HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էրդողանը Բաքու է մեկնել Ադրբեջանի դժգոհությունը վերացնելու առաջադրանքով

azg5Երեկ ավարտվեց Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի Ադրբեջան այցելությունը: Օդանավակայանում նրան դիմավորել էր Ադրբեջանի փոխվարչապետ Աբիդ Շարիֆովը: Ադրբեջանցի լրագրողներն իրենց հարցերով. կարծես Թուրքիայի վարչապետին հուշել էին, որ նրան ծանր հանդիպումներ են սպասում Բաքվում: Իսկ հաջորդ օրը ադրբեջանցի կին պատգամավորները Ղարաբաղից բերած հող էին նվիրել Էրդողանին` ի նշան բողոքի Հայաստանի նկատմամբ պաշտոնական Անկարայի որդեգրած այսպես կոչված` մերձեցման քաղաքականությանը, թե ղարաբաղյան հիմնահարցում դավաճանում է եղբայրական Ադրբեջանին: Վարչապետ Էրդողանը թուրքական հանրային հեռուստատեսության վկայությամբ, Բաքու էր մեկնել վերջ տալու Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները փչացնողների և «մեկ ազգ, երկու պետություն» ասույթը մթագնողների գործունեությանը: Թերևս, դրա համար էլ թուրքական մամուլը նրա այցը համարեց «պատմական»` ընդգծելով, որ նպատակը Ադրբեջանի սիրտը շահելն է: Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների սառնություն այնքան ակնհայտ է, որ դրա բացահայտման համար ավելորդ են այցի արդյունքները կամ նախագահների ասուլիսի մանրամասները: Եթե Ադրբեջանը դժգոհ չլիներ Թուրքիայից, ապա Բաքվի օդանավակայանում Էրդողանին փոխվարչապետի մակարդակով չէին դիմավորի, ոչ էլ կին պատգամավորները նրա դեմ բողոքի ակցիա կկազմակերպեին: Մինչդեռ Թուրքիան նախագահի, վարչապետի, նախկին և նորանշանակ արտգործնախարարների մակարդակով բազմիցս հավաստիացրել է Բաքվին, որ քանի դեռ շարունակվում է ադրբեջանական տարածքների «հայկական օկուպացիան», Հայաստանի հետ սահմանը չի բացվում: Սա նշանակում է, որ ադրբեջանական կողմը չի վստահում թուրքական կողմից, այդ իսկ պատճառով էլ հավաստիացումներին հավատալու փոխարեն շարունակում է դժգոհել: Եթե Էրդողանին չհաջողվի վերացնել Ադրբեջանի դժգոհությունները, ապա կարճաժամկետ հեռանկարում հազիվ թե հաղթահարվի Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների սառնությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter