«Ռեալ մեխանիզմներ, որպեսզի պաշտոնատար անձիք չզբաղվեն բիզնեսով»
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի ներկայացրած «ՀՀ քրեական օրենսգրքում», «Քաղաքացիական ծառայության մասին» և «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին։ Նշված օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով։ Այս առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Մենք բավական լուրջ քայլ ենք կատարում այս օրենքի նախագիծը հաստատելով, որովհետեւ ՀՀ-ում ներդնում ենք շահերի բացահայտման ինստիտուտ։ Դա ենթադրում է, որ այս օրենքը ստեղծում է ռեալ մեխանիզմներ, որպեսզի պաշտոնատար անձինք` պատգամավորները, նախարարները չզբաղվեն բիզնեսով, բացահայտեն իրենց շահերը, խնդիրները լուծեն իրենց հետ փոխկապակցված անձանց հետ, որպեսզի հանրությունը, հասարակությունը հնարավորություն ունենան վերահսկելու, որ սահմանադրական այդ նորմը այսուհետեւ ՀՀ-ում լիակատար իրացվում է»,-ասել է վարչապետը:
Նա նաև հավելել է, որ այս օրենքը ունի նաեւ հակակոռուպցիոն բովանդակություն. «Մենք ունենք նաեւ այս մեխանիզմները ներդնելու պարտավորություն, ինչը եւ կատարում ենք` այս նախագիծը հաստատելով։ Իհարկե, ապագայում անհրաժեշտություն կլինի հանրային քննարկումներ կազմակերպել այս օրենքի շուրջ, որպեսզի հասարակությունը իրազեկված լինի, թե ինչ մեխանիզմներ ենք մենք կիրառելու։ Համաշխարհային բանկի կարծիքով նպատակահարմար է, որ էթիկայի հանձնաժողովները մեկ միասնական օղակով իրար հետ կապված լինեն։ Այս հարցն է, որ մեր գործընկերների հետ ԱԺ-ում կքննարկենք եւ վերջնական լուծում կտանք։ Սակայն շահերի բացահայտման ինստիտուտը այս օրենքով մենք ներդնում ենք»:
Հաջորդ հարցը վերաբերում է ԱԺ մի խումբ պատգամավորների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին։ Կառավարությունը հավանություն է տվել դրա վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացության, ինչպես նաև ԱԺ նախագահին հասցեագրված նամակի նախագծերին։ Կառավարությունը գտնում է, որ ներկայացված նախագծերի փաթեթը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի և աննպատակահարմար է համարում ներկայացված տեսքով օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը։
Նկատի առնելով Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների միջև պետական օդանավերի հետ կապված ավիացիոն պատահարների հետաքննության բնագավառում համագործակցության իրավական հիմքի անհրաժեշտությունը, ՀՀ կառավարությունը որոշել է համաձայնություն տալ «ԱՊՀ անդամ պետությունների պետական օդանավերի հետավիացիոն պատահարների հետաքննության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Այս մասին տեղեկացնում է կառավարության կայքէջը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել