HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ղարաբաղի աչքերում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ձնհալը կասկածելի է

Վերջերս երկու արդեն միմյանց օտար հարևանների ջերմացող հարաբերությունները Լեռնային Ղարաբաղում տարակուսանքով են ընդունվում: Լեռնային Ղարաբաղում այսօր թեժ քննարկման թեմա է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հնարավոր վերականգնումը, սահմանի վերաբացումը, և թե այդ ամենն ինչ նշանակություն ունի մարդկանց համար: Ապրիլի 23-ին Հայաստանը և Թուրքիան` Շվեյցարիայի միջնորդությամբ, հայտարարեցին այսպես կոչված ճանապարհային քարտեզի մասին, որն ուղղված է 1993թ-ին Թուրքիայի կողմից վերջ դրված հարաբերությունների կարգավորմանը: Լեռնային Ղարաբաղի քաղաքական կուսակցությունները, ՀԿ-ները և տեղական իշխանություններն արձագանքել են, որ հայ-թուրքական հարաբերությունները չեն կարող լուծվել` առանց հաշվի առնելու ղարաբաղյան հակամարտությունը: Նրանք ասում են, որ սահմանի, 1915 թ.-ի հայոց ցեղասպանության ճանաչման և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրները պետք է լուծում ստանան մեկ փաթեթով: Ղարաբաղյան հակամարտության սկցբից Թուրքիան, որը բուռն կերպով վիճարկում է 1915թ-ի սպանությունների մասշտաբի և ցեղասպանություն տերմինի կիրառման շուրջ, հայտարարեց իրեն Ադրբեջանի «մեծ եղբայր» և 1993-ին իրականացրեց Հայաստանի շրջափակում: Շատ հայեր թուրքերին և ադրբեջանցիներին նույն ազգն են համարում` երկուսին էլ կապելով 1915-ի ահավոր դեպքերի հետ: Այդ պատճառով էլ Լեռնային Ղարաբաղի քաղաքագետները եւ փորձագետները Հայաստան-Թուրքիա հարաբերությունները և Ղարաբաղի հարցը դիտում են որպես մեկ ընդհանուր խնդիր: «Ղարաբաղի համար իրավիճակն այնքան էլ հստակ չէ, քանզի մենք Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները դիտարկում ենք մեկ գծի վրա», - IWPR-ին ասաց անվտանգության հարցերով տեղական փորձագետ Հրաչյա Արզումանյանը: Արզումանյանն ասում է, որ Ղարաբաղում խիստ զարմացել էին, երբ իմացան, որ Հայաստանն ու Թուրքիան համաձայնության են եկել ճանապարհային քարտեզի հարցում` ձգտելով բարելավել հարաբերություններն անմիջապես ապրիլի 24-ից առաջ, երբ հայերն ավանդապես նշում են 1915թ. դեպքերը: Նրանք այդ օրը ակնկալում էին լսել «ցեղասպանություն» բառը Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի ուղերձում: Իր նախընտրական արշավի ժամանակ վերջինս խոսք էր տվել չխուսափել այդ բառից: Փոխարենը, միջոցառման ժամանակ, Օբաման օգտագործեց հայերեն «մեծ եղեռն» արտահայտությունը, որը նշանակում է ջարդ: «Հիմա դա իսկական հաղթաթուղթ է [ամերիկացիների համար]`խուսափելու ցեղսպանության ճանաչումից», - շարունակեց Արզումանյանը: «Մյուս տարօրինակ բանն այն է, թե արդյո՞ք Թուրքիան դիմել է հարաբերությունները ջերմացնելու քայլին առանց նախապայմանների, թե՞ Ղարաբաղը պետք է վճարի սրա համար»: Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի մամլո ծառայության ղեկավար Դավիթ Բաբայանը չի կարծում, որ հանրապետությունը կզոհաբերվի թուրք-հայկական հաշտեցման զոհասեղանին: Ընդհակառակը. «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ձնհալը բացառում է միակողմանի զիջումներն Ադրբեջանին», - ասաց նա: «Թուրքիայի շահերից է բխում Հարավային Կովկասում աշխարհքաղաքական կարեւոր ուժ դառնալը, բայց նա պետք է անի դա առանց նախապայմաններ առաջ քաշելու, քանի որ դա խափանում է ողջ գործընթացը», - շարունակում է նա: Մամլո խոսնակը նշեց, որ Ադրբեջան-Ղարաբաղ հակամարտությունում, եթե ուժերի բալանսը լինի հակառակ Ղարաբաղի շահերի, «այն սպառնում է ոչ միայն մեզ, այլև Հայաստանին: Հայաստանի իշխանությունները գիտեն այդ մասին, և ես կարծում եմ, որ [խաղաղության] գործընթացը շահավետ է և' բոլոր հայերի համար, և' Ղարաբաղի անկախության»: Ոչ բոլորն են համոզված, որ Լեռնային Ղարաբաղը կշահի Երևանի և Անկարայի հարաբերությունների կարգավորումից: «Այժմ` ցեղասպանության տարելիցի նախօրեին, ես դեմ եմ սահմանի բացմանը, և վախենում եմ, որ այս քայլին դիմելով` Հայաստանի դիվանագիտությունը կորցնում է իր դիրքերը», - ասել է Արցախում Հայաստանի հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը (Լեռնային Ղարաբաղի հայկական անվանումը): Իշխանյանն ասաց, որ Ադրբեջանն ու Թուրքիան միասնական հակահայկական քաղաքականություն են վարում: «Այժմ ժամանակն է վերաբացել «Ղարաբաղի ճակատը» դիվանագիտության մեջ և միավորել սփյուռքի, Հայաստանի և Ղարաբաղի ուժերը համընդհանուր նպատակներին հասնելու հարցում», - ասել է Իշխանյանը: Մինչ այդ, Եղեռնի 94-ամյակը ապրիլի 24-ին նշվեց Ղարաբաղում ակտիվ և մարդաշատ հավաքներով: Ողջ գիշեր վառվում էին մոմերը, իսկ երիտասարդական կազմակերպությունները ջահերով երթ էին կազմակերպել, որն էլ ավարտվեց Թուրքիայի դրոշի այրմամբ` չնայած օրինապահ մարմինների` դեմ լինելուն: Չնայած անձրևոտ եղանակին` Լեռնային Ղարաբաղի բազմաթիվ բնակիչների էին հավաքվել մայրաքաղաք Ստեփանակերտում` ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալիրի մոտ: «Այս տարի` հատկապես ելնելով վերջին քաղաքական զարգացումներից, մեծ պատրաստակամություն եմ ցուցաբերել մասնակցելու ցեղասպանության տարելիցին և ասել ամբողջ աշխարհին այն ճանաչելու անհրաժեշտության մասին», - ասաց Անուշ Գավարյանը`Երիտասարդ քաղաքական վերլուծաբանների ակումբից: «Հայաստանը չէր Թուրքիայի հետ սահման փակողը, այլ հակառակը: Թուրքիան Հայաստանի դեմ գործեց և դեռ փորձում է նախապայմաններ դնել»: Չսատարելով ներկայիս հաշտեցման գործընթացին` Գավարյանն ասում է, որ վախենում է 1920թ. դեպքերի կրկնությունից, երբ Ռուսաստանն ու Թուրքիան «ելնելով իրենց շահերից` որոշեցին զոհաբերել հայերին և միգուցե ամբողջ Ղարաբաղը»: Գավարյանը վերհիշեց Ստալինի որոշումը`գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը թողնել Ադրբեջանի սահմանում: Սոցիալական արդարություն կուսակցության առաջնորդ Կարեն Օհանջանյանն ասաց IWPR-ին, որ տեղաբնակներն իրենց զգում են դիվանագիտական վերջին իրադարձությունների լուսանցքից դուրս: «Հասարակությունը ոչ մի գաղափար չունի ոչ ճանապարհային քարտեզի, ոչ էլ Հայաստանի և Ռուսաստանի նախագահների` ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունների մասին», - ասաց Օհանջանյանը: Վերջերս Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հանդիպել է Հայաստանի իր գործընկեր Սերժ Սարգսյանին Մոսկվայի մերձակայքում` էներգետիկ համագործակցությունն ու Ղարաբաղի հակամարտությունը քննարկելու: «Հուսով եմ, որ մեր առջև չի դրվի ոչ մի նախապայման, այլապես, հանդիսանալով Լեռնային Ղարաբաղի ամենահզոր կուսակցությունների առաջնորդներից մեկը` ես քայլեր կձեռնարկեմ` մեծ թվով մարդկանց դուրս բերելու Ղարաբաղի անվտանգության համակարգում փոփոխությունները կանխելու նպատակով», - ասաց Օհանջանյանը: «Ղարաբաղը չի կարող զիջել ոչ մի տարածք` ի վնաս իր բնակչության ազգային և ֆիզիկական անվտանգությանը»: Լեռնային Ղարաբաղի բոլոր քաղաքական կուսակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով կոչ են անում միջազգային հանրությանը ճանաչել 1915թ-ի ցեղասպանությունը և հանրապետության անկախությունը: Խորհրդարանի Ժողովրդավարության ֆրակցիայի ղեկավար Վահրամ Աթանեսյանի խոսքերով «վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ Ռուսաստանը և Թուրքիան փորձում են լուծել Հարավային Կովկասի խնդիրները` ելնելով իրենց շահերից»: Նա կոչ արեց Լեռնային Ղարաբաղի քաղաքական գործիչներին «հիշեցնել միջազգային հանրությանը և միջնորդներին, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Հարավային Կովկասը ազդեցության գոտիների բաժանելով` անընդունելի է: «Ցանկացած լուծում, որը չի նախատեսում մեր անկախությունը մեր սահմաններում, անընդունելի է մեզ համար»: Լեռնային Ղարաբաղի Արտաքին Քաղաքականության և Անվտանգության Խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը ավելի հեռատեսորեն է մոտենում հարցին: Նա Հայաստանի, Թուրքիայի և Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարների միասնական հայտարարությունը ճանապարահային քարտեզի վերաբերյալ համարում է ավելի ձեռնտու Թուրքիայի համար: «Եթե Թուրքիան իրոք ձգտում է տարածաշրջանում առաջնակարգ դիրքերի, նա չպետք է մնա Ադրբեջանի անիմաստ նկրտումների գերին», - ասում է նա: Մայիլյանը հույս հայտնեց, որ Անկարայի ավելի «պրագմատիկ վերաբերմունքը» Հայաստանի հանդեպ կվերականգնի դիվանագիտական հարաբերությունները և կտանի դեպի սահմանի վերաբացման: «Այս քայլերը կարող են Ադրբեջանին հուշել մեղմացնել իր դիրքերը` ավելի կառուցողական տեսակետի հանգեցնելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում», - ասաց նա: Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը նույնպես կողմ է Թուրքիայի հետ հարաբերությունները վերականգնելու Երևանի ձգտմանը: «Սակայն այս ամենից թվում է, թե Հայկական կողմն ավելի շահագրգռված է սահմանի վերաբացման հարցում [քան Թուրքիան]», - ասում է նա: Բայց Ղուլյանը, այնուամենայնիվ, համարում է հարաբերությունների ջերմացումը փոխշահութաբեր և ավելացնում է, որ այն չպետք է դադարեցնի 1915թ-ի ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը: «Հայ-թուրքական սահմանի բացումը երկու կողմերին էլ անհրաժեշտ է», - ասում է նա: «Բայց քանի որ նախկինում ասում էին, որ հաշտեցման գործընթացը ոչ մի նախապայման չպետք է ունենա, հետևաբար հայկական ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերը չեն կարող որևէ ազդեցություն ունենալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա»: Մինչ այդ, հազարավոր առևտրականներ, ովքեր վաղուց արդեն վայելում են Հայաստանի և Թուրքիայի միջև ոչ պաշտոնապես բաց սահմանը, և ովքեր Թուրքիայից գնված ապրանքները վաճառում են Լեռնային Ղարաբաղում, հետաքրքրությամբ են հետևում իրադարձությունների զարգացմանը: «Ես յոթ տարի շարունակ գնացել եմ Թուրքիա` ապրանք բերելու, և, ճիշտն ասած, այնտեղ երբեք որևիցե խնդիր չեմ ունեցել», - IWPR-ին ասաց խանութներից մեկի տերը` Մարթա Արզումանյանը: Ճանապարհային քարտեզի օգտին խոսող Արզումանյանն ավելացրեց. «անձամբ ես կարծում եմ, որ սահմանի բացումը մեր գործն ավելի կհեշտացնի և հարկերն էլ կնվազեցնի»: Կարինե Օհանյան, Ստեփանակերտ: Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի Կովկասյան լրատու պարբերականից:  (www.iwpr.net)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter