HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարորդ.«Ինչքան կորած-մլորած միլիցա կա, չիմ էս տարածքում են»

taqsiԱվտոտեսուչները «կողոպուտն»  իրականացնում են Վանաձորից մինչև Ալավերդի ընկած ճանապարհին Ալավերդու ամենածանրաբեռված Կախոյան փողոցում գտնվող «Կատա» խանութների ցանցը, որը նախկին քաղաքային շուկան է եղել, շրջափակված է Թումանյանի տարածաշրջանի գյուղեր մեկնող բազմաթիվ ավտոբուսների և տաքսիների 2 կայանով:  Հատկապես օրվա ժամը 12:00-14:00-ը ճանապարհի այս հատվածը գրեթե անանցանելի է դառնում նաև ավտոմեքենաների համար: Ալավերդու ճանապարհային ոստիկանությունը ամեն օր ականատես է լինում այդ խցանումներին, սակայն գործնականում որևէ միջոց չի ձեռնարկում այստեղ վարորդների անվտանգ երթևեկությունն ապահովելու համար: Մայիսի 9-ին մեզ հետ զրույցի ժամանակ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի պետ, ոստիկանության կապիտան Սմբատ Նորեկյանը նախ համաձայնեց, որ վերոնշյալ պատճառներով մայրուղում ստեղծված ծանրաբեռնվածության հետևանքով ավտոմեքենաների ու հետիոտնի անվտանգ երթևեկությանը վտանգ է սպառնում: Նա ասաց. «Այդ մասին մենք ահազանգել ենք Ալավերդու քաղաքապետարանին: Նրանց կողմից համապատասխան արգելող նշանները տեղադրվելուց հետո մենք համապատասխան կարգ ու կանոն կհաստատենք»: Այնուհետև Ս. Նորեկյանը խնդրեց թեմայի շուրջ մեր զրույցը հետաձգել մինչև երեքշաբթի` խոստանալով առավոտյան ժամը 10-ին հանդիպել ոստիկանությունում և պատասխանել ոչ միայն այս, այլև իր ենթակայության տակ աշխատող պետավտոտեսուչների գործողություններից Ալավերդու վարորդների դժգոհություններին վերաբերվող մեր հարցերին: Նշված ժամին Ս. Նորեկյանը աշխատավայր չներկայացավ, իսկ երբ մեր խնդրանքով իր աշխատակցուհին զանգահարեց, Ս. Նորեկյանը պատասխանեց, որ շտապ մեկնել է Վանաձոր ժողովի և չի կարող մեզ հետ հանդիպել: Ոստիկանության կապիտանը չկայացած հանդիպման համար ներողություն չխնդրեց և այդպես էլ նոր հանդիպում չնշանակեց: gai_140509Իսկ Ալավերդիում վարորդները շարունակում են դժգոհել նրա ենթակայությամբ աշխատող ճանապարհային ոստիկաններից:  «Ամեն մելըչի համար չի կարելի կպչել, դե, կպչում են էլի ամեն սուտի առիթով: Ակտերն, իրենց ասելով, ճիշտ են գրվում, մեր ասելով` չէ: Օրինակ` ռեմենը գցած էս մարդը գալիս ա եղել, կանգնացրել ա, թե ռեմենը գցած չի: Նոր էս մարդը երեխանց անունով երդվել ա, որ բան ա հասկացրել»,- պատմեց վարորդներից մեկը: Մի տուգանված վարորդն էլ պատմեց, որ «իր վրա ակտ են գրել պասաժիրի կողմից ռեմենը չգցելու պատճառով: Մենք լսած չենք, որ դրա համար պասաժիրին տուգանեն. էդ արտասահմանի բան եք ասում: Մի 15 օր առաջ են տուգանել: Կիրովականից էի գալիս»: Ալավերդիում վարորդները միանշանակ այն կարծիքը հայտնեցին, որ պետավտոտեսուչները վարորդներին առավել շատ նեղում են Վանաձոր-Ախթալա մայրուղու վրա: «Ինչքան կորած-մլորած միլիցա կա, չիմ էս տարածքում են: Վանաձորը դուրս եկար, դեպի Երևան բան ասող չկա, էնա էդքան տեղն են մեզ խեղդում: Նոյեմբերյանից գալիս են, Կիրովականից գալիս են, գիտեն` այլ տեղերում մի ավել բան անեն, վարորդները գլուխները կջարդեն, ստի են գալիս»: Վարորդները կարծում են, որ ալավերդցիները խելոք և համբերատար են, այդ պատճառով էլ ոստիկանները ակտերի իրենց պլանները կատարելու համար հավաքվում են Ալավերդու և նրա շրջակա տարածքներում: «Դուք էլ գիտեք, չէ՞, որ Ալավերդու ժողովուրդը գիքորնի են: Թե չէ մինչև հիմի, խի՞ ենք էս օրին»: Թե բացի ամրագոտին չկապելուց` է՞լ ինչի համար են իրենց վրա ակտ գրում, վարորդները ասացին. «Էնա որ էս ավտոյի պոչը մի թիքա թեք լինի, մհանի են ման գալի, տուգանքն էլ մինչև 200 հազար գրում են»: Իրենց օրվա եկամուտի մասին էլ վարորդները ասացին. «Առավոտից էկել ենք կանգնել, մինս ժաժ չենք եկել: Օրվա մեջ մի 500 դրամ, 1000 դրամ փող ենք ունենում: Սոված մարդը տաքսի կնստի՞: Վաբշչե գործ չկա»: Ալավերդցի վարորդները նաև միաբերան նշեցին, թե ճանապարհային որ ոստիկանն է ավելի շատ նեղում իրենց. «Չիմնու նագլին վանաձորցի Կարոն ա: Օր ու մեջ իրա հերթն ա: Մի քիչ վախտ կորած էր, էլի բերին: Կիրովականից մինչև Նոյեմբերյան դրանք են»: Ալավերդու «Հայպետշին» թաղամասի երիտասարդներն էլ խնդրում էին «Հետքին» մի բան անել «գայիչնիկներին» բան հասկացնելու համար: Երիտասարդները դժգոհում էին, որ պետավտոտեսուչներն աչք են փակում ոստիկանության պաշտոնյաների երեխաների ամենախայտառակ խախտումների վրա, իսկ իրենց վրա տեղի-անտեղի ակտ են գրում: Զավեշտական միջադեպեր են տեղի ունենում պետավտոտեսչության և Ալավերդու երթուղային տաքսիների վարորդների միջև Ալավերդի-Երևան երթուղային գծում: Այստեղ էլ ուղևորների ներկայությամբ ճանապարհային ոստիկանների հետ գործ չունենալու համար, վարորդների լարվածությունը անցնում է ռուբիկոնը: Փոխանակ անվտանգ երթևեկությանը հետևելու` վարորդները ավտոմեքենաների «մարգատներով» ու «ռացիաներով» ողջ ճանապարին լարված միմյանց տեղեկացնում են ոստիկանների շարժի մասին: Սակայն երթուղային տաքսիների վարորդները, ի տարբերություն մյուս վարորդների, հաճախ չեն ստորագրում ճանապարհային ոստիկանների կողմից իրենց «մատուցվող» ակտերը, նույնիսկ վիճում են: Երթուղային տաքսիներից մեկի վարորդն էլ օրերս նեղսրտած պատմեց ուղևորներին. «Ալավերդուց Երևան և Երևանից Ալավերդի քշում ենք, մեզ մաքուրով 2500 դրամ է մնում: Դրա վրա դեռ մի բան էլ շատ դեպքերում ավելացնում ենք գայիչնիկների տեղի-անտեղի ակտերի գումարները վճարելու համար: Թե մեր երեխեքին ոնց ենք պահելու` էս պետության խնդիրը չէ»: Ակտ գրելու ամենատարածված պատճառն էլ «գծանցի վրա վազանցն է: Արել ես չես արել, ասում են»: Երթուղային տաքսիների վարորդները ևս կարծում են, որ Երևանից Վանաձոր ճանապարհային ոստիկանները իրենց քիչ են կանգնեցնում, «կողոպուտը» տեղի է ունենում տեղի է ունենում Վանաձորից մինչև Ալավերդի ընկած ճանապարհին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter