
Բագրատաշենի անցակետում նորից հերթեր են
Իսկապես անհասկանալի է, թե պաշտոնյաները, ծառայողները ինչո՞ւ չեն սիրում իրենց քաղաքացիներին եւ ամեն ինչ անում նրանց կյանքը բարդացնելու համար: Երեկ առավոտյան` ժամը 11-ին, հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետում նորից հերթեր էին: Վրացական սահմանի մաքսակետն անցնելու համար մեզնից պահանջվեց հինգ րոպե, իսկ Հայաստանի անցակետում` 1 ժամ 15 րոպե:
Հայ սահմանապահին հենց այդպես էլ հարցնում եմ` ինչո՞ւ եք մեր քաղաքացիներին տանջում: Նա ասաց. «Դե վրացիների մոտ էլ են հերթեր, ինչո՞ւ այդ մասին չես ասում»:
Ասում եմ, որ լրագրող եմ եւ տալիս մյուս հարցը, որը վերաբերում է կամրջի վրա կանգնած հսկա բեռնատարներին: Բոլորը բարձված են, յուրաքանչյուրին` 40 տոննայից ավելի բեռ: Մի պահ կամրջի վրա միայն այդ մեքենաներն էին: Սահմանապահին հարցնում եմ. «Գիտեք, որ կամուրջը կարող է փլվել, չի թույլատրվում բեռնված մեքենաների կանգառը կամրջի վրա»: Նա ասաց, որ վրացիների հետ պայմանավորվել են, որ հերթով բաց թողնեն, նրանք բոլորին են բաց թողնում: Ես ասում եմ` վրացիները հերթով են բաց թողել, մերոնք են կուտակել նրանց: Սահմանապահն ասաց. «Լավ, ես ի՞նչ անեմ, այստեղ նախագահի վերահսկողական ծառայությունից աշխատող կա, եկեք նրան ասեք»:
Գնում եմ: Վերահսկողականի աշխատակիցը կանգնած է հենց անցակետի մեջտեղում, փորձում եմ հասկանալ, թե ինչու է նա կանգնել այնտեղ, բայց չի ստացվում: Նույն հարցերը տալիս եմ նրան` ինչո՞ւ եք մեր քաղաքացիներին այս օրը գցում:
Նա զարմացած ասում է` բայց Վրաստանում էլ են հերթեր լինում: Ես ասում եմ` Վրաստանն ինձ չի հետաքրքրում, ես իմ երկրի մասին եմ ուզում իմանալ: Հետո ասաց, որ Վրաստանը մի քանի անցուղի ունի անցակետում, ես պատասխանում եմ, որ մենք բոլորս մի կետից ենք անցել եւ եկել ենք մեր երկրում «կուտակվել», ի՞նչն է պատճառը:
Այս ամսվա ընթացքում երկրորդ անգամ էի Վրաստան գնում, նույն իրավիճակն էր նաեւ անցյալ անգամ: Խնդիրն այն է, որ անցնողների թիվը բնավ էլ մեծ չէր, պարզապես անհասկանալի է, թե ինչու են մեր անցակետում նստած աշխատակիցներն իրենց գործողություններն այդքան դանդաղ, միմյանց հետ զրուցելով, պահի տակ ինչ-որ տեղ «թռնելով» անում:
Ի՞նչն է պատճառը. սրա համար էլ տնտեսական ճգնաժա՞մն է մեղավոր: Իհարկե ոչ. ապաշնհորհ կառավարումն է պատճառը:
Երկիրը չի կառավարվում, երկիրը բարձիթողի վիճակում է, եթե տարիներ շարունակ չեն կարողանում մի անցակետի աշխատանք կարգավորել, նշանակում է` ոչ մի բան էլ չեն կարող կագավորել: Այդ 1 ժամ 15 րոպեն բավարար էր, որպեսզի երկիր մտնող ՀՀ քաղաքացիները «քայքայվեն»:
Մեկնաբանություններ (11)
Մեկնաբանել