HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստան. սահմանմերձ ջրամբարի աղտոտումն անհանգստացնում է

Կարեւորագույն նշանակություն ունեցող ջրային ռեսուրսի էկոհամակարգի ապագան մեծապես կախված է Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների վերականգնումից Հայ բնապահպանների խոսքերով` Թուրքիայի հետ սահմանի վրա գտնվող կարեւոր ջրամբարը գնալով աղտոտվում է` վնասակար դառնալով այդ ջրով ոռոգվող գյուղամթերքից օգտվող մարդկանց առողջության համար: Ախուրյանի ջրամբարը կարեւոր ռեսուրս է հանդիսանում ե’ւ Հայաստանի, ե’ւ հարեւան Թուրքիայի համար: Ջրամբարի ծավալը 525 մլն մ3 է, որը թույլ է տալիս ոռոգելու 104 հազար հա գյուղատնտեսական հանդակներ ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում: 1980 թ.-ին շահագործման հանձնված ջրամբարը շուրջ 20 կիլոմետրանոց ջրային սահման էր երկու երկրների միջեւ: Դեռեւս մի քանի տարի առաջ ջրամբարի էկոհամակարգի հետազոտություններից հետո հայ բնապահպանները առաջին անհանգստացնող փաստերն արձանագրեցին: Նրանց պնդմամբ` ջրային համակարգը աղտոտված է ծանր մետաղներով եւ զանազան թունավոր նյութերով: Մատնացույց անելով թուրքական իրենց գործընկերների հետ համագործակցության բացակայությունը` հայ բնապահպանները նշում են, որ դժվար կլինի դրական արդյունքների հասնել այս հարցում: Բավական է նշել, որ ծանր մետաղների համար գոյություն չունեն ինքնամաքրման մեխանիզմներ: Նրանք միայն տեղափոխվում են մեկ բնական միջավայրից մյուսը` փոխազդելով տարբեր տեսակի կենդանի օրգանիզմների հետ` ամենուրեք թողնելով ոչ նկատելի, բայց չափազանց վնասակար հետեւանքներ: «Մեր կատարած հետազոտությունների արդյունքում լճում հայտնաբերվել են որոշ ծանր մետաղների փոքր չափաբաժին: Դրանք չի կարելի թերագնահատել»,-ասում է Ախուրյանի ջրամբարի տարածքում ուսումնասիրություններ իրականացրած խմբի ղեկավար Լեւոն Մարտիրոսյանը, ով Գյումրիում «Գեոֆոն» բնապահպանական կազմակերպության հիմնադիրն է, - «ծանր մետաղները կարող են ոռոնման ջրի միջոցով թունավորել պարենային մշակաբույսերը, նշածս թունավոր նյութերը կուտակվում են նաեւ ձկների հյուսվածքներում»: Ծանր մետաղները եւ նրանց միացությունները մարդու օրնանիզմ են թափանցում բերանով, մաշկով եւ լորձաթաղանթներով, իսկ հեռացվում են օրնանիզմից երիկամների, լյարդի, ստամոքսի եւ աղիների լորձաթաղանթների, քրտնանեղձերի եւ թքանեղձերի միջոցով: Արտազատման ժամանակ առաջանում է այդ օրնանների ախտահարում: Սնդիկով եւ կապարով թունավորումների ժամանակ ամենաբնորոշը ստոմատիտն է, որը դրսեւորվում է լնդերի ախտահարումով, խոցոտումով եւ արյունահոսությամբ: Արսենով եւ պղնձով թունավորումների ժամանակ ավելի հաճախ նկատվում է ստամոքսաղիքային ուղու լորձաթաղանթի այրվածք, զարնանում է էկզոտոքսիկ շոկ: Արյան տոքսիկ ախտահարումներն ուղեկցվում են հեմոլոիզով եւ անեմիայով: Ջրամբարի էկոհամակարգի հետազոտությունները, Լեւոն Մարտիրոսյանի խոսքերով, սկսվել են ծիրանից: Ֆրանս-շվեյցարական համատեղ մի կազմակերպություն Արագածոտնի մարզում գնել էր 60 հա ծիրանի այգի եւ պատրաստվում էր ծիրանի չիր արտահանել, ու որպեսզի փաթեթի վրա նշվեր, որ այն էկոլոգիապես մաքուր արտադրանք է, ապա պիտի ուսումնասիրվեր ոռոգման ջուրը: Այդպիսով, 2002-ին սկվեցին ջրամբարի էկոհամակարգի ուսումնասիրման աշխատանքները: Սկսելով հետազոտությունները, հայ մասնագետները շատ շուտով հասկանում են, որ այն միակողմանի է լինելու: Նրանց համար անհայտ էր մնում, թե Թուրքիայի տարածքից ինչ քանակության վնասակար տարրեր են մուտք գործում ջրամբար եւ դրանց սեզոնային դինամիկան: Պարզվում է, դեռեւս անցյալ դարի 80-ականներից,վաղ գարնանից մինչեւ խոր աշուն, գրեթե ամեն ամիս, կոնկրետ Ախուրյանի ջրամբարից իրականացվելիք ջրթողման կապակցությամբ, Ջրափի գյուղում, բանակցություների համար նախատեսված վայրում, հանդիպում են հայ եւ թուրք մանագետները: Նրանք ընդամենը քննարկում են, թե որքան ջուր պիտի բաց թողնել ոռոգման նպատակով: Այլ խնդիրներ այս հանդիպումների ժամանակ առաջ չի քաշվում: Երկու երկների բնապահպանների միջեւ պետական համագործակցության եւ տեղեկատվության փոխանակման բացակայության պայմաններում, Մարտիրոսյանը ստիպված էր եղել անձնական այցով Թուրքիա` մի շարք կապեր ձեռք բերելու նպատակով: «Ես որպես զբոսաշրջիկ 2004-2005թթ-ին 3 անգամ այցելել եմ Կարս, որովհետեւ մեր հետազոտությունների հետ կապված պաշտոնական այցը բացառվում էր,-պատմում է Լեւոն Մարտիրոսյանը,-փորձում էի որեւէ կազմակերպություն գտնել, որ զբաղվում է էկոլոգիական խնդիրներով կամ այդ հարցերով շահագրգիռ մարդկանց: Եվ ինչ…անգամ հասարակական կազմակերպություն չգտա, որի հետ հնարավոր կլիներ իհարկե ոչ ֆորմալ տարբերակով համագործակցություն սկսել»: Կարսում եղած ժամանակ Լեւոն Մարտիոսյանը բավական անհանգստացնող մի փաստ է արձանագրում: Քաղաքում գործում էր կաշվի մշակման գործարան,իսկ քաղաքից դուրս, շաքարի մեծ գործարան էր կառուցվել: Լ.Մարտիրոսյանը չի բացառում, որ այս գործարանների թափոնները քաղաքի միջով հոսող Կարս գետը հասցնում է Ախուրյանի ջրամբար: Մեկ այլ անհանգստացնող երեւույթը կենցաղային աղբն է, որ իր հետ բերում է Ախուրյան գետը հայկական կողմից: Գյումրի քաղաքի կոյուղաջրերն եւս Գյումրի գետակը ցավոք հասցնում է ջրամբար,իսկ թե ինչ տիպի թափոններ է ջրամբար հասցնում Կարս գետը, իրենք չգիտեն: Հայ էկոլոգների պնդմամբ, անհրաժեշտ է ընդարձակել հետազոտությունների շրջանակը` աշխատանքները տեղափոխելով հարեւան երկրի տարածք: Տարեկան դինամիկայով մանրակրկիտ ուսումնասիրել Ախուրյանի ջրամբարի ինչպես ջուրը, գրունտը, միկրոֆլորան եւ միկրոֆաունան, այնպես էլ այդ շրջանում աճող բուսականությունը, հատկապես ջրավազանի ջրով ոռոգվող գյուղատնտեսական մշակաբույսերը: Համարյա կես դարի պատմություն ունեցող ջրամբարը եղել է Թուրքիայի եւ Խորհրդային Միության երբեմնի բարեկամական հարաբերությունների պտուղը: Ախուրյանի ջրամբարի շինարարության մասին համաձայնագիր ստորագրվել էր 1963թ-ի ապրիլի 25-ին խորհրդային-թուրքական խառը հանձնաժողովի կողմից: Ըստ այդ համաձայնագրի պիտի կարգավորվեր Ախուրյան, Կարս, Կարախան եւ Չորլի գետերի հոսքը: Բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող «Հայէկոմոնիթորինգ» կենտրոնի լաբորատոր հետազոտությունների բաժանմունքի վարիչ Սեյրան Մինասյանն, ով 2002թ-ից մասնակցել է Ախուրյանի ջրամբարի էկոհամակարգի ուսումնասիրման աշխատանքներին, ավելի լավատեսական է մոտենում խնդրին: Նա պնդում է, որ վիճակն այնքան էլ անհանգստացնող չէ, հատկապես ծանր մետաղների առումով, դրանք սահմանված ցուցանիշները չեն գերազանցում: Սեյրան Մինասյանը համամիտ չէ այն մտքի հետ, թե Թուրքական կառավարությանը չեն հետաքրքրում ջրային ռեսուրսների աղտոտվածության խնդիրը: «Մենք տեղյակ ենք, որ թուրքական կառավարությունը ջրի մոնիթորինգ անցկացնում է, պարզապես երկրի արեւելյան հատվածում գտնվող ջրային տարածքների ուսումնասիրման վրա գերադասում է փող չծախսել: Այսինքն եւ Արաքս գետը, եւ Ախուրյանի ջրամբարը նրանց հետաքրքրում են, ոչ թե որակական, այլ միայն քանակական առումով, այսինքն ոռոգման նպատակով օգտագործվող ջրի քանակն է միայն նրանց հուզում», -բացատրում Ս. Մինասյանը: Իսկ ինչ մնում է հայկական կողմին, ապա Բնապահպանության նախարարության պատվերով «Հայէկոմոնիթորիգ»-ի աշխաատակիցները 2006թ-ից պարբերաբար ստուգումներ անցկացնում են ջրամբարում: Սեյրան Մինասյանի փոխանցմամբ` նմանատիպ ուսումնասիրությունները բավական թանկ արժեն եւ անգամ հարուստ երկրներում մոնիթորինգի խմբերը ընդհատումներով են ուսումնասիրություններ կատարում, այսինքն ոչ ամեն տարի, այլ երբ դրա անհրաժեշտությունը զգացվում է: Միացյալ Նահանգներում եւ Եվրոպայում գործող գետերի վերահսկման շատ խմբեր հաջողությամբ ներգրավում են համայնքի անդամներին հետազոտական եւ վերահսկողական աշխատանքների մեջ: Այդ խմբերը կազմվում են հիմնականում դպրոցականներից եւ գետերի կամ ջրամբարների մոտ գտնվող բնակավայրերում բնակվող մարդկանցից: Նրանց համար կազմակերպվում են դասընթացներ, տրվում են որոշակի գիտելիքներ ջրի եւ շրջակա միջավայրի աղտոտվածության մարդու վրա ունեցած ազդեցության մասին: Խմբերում ընդգրկվածներն իրենց դիտարկումները պարտավորվում են փոխանցել բնապահպաններին: Ստացվում է, որ մարդիկ մեխանիկորեն դադարում են աղտոտել շրջակա միջավայրը: Հայ հետազոտողների համար եվրոպական երկրների փորձը Հայատանում ներդնելու հարցը որքան էլ որ կարեւորվում է, այնուամենայնիվ առաջնային խնդիրը թուրքական կողմի հետ ջրամբարի ջրի եւ նրա ավազանի պահպանման, բարելավման վերաբերյալ երկխոսություն սկսելն է: Իսկ Գյումրիի Կովկասյան կենտրոնի նախագահ Արտուշ Մկրտչյանն 9 տարի է ինչ զբաղվում է հայ-թուրքական հարաբերություններով, իրականացնում ծրագրեր, որոնք ուղղված են եղել հիմնականում երկխոսության կառուցմանը սահմանի այս ու այն կողմ գտնվող հասարակությունների միջեւ: Արտուշ Մկրտչյանն ի սկզբանե վստահ է եղել, որ սահմանը բացվելու է: Իր լավատեսությունը բացատրում է Եվրամիության վարած քաղաքականությամբ. «Թուրքիայի փորձերը մտնել Եվրամիության կազմի մեջ, Հայաստանի տնտեսական եւ ազգային շահը, բոլորը գալիս էին ասելու էն մասին, որ սահմանը մի օր պիտի բացվի», - ասում է Ա.Մկրտչյանը: Նա նշում է, որ վորջին տարիներին նաեւ ակտիվացել են երկու երկրների առեւտրական կապերը: Նա օրինակ է բերում 2007-ին ստորագրված համաձայնագրի արդյունքում սկսված Գյումրիի, Նինոծմինդայի եւ Կարսի պանրագործների համատեղ աշխատանքը: Արդյունքում, 2008-ի մայիսին Գյումրիում ստեղծվեց մի նոր` «Կովկասյան» պանրատեսակ, որի փաթեթի վրա գրված է, որ արտադրված է հենց այդ երեք քաղաքներում: Այս համագործակցությունը Հայաստան բերեց վրացական եւ թուրքական մասնագետներին: Ներկայում էլ աշխատանքներ են տարվում Կապադովկիայի եւ Արարտյան դաշտի գինեգործների հետ համատեղ Կովկասյան փիկետ գինիների տեսականու, նոր շուկաների ստեղծման ուղղությամբ: Երկու երկրների միջեւ, Արտուշ Մկրտչյանի դիտարկմամբ, առեւտրային հարաբերությունները միշտ էլ ակտիվ են եղել: Ներկայում Հայաստանի ու Թուրքիայի միջեւ շուրջ 100մլն դոլարի ապրանքաշրջանառություն է իրականացվում: Միաժամանակ, Արտուշ Մկրտչյանը չի ժխտում, որ իրենք էլ են ունենում խնդիրներ, երբ փորձում են պետական կառույցներին առավել մոտ գտնվող կամ առավել խոշոր բիիզնեսմենների հետ երկխոսություն սկսել: Նման դեպքերում թուրքական կողմն  առավել զգուշավոր է ու առավելագույնս փակ շփումներում: Իսկ ինչ վերաբերում է բնապահպանական խնդիրներին, Արտուշ Մկրտչյանը կարծում է, որ դրանք մեծապես կախված են ներկայիս հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ջանքերի հաջողությունից կամ դրանց ձախողումից: «Ջրային ռեսուրսները պետական սեփականություն են, նշանակում է խնդրի առնչությամբ միմյանց հետ պիտի շփվեն տվյալ դեպքում Հայաստանի եւ Թուրքիայի կառավարությունները, իսկ այս երկու երկրները, պատկերավոր ասած, միմյանց համար գոյություն չունեն, կնշանակի հարցն էլ կմնա բաց այնքան ժամանակ, քանի դեռ չեն հաստատվել դիվանագիտական հարաբերություններ», - մեկնաբանում է Կովկասյան կենտրոնի նախագահը: «Գեոֆոն» բնապահպանական կազմակերպության ղեկավար Լեւոն Մարտիրոսյանի կարծիքով` ներկա պայմաններում, երբ երկու երկրների կառավարությունների մակարդակով հնարավոր չէ էկոհամակարգի խնդիրներ լուծել, ապա միակ հույս մնում են միջազգային կառույցները: Պիտի փորձել հարեւան պետության հետ երկխոսություն սկսել որեւէ միջազգային բնապահպանական կազմակերպության կամ այլ շահագրգիռ կառույցի միջոցով,ինչպես դա հիմա արվում է Շիրակի մարզի հյուսիսում գտնվող Արփա լճի հետ կապված: 2006թ-ից WWF-ի գերմանական եւ հայաստանյան գրասենյակները ՀՀ Բնապահպանության նախարարաության հետ համատեղ իրականացնում են «Հայաստանի եւ Ջավախքի շրջանում պահպանվող տարածքների ստեղծում» ծրագիրը, որը ֆինանսավորում է Գերմանիայի կառավարությունը գերմանական զարգացման բանկի (KFW) միջոցով: Ծրարի նպատակն է պահպանել Հայաստանում Ջավախք-Շիրակ սարահարթի կենսաբազմազանությունը եւ աջակցել Շիրակի մարզի համայնքների կայուն զարգացմանը «Արփի լիճ» ազգային պարկի ստեղծման եւ դրա պահպանման գոտու ծրագրի իրականցման միջոցով: Անդրսահմանային այս ծրագրում ի սկզբանե ընդգրկված են եղել Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը: Ադրբեջանը հրաժարվել է մասնակցությունից եւ այժմ քննարկվում է մեկ այլ հարեւան պետության` Թուրքիայի ծրագրում ընդգրկման հարցը, քանի որ ընտրված տարածքը սահմաններ ունի նաեւ այս պետության հետ: Հողօգտագործման գծով միջազգային փորձագետ Գոյեց Շուերհոլցի պնդմամբ եվրոպական շատ երկրներ շահագրգռված են, որպեսզի ստեղծվեն ջրային պահպանվող տարածքներ: «Եթե դիտենք էկոլոգի տեսանկյունից, ապա սահմաններ, որպես այդպիսին գոյություն չունեն, քանի որ տեղաշարժերը, թե կենդանիների, թե բույսերի, բնության մեջ մշտական բնույթ են կրում»,-ասում է Գոյեց Շուերհոլցը: Նրա խոսքերով` այսպես կոչված «խաղաղության պարկերե-ի` օտարացած հարեւան երկրների սահմաններով անցնող ազգային պարկերի ստեղծման ծրագրերը «կթուլացնեն երկրների միջեւ լարվածությունն ու կնպաստեն երկխոսության»: «Կարծում եմ, եթե Ախուրյանի ջրամբարի հետ կապված նմանատիպ ծրագիր սկսի գործել, ապա դա միմիայն նպաստելու է երկու երկրների միջեւ բարեկամական կապերի հաստատմանը»: Երանուհի Սողոյանը, Գյումրի: Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի Կովկասյան լրատու պարբերականից:  (www.iwpr.net)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter