HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոնգրեսը պահանջում է ապահովել մարտի 1-ին չարձանագրված սպանության ականատեսի անվտանգությունը

17_03-ancՀայ ազգային կոնգրեսը իշխանություններից պահանջում է դադարեցնել մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ հարուցված քրեական գործերով անցնող վկաների նկատմամբ իրականացվող հետապնդումները: Կոնգրեսի տարածած հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ. ««Յոթի գործի» փլուզումից, վարչախմբի հորինած պետական հեղաշրջման ու իշխանության յուրացման մեղադրանքների հօդս ցնդելուց հետո, նույն կերպ հիմքից զրկվում են նաեւ առանձնացված գործերը` զանգվածային անկարգությունների մասով: Դատակոչված վկաները հրաժարվում են իրենց նախաքննական ցուցմունքներից` հայտարարելով, որ դրանք իրենցից կորզվել է բռնության, ահաբեկչության կամ խաբեության միջոցով: Վերահաս խայտառակությունից խուսափելու համար վարչախումբը արդեն մի քանի շաբաթ է` ահաբեկչական նոր մի արշավ է սկսել վկաների դեմ: Նրանցից ամենատարբեր միջոցներով պահանջելով ու ստիպելով չհրաժարվել ժամանակին իրենց տված կեղծ ցուցմունքներից: Ահաբեկչական արշավի այս ֆոնին առանձնապես խոսուն է Արարատի մարզի Խորվիրապ գյուղի բնակիչ Խաչիկ Դավթյանի հետ կատարվածը: Խաչիկ Դավթյանը մարտի 1-ին վարչախմբի կողմից կազմակերպված սպանդի ժամանակ «Չերյոմուխա 7» տեսակի հատուկ միջոցից վիրավորված քաղաքացիներից մեկն է: Մայիսի 13-ի առավոտյան նա հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն` ՀԿ քննիչ Գորիկ Հովակիմյանի մոտ հարցաքննության: Սակայն նրա հետ պաշտոնապես հարցաքննություն տեղի չի ունեցել, գրավոր արձանագրություն չի կազմվել: Քննիչի մոտ Խաչիկ Դավթյանը շուրջ 3 ժամ փաստաբանի հետ միասին հոգեբանական ճնշման է ենթարկվել. նրան փորձել են ահաբեկել, սպառնացել են կալանավորել, եթե նա հրապարակավ չհրաժարվի Մարտի 1-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում եւ Փաստահավաք խմբում իր պատմածներից: Իշխանությունների կողմից Խաչիկ Դավթյանի նկատմամբ սկսված հետապնդման հիմնական պատճառն այն է, որ նա մարտի 1-ին ականատես է եղել քաղաքացու սպանության դեպքի, որը պաշտոնապես արձանագրված չէ: Նրա նկատմամբ վերսկսված հետապնդումներն ու ահաբեկչությունը չարձանագրված սպանության վկա ականատեսին լռեցնելը եւ սպանությունը թաքցնելն է: Վերջին օրերին Խաչիկ Դավթյանը մի քանի անգամ հրապարակավ հայտարարել է նաեւ, որ դեռեւս 2008 թ. մայիսի 17-ին, երբ ինքը հրավիրված է եղել ՀՔԾ մարտի 1-ի դեպքերի առնչությամբ հարցաքննության` քննիչ Գորիկ Հովակիմյանի մոտ, վերջինիս ներկայությամբ անհայտ անձը նրա նկատմամբ բռնություն է կիրառել: Գլխավոր դատախազությունը պարտավոր է ընթացք տալ մամուլում հրապարակված այս տեղեկություններին, պատասխանատվության ենթարկել քննիչ Գորիկ Հովակիմյանին եւ միջոցներ ձեռնարկել նրա հետ 2008թ. մայիսի 17-ին եղած անձի ինքնությունը պարզելու եւ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Հայ ազգային կոնգրեսը իշխանություններից պահանջում է դադարեցնել բոլոր վկաների ու մասնավորապես Խաչիկ Դավթյանի նկատմամբ սկսված հանցավոր հետապնդումը: Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովից պահանջում ենք միջոցներ ձեռնարկել եւ ապահովել իրենց հանձնաժողով հրավիրված մարտի 1-ի ականտեսի անվտանգությունը ու թույլ չտալ նրան նկատմամբ հետապնդումներ իրականացնել: ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը պարտավոր է նաեւ հետամուտ լինել, որպեսզի քրեական պատասխանատվության ենթարկվեն Խաչիկ Դավթյանի նկատմամբ խոշտանգումներ կիրառած անձինք, ինչի մասին նա պատմել է նաեւ այդ հանձնաժողովի աշխատանքային խորհրդակցության ժամանակ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter