարիքներն են և անմիջականորեն վնասում են մեր պետականությանն ու ազգային միասնությանը:
Դատական իշխանության առաքելությունը` հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ կերպով արդարադատություն իրականացնելն է: Սակայն կոռումպացված չինովնիկի հրահանգով կամ վճարի դիմաց, «առաքելությունն» իրականացնելու համար տրված իշխանությունը հաճախակի օգտագործվում է կոնկրետ անձի դեմ գործելու պատվեր իրականացնելու նպատակով:
Ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանին վերաբերվող գործերով, դատական իշխանությունն իրականացվում է «Խուդյանի դեմ գործելու պատվերն» իրականացնելու «առաքելությամբ»: Մասնավորապես, Էդմոնդ Խուդյանի մասնակցությամբ գործերով, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (այսուհետ` Կենտրոնի դատարան) դատական իշխանության չարաշահմամբ «արդար դատաքննության» իրավունքի հիմնական տարրերի առերևույթ ոտնահարումը բացահայտ բնույթ է կրում, որի վերաբերյալ հրապարակումներ եղել են:
Այդ հրապարակումներից հետո էլ սնանկության կառավարիչ Հ.Ղամբարյանի կողմից պարտապան ընկերության տարածքներն օտարելու և դրա դիմաց գումար չգանձելու հիմքով դատարան ներկայացված հայցադիմումի հիման վրա հարուցված ԵԿԴ 1284/02/11 գործով Կենտրոնի դատարանի դատավոր Ա.Մելքոնյանը համառորեն մերժում է օտարված տարածքների նկատմամբ հայցի ապահովում կիրառելու մասին միջնորդությունները: Ավելին` հունիսի 21-ին վարույթ ընդունված գործով առաջին նիստը նշանակում է օգոստոսի 2-ին ժամը 11:00-ին, սակայն այդ օրը ո’չ դատավորը, ո’չ 9 պատասխանողներից որևէ մեկը չի ժամանում դատարան:
Նման պատահականություններ չեն լինում, նման հստակ պայմանավորվածություններ են լինում: Դրանից հետո ծանուցում եմ ստանում, որ առաջին դատական նիստը կկայանա սեպտեմբերի 27-ին, այսինքն` հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո երեք ամիս անց: Հայցի ապահովում չկիրառելու և առաջին նիստը երեք ամսից հետո հրավիրելու պայմաններում, անհիմն է «արդար դատաքննության» մասին անգամ ակնարկելը: Նույն է պատկերը նաև «Վ.Մ.Գ. Գրուպ» ՓԲԸ-ի դեմ ներկայացված մյուս հայցով` թիվ ԵԱՆԴ 1724/02/11 գործով, որ պատասխանողների կազմի կեղծմամբ դատարանի որոշմամբ գործը մեկ այլ դատարանից տեղափոխվեց Կենտրոնի դատարան: Կիրառված հայցի ապահովումը 2011թ. հունիս 10-ին ապօրինաբար վերացվեց, սակայն 2010թ. նոյեմբերից առ այսօր ընդամենը մեկ նախնական նիստ է անցկացվել:
Այլ է պատկերը Էդմոնդ Խուդյանի և մի շարք այլ սփյուռքահայերի շահերի դեմ քննվող թիվ ԵԿԴ 0061/04/10 սնանկության գործով, որտեղ դեպքերն այնպիսի արագությամբ են զարգանում, որ միաժամանակ մի քանի որոշում բողոքարկելու անհրաժեշտություն է լինում:
Այդ ապօրինությունների դեմ պայքարը տարվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսդրության շրջանակներում, սակայն ներկայացված բողոքներով վերջնական որոշում կայացնողն էլ այն մարմինն է, որտեղից ղեկավարվում է ողջ գործընթացը:
Դատարանի, այն էլ` վերադաս ատյանի կողմից, փաստաբանի ներկայացրած բողոքում արձանագրված փաստական հանգամանքների կեղծմամբ պատվիրված դատական ակտ կայացնելն էլ արդեն փաստում է այն մասին, որ գործ ունենք ոչ թե գործող օրենսդրության իմաստով «արդարադատության առաքելություն» իրականացնող դատական կազմի, այլ` դատական ակտի տակ ստորագրելու իրավասությամբ օժտված մի խումբ անձանց հետ, որոնք լոկ անհատական պատվեր են կատարում, հետաքրքրված չեն ո`չ դատական ակտի հանրային հեղինակությամբ և ո`չ էլ կայացվող դատական ակտի իրավական հետևանքներով:
Նման փաստի մասին չբարձրաձայնելն, ըստ իս, առավել մեծ հանցանք է, քան նման դատական ակտի տակ պատվերով ստորագրելը: Քաջ գիտակցում եմ, որ սույն հոդվածից հետո նույն դատավորները շարունակելու են իրենց «բեղմնավոր աշխատանքը», սակայն, որպես փաստաբան և արժանապատվություն ունեցող անձ, պարտավոր եմ եղելությունը գոնե բարձրաձայնել, քանի որ ստորև ներկայացվող ՀՀ վճռաբեկ դատարանի 10.08.2011թ. որոշումը, որպես վերջնական դատական ակտը բողոքարկման ենթակա չէ:
Խոսքը թիվ ԵԿԴ 0061/04/10 սնանկության գործով Կենտրոնի դատարանի 22.03.2011թ. որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքը վերադարձնելու (վարույթ չընդունելու) մասին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.05.2011թ.-ի որոշման դեմ բերված բողոքով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.08.2011թ. որոշման և դրանց տակ ստորագրած դատավորների մասին է:
Իսկ Կենտրոնի դատարանի 22.03.2011թ. որոշումը «Վ.Մ.Գ. Գրուպ» ՓԲԸ-ի ավելի քան $1մլն. դոլարի պահանջի բավարարման մասին է:
Ավելորդ չեմ համարում հիշատակել, որ քաղաքացիական և վարչական գործերով ներկայացվող վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու կամ այն վերադարձնելու հարցում ՀՀ վճռաբեկ դատարանի համապատասխան պալատը որդեգրել է «արատավոր սովորույթ», համաձայն որի`
-«վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը» չի պատճառաբանվում: Այսինքն, «ցանկության դեպքում» անգամ օրենսդրական պահանջներին չհամապատասխանող կամ անհիմն բողոքը կարող է, առանց որևէ հիմնավորման, վարույթ ընդունվել,
-իսկ «վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը» բացառապես միևնույն տիպային տեքստով է պատճառաբանվում, այն է` «Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված դատական սխալի մասին բողոք բերած անձի հիմնավորումը հերքվում է Վերաքննիչ դատարանի որոշման մեջ նշված պատճառաբանություններով»: Տպավորություն է ստեղծվում, որ վերաքննիչ դատարաններն իրենց որոշումներն այն հաշվով են կայացնում, որ դրանցում ներառվեն նաև տվյալ դատական ակտի դեմ ներկայացվելիք վճռաբեկ բողոքը վերադարձնելու «պատճառաբանություններ»:
Հարց է ծագում առ այն, թե ինչպե՞ս կարելի է գուշակել, թե վճռաբեկ բողոքն ինչ հիմքերով և հիմնավորումներով է բերվելու: Հարցադրման պատասխանը մեկն է. վճռաբեկ բողոքի հիմքերին ու հիմնավորումներին վճռաբեկ դատարանն ուշադրություն չի դարձնում և փաստաբանի մի քանի օրվա կամ շաբաթների աշխատանքը կարող է անգամ մինչև վերջ չընթերցվի:
Այդ իսկ պատճառով էլ վճռաբեկ բողոք կազմելիս, երբեմն մտովի պատկերացնելով նման քննարկումների ընթացակարգը, այսինքն` տարրական անհարգալից և ոչ մասնագիտական վերաբերմունքը, անգամ վճռաբեկ բողոք կազմելու ցանկությունն է կորում, սակայն պատասխանատվության զգացումը կրկին պարտավորեցնում է աշխատանքը պատշաճ ձևով կատարել և ավարտին հասցնել:
Սակայն դա էլ դեռ ամենամեծ չարիքը չէ: Փաստաբաններիս համար ամենատհաճ երևույթն այն է, որ «վճռաբեկ բողոքը վերադարձնելու որոշումներում» «Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները տառացի վկայակոչելիս», հաճախ այնպիսի թյուր մտքեր են արձանագրվում, որ չեմ զարմանա, եթե օրերից մի օր «վճռաբեկ բողոքը վերադարձնելու որոշման» մեջ արձանագրվի, որ «Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված դատական սխալի վերաբերյալ բողոք բերած անձի հիմնավորումը հերքվում է Վերաքննիչ դատարանի որոշման մեջ նշված այն պատճառաբանությամբ, որ «կանաչ խոտ արածած կովի կաթը կարող է միայն կանաչ գույնի լինել», որից հետո, ըստ էության, սպիտակ գույնի կաթն արդեն օրենքից դուրս կլինի:
Ինչ վերաբերում է թիվ ԵԿԴ 0061/04/10 սնանկության գործով դատարանի 22.03.2011թ. որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքով Վերաքննիչ դատարանի 31.05.2011թ.-ի որոշմանն ու դրա դեմ բերված բողոքով Վճռաբեկ դատարանի 10.08.2011թ. որոշմանը, ապա այդ դատական ակտերն առավել մեծ վտանգ են պարունակում, քանի որ իմ կողմից կազմված վերաքննիչ բողոքը այդ երկու դատական ակտերով կեղծվել են: Մասնավորապես.
ա/ Վերաքննիչ դատարանի 31.05.2011թ.-ի որոշմամբ արձանագրվել է, որ դատարանի 22.03.2011թ. որոշման դեմ իմ կողմից բերված վերաքննիչ բողոքում, իբր, առկա է գրառում այն մասին, որ «22.03.2011թ. որոշումը դատարանից ստացել եմ 13.04.2011թ.-ին»: Այնինչ` վերաքննիչ բողոքում`
«-22.03.2011թ. որոշումը դատարանից ստանալու» մասին արձանագրված չէ, փոխարենը նշված է, որ այդ որոշման օրինակը ստացել եմ սնանկության գործով կառավարչից, իսկ դատարանից առ այսօր այն չեմ ստացել:
«-13.04.2011թ.-ին» գրառում ընդհանրապես չկա:
Փաստորեն, Վերաքննիչ դատարանի 31.05.2011թ.-ի որոշմամբ վերաքննիչ բողոքում չարձանագրված կեղծ փաստեր են վկայակոչված: Այսինքն` կեղծ հիմքերի վրա է պատճառաբանված Վերաքննիչ դատարանի 31.05.2011թ.-ի որոշումը:
բ/ Վերաքննիչ դատարանի 31.05.2011թ.-ի որոշմամբ արձանագրված է ևս մեկ կեղծիք առ այն, որ, իբր, իմ կողմից ներկայացված միջնորդությունը ներկայացվել է առանց պատճառաբանության` «ժամկետը բաց թողնելու պատճառները չի նշվել» Մինդեռ առնվազն երեք պատճառաբանություն նշված է միջնորդության առաջին մասում, որը տառացի ներկայացնում եմ` «Միաժամանակ միջնորդում եմ բողոքը ներկայացնելու համար բաց թողնված ժամկետը հարգելի համարել, հաշվի առնելով այն հանգամանքները, որ բողոքարկվող որոշումը այն ուժի մեջ մտնելուց հետո եմ ստացել Կառավարչից, որից հետո միայն ծանոթացել եմ գործի նյութերին, հավաքել ապացույցներ և կազմել բողոքը»: Ըստ Վերաքննիչ դատարանի 31.05.2011թ.-ի որոշման` միջնորդությունը ներկայացվել է հետևյալ տեքստով` «Միաժամանակ միջնորդում եմ բողոքը ներկայացնելու համար բաց թողնված ժամկետը հարգելի համարել»:
Վերաքննիչ դատարանի նախագահող դատավոր պարոն Մկրտչյանը ա և բ կետերում նշված 3 կեղծ հիմքերով է մերժել վերաքննիչ բողոքով ներկայացված միջնորդությունը, որի հիման վրա էլ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին 31.05.2011թ. որոշումն է կայացրել: Այսինքն, վերաքննիչ բողոքն, ամեն գնով, վարույթ չընդունելու պատվեր է կատարել:
Այլ հարց է, եթե Միջնորդությունը մերժվեր «այն հիմքով, որ Միջնորդության մեջ նշված պատճառաբանությունները վերաքննիչ դատարանն անհիմն գտներ», սակայն նման հիմքով չի մերժվել Միջնորդությունը, որն իր պատճառն ունի:
Իսկ պատճառը կայանում է նրանում, որ Վերաքննիչ դատարանը միջնորդության կառուցվածքին (պատճառաբանական մասի բացակայություն) ներկայացվող պահանջների խախտմամբ միայն կարող էր մերժել միջնորդությունը:
Եթե արձանագրեր, որ միջնորդությունը պատճառաբանված է, ապա այդ պատճառաբանություններն անհիմն համարելու հիմքով չէր կարող միջնորդությունը մերժել 31.05.2011թ. որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքի հետևյալ հիմքերով.
«-Դատական ակտերի բողոքարկման ժամկետների վերաբերյալ օրենսդրության կիրառման դատական պրակտիկայի մասին» ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 22.12.2000թ. թիվ 36 որոշման համաձայն` բողոքարկման բաց թողնված ժամկետների վերականգնման վերաբերյալ դիմումները քննության առնելիս պետք է մանրամասն հետազոտվեն ժամկետների բաց թողնման պատճառները:
Եվ բոլոր այն դեպքերում, երբ ժամկետը բաց է թողնվել բողոք բերողի կամքից անկախ պատճառներով (անհաղթահարելի ուժ, դատական ակտերի կայացման մասին ոչ իր մեղքով անտեղյակ լինելը և այլն), ժամկետի բաց թողումը պետք է համարել հարգելի:
-ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, ԵՔԴ/0139/02/09/ գործով 2010թ. մայիսի 13-ի որոշմամբ «ժամկետների բաց թողնման միջնորդությունները բավարարելու» իմաստով արձանագրում է, որ «Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի (արդար դատաքննության իրավունք) մեկնաբանության 64 կետի համաձայն` շահագրգիռ անձը պետք է հնարավորություն ունենա հասնելու իր գործի քննությանը դատարանում և նրան չպետք է խանգարեն չափից դուրս իրավական և պրակտիկ խոչընդոտները»:
Սակայն տպավորություն է ստեղծվում, որ թիվ ԵԿԴ 0061/04/10 սնանկության գործով, իմ վստահորդների համար արդար դատաքննության իրավունքը մատչելի չէ:
- Թիվ ԵԱՔԴ/0018/04/10 գործով վերաքննիչ դատարանի 30.07.2010թ.-ի որոշումը կայացվել է դատավոր Ա.Մկրտչյանի նախագահությամբ, իսկ նույն որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքով ՀՀ վճռաբեկ դատարանի 2011 թվականի ապրիլի 1-ի որոշմամբ, որպես գործը զեկուցող դատավորը նշված է դատավոր Մ.Դրմեյանը: Թիվ ԵԿԴ 0061/04/10 գործով 31.05.2011թ. որոշումը կայացվել է դատավոր Ա.Մկրտչյանի նախագահությամբ, իսկ նույն որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքով ՀՀ վճռաբեկ դատարանի 2011 թվականի օգոստոսի 08-ի որոշմամբ, որպես գործը զեկուցող դատավորը նշված է դատավոր Մ.Դրմեյանը: Այսինքն երկու գործերով էլ միևնույն դատավորներն են կազմել համապատասխան որոշումները:
Թիվ ԵԱՔԴ/0018/04/10 գործով վերաքննիչ դատարանի (նախագահող դատավոր` Ա.Մկրտչյան) 30.07.2010թ.-ի որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքի քննության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը 2011 թվականի ապրիլի 1-ի որոշմամբ /զեկուցող դատավոր Մ.Դրմեյան/ արձանագրել է.
«ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 1995 թվականի փետրվարի 7-ի թիվ R (95) 5 Հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն՝ պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարանի) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ դատական պաշտպանության իրավունքը կարող է սահմանափակվել, սակայն կիրառվող սահմանափակումները չպետք է լինեն այն աստիճան, որ խաթարեն այդ իրավունքի բուն էությունը: Սահմանափակումն անհամատեղելի կլինի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հավասարակշռված կապ գործադրվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև (տես` Վճռաբեկ դատարանի 14.04.2008 թվականի թիվ 3-365(ՎԴ) քաղաքացիական գործով որոշումը, «Պայքար և Հաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի թիվ 21638/03 որոշումը, կետ 44):
Բացի այդ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ այն դեպքերում, երբ բողոքարկման ընթացակարգեր են նախատեսված, Բարձր պայմանավորվող կողմերը պարտավոր են ապահովել իրենց իրավասության տակ գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված այն նույն երաշխիքներից օգտվելը վերաքննիչ դատարաններում, ինչպիսիք նրանք ունեն առաջին ատյանի դատարանում (տես` Բրուալլա Գոմեզ դե լա Տորրեն ընդդեմ Իսպանիայի, թիվ 26737/95, 1997 թվականի դեկտեմբերի 19, կետ 33, Թինելի էնդ Սանզ ՍՊԸ-ն ու այլոք և ՄաքԷլդաֆն ու այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 20390/92, 21322/92, 1998թ. հուլիսի 10, կետ 72 և Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի, թիվ 34791/97, 37)»:
Փաստորեն, Վերաքննիչ դատարանի նույն դատավորը` Ա.Մկրտչյանը թիվ ԵԱՔԴ/0018/04/10 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2011 թվականի ապրիլի 1-ի որոշումից երկու ամիս անց, «հաշվի չառնելով» այդ դատական ակտի մեկնաբանությունները, թիվ ԵԿԴ 0061/04/10 գործով 31.05.2011թ. որոշմամբ կրկին նույն դատական սխալն է թույլ տալիս և մերժում է իմ կողմից ներկայացված միջնորդությունը:
Առանց Վճռաբեկ դատարանից իջեցված հանձնարարության և երաշխիքի դատավոր Ա.Մկրտչյանը նման կեղծիքի և անօրինականության չէր գնա:
Առավել տհաճ երևույթ է, երբ ԵԱՔԴ/0018/04/10 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2011 թվականի ապրիլի 1-ի որոշումը կազմած, զեկուցող դատավոր Մ.Դրմեյանը 10.08.2011թ. որոշմամբ հաստատում է Վերաքննիչ դատարանի կեղծիքները, քննության առարկա չի դարձնում իր կողմից կազմված 2011 թվականի ապրիլի 1-ի որոշումից վճռաբեկ բողոքում վկայակոչված իրավական փաստարկները, որի արդյունքում էլ իմ կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը վերադարձնելու որոշում է կայացվում:
Եթե վճռաբեկ դատարանի դատավորն է իր կողմից կազմված որոշումն անտեսում և շրջանցում, ապա ինչ նախադեպային իրավունքի մասին կարող է խուսք լինել:
Գաղտնիք չէ, որ Վերաքննիչ դատարանի որոշումները կազմում է նախագահող դատավորը, իսկ մյուս դատավորներն ընդամենը ստորագրում են որոշման տակ: Տվյալ պահին ՀՀ վճռաբեկ դատարանում է գտնվում միևնույն թիվ ԵԿԴ 0061/04/10 գործով դատավորը Ա.Մկրտչյանի կողմից կայացված 01.07.2011թ. երկու որոշումների դեմ բերված բողոքները և, ըստ իս, այդ բողոքներն էլ նույն ճակատագրին կարժանանան, ինչ որ 31.05.2011թ. որոշման դեմ բերված բողոքը, սակայն դրանից հետո իրավական պայքարը կտեղափոխվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Լեռնիկ Հովհաննիսյան՝ փաստաբան, Էդմոնդ Խուդյանի շահերի ներկայացուցիչ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել