
«Ես, օրինակ, եթե հանդիպեի Սերժ Սարգսյանին, կասեի. «Մենք այնքան կարևոր խնդիր դրեցինք Ձեր առջև, որ Դուք` պրն նախագահ, հասկանաք, որ պիտի շատ ուշադիր և դանդաղ շտապելով մոտենալ նրան, ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին»: Հիմա, դուք գիտեք` ահագին մի հատված կա, որը շատ խանդավառ է հայ-թուրքական հարաբերությունների հարցում»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, գրող Ալվարդ Պետրոսյանը:
Վերջինս այս կարծիքն արտահայտեց` անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ երեկ Եվրոպայի հայկական կազմակերպություններն ապրիլի 22-ի «Ճանապարհային քարտեզը» դատապարտող հայտարարություն են տարածել:
Պատգամավորը նշեց, որ Դաշնակցությանն առայժմ չեն պատասխանել, թե ինչի՞ հաշվին և ինչի՞ դիմաց են ընթանում հայ-թուրքական բանակցութունները:
Ասուլիսի մյուս բանախոսը` Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, ասաց, որ եթե «Ճանապարհային քարտեզում» վտանգավոր կետեր չկան, ապա հասարակությանը հանգստացնելու և նոր կրքեր չբորբոքելու համար իշխանության առաջին քայլը պետք է լիներ դրա գաղտնազերծումը:
Ալվարդ Պետրոսյանը նաև անդրադարձավ Արցախի հակամարտության խնդրում Թուրքիայի միջնորդության մասին խոսակցություններին:
«Դաշնակցությունը երբեք համաձայն չի լինի, որ Թուրքիան ԼՂ հարցում բանակցային կողմ դառնա: Չեմ հավատում, որ մեր իշխանություններն էլ կհամաձայնեն դրան»,- ասաց պատգամավորը:
Անդրադառնալով քաղաքապետի առաջիկա ընտրություններին` Ալվարդ պետրոսյանն ասաց. «Ես հիշում եմ իմ Երևանը` հոգևոր քաղաքամայր, որտեղ վերածնունդ տեղի ունեցավ, և որը աշխարհի կենտրոն էր դարձել: Եվ իմ այս ասածը բանաստեղծական պատկերավորություն չէ. մշակութային կենտրոններից մեկն էր ԽՍՀՄ հսկայական կայսրության մեջ: Մերձբալթիկայից գալիս էին` հենց միայն Երևանի բացօթյա սրճարաններում նստելու, սուրճ խմելու և բոհեմի հետ շփվելու»:
Ըստ գրողի` ներկայումս Երևան մտած գործարարությունը և բիզնեսը պետք է հակակշռվեն հոգևոր արժեքներով: Նա ասաց, որ այն Երևանը, որն իր սերունդը 19-20 տարեկանում կերտեց «խրուշչովյան հալոցքի» ժամանակ` 1965 թ.-ից հետո, հոգևոր էր: Մայրաքաղաքն այն ժամանակ բաժանված էր մի քանի էլիտար շրջանների, բայց էլիտան փողով չէր պայմանավորված: Օրինակ` «Մոսկվա» կինոթատրոնի տարածքը նկարիչներինն էր և դերասաններինը, «որտեղ մենք գնում էին, որ Երվանդ Քոչարի, Կոստան Զարյանի հետ այդ օդը շնչեինք»:
«Ինչպե՞ս ենք մենք վերակերտելու հոգևոր Երևանը: Այն, ինչ հիմա կա, բացարձակապես հոգեզուրկ է»,- ասաց Ալվարդ Պետրսյանը:
Մինչդեռ այժմ, ըստ բանախոսի, Երևանը դարձել է հարուստների զավակների քաղաք, և ընտրողը քաղաքապետի թեկնածուներին պետք է գործնական հարցեր տա, օրինակ` «Ու՞ր է մեր կորուսյալ Երևանը»:

Լյուդմիլա Սարգսյանը, ով ներկայացնում էր ՀԱԿ-ը, նշեց, որ «թամանյանական կենտրոնը ամբողջովին խեղաթյուրվել է». քաղաքապետարանի թույլտվությամբ բացվել են «խոռոչներ», որոնք վերածվել են խանութների, կառուցապատվել են շենքերի կտուրները` վերածվելով տարբեր կարգի շահութաբեր օբյեկտների, կրճատվել են կանաչ տարածությունները` վերածվելով սրճարանների, և ՀԱԿ-ը պետք է այս խնդիրներին լուծում տա:
«Ոտնահարվել են մարդու` սեփականության նկատմամբ ունեցած հիմնարար իրավունքները: Եկեք հիշենք Կոզեռնի, Հյուսիսային պողոտայի, Նորքի, Դալմայի այգիների տարածքների բնակիչների խնդիրները, թե ինչպես նրանցից կոպեկներով ուղղակի խլվեցին իրենց սեփականությունը, և դրա դիմաց չնչին գումար վճարվեց: Հետևաբար, հաղթանակի պարագայում մենք պատրաստվում ենք վերականգնել սեփականության նկատմամբ նրանց ունեցած իրավունքները»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը:
Նրա խոսքերով` այսօր Հայաստանում չկա մի մարդ, որը կարող է այլընտրանք լինել ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին և «իր հետևից տանել այդքան մեծ բազմություն»:
ՀՅԴ ներկայացուցիչն էլ հակադարձեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հետևից գնում են մարդիկ, որոնք չեն ընդունում գործող իշխանություններին և ՀԱԿ-ից բացի` պարզապես այլընտրանք չունեն. «96թ.-ին ես Վազգեն Մանուկյանին ասացի. «Ես քեզ քվե եմ տալիս, որովհետև այլընտրանք չունեմ: Ես քեզ հետ էլ համաձայն չեմ»: Լևոնի հետևից ևս ժողովուրդը չի գնում այն պատճառով, որ հավատում է իր գաղափարներին»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել