HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Հյուսիս-հարավ մայրուղու չկառուցված հատվածներում այս տարի աշխատանքներ չեն կատարվի

Արցախի Հյուսիս-հարավ մայրուղու կառուցումը, որը մեկնարկել է 2000 թվականին, դեռեւս չի ավարտվել: 160,3 կմ երկարությամբ ճանապարհը, որի կառուցումը հիմնականում իրականացվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով, անցնում է Ղարաբաղի հինգ շրջաններով եւ Ստեփանակերտ քաղաքով: Այժմ ճանապարհահատվածի երկու ուղղություններում էլ` Ստեփանակերտ-Մարտակերտ եւ Ստեփանակերտ-Հադրութ, դեռեւս չկառուցված հատվածներ կան: Ինչ ճակատագիր կունենա Արցախի ողնաշարը համարվող Հյուսիս-հարավ մայրուղին, ինչու են աշխատանքները դադարեցվել: Այս հարցերի պատասխաններն օրերս Արցախում տվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանը: Նրա խոսքերով, 2 տարի առաջ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում որոշվել է, որ հիմնադրամն ավարտում է Հյուսիս-հարավի ծրագիրն այն փուլում, որում այդ ժամանակ էր: Մայրուղու մնացած բոլոր հատվածների շինարարությունը որոշվեց իրականացնել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի պետական բյուջեների հաշվին: «Անցած տարվա ընթացքում մոտ 1 մլրդ դրամ է հատկացվել, որոնց հաշվին իրականացվել են բազմաթիվ աշխատանքներ, մնացել են մոտ 26 կմ-ի չափով ճանապարհաշինարարության աշխատանքները»,-ընդգծել է Արա Վարդանյանը: Իսկ թե վերջին երկու տարում ԼՂՀ կառավարության կողմից ինչ աշխատանքներ են կատարվել մայրուղու վրա, փորձեցինք ճշտել ԼՂՀ քաղաքաշինության նախարարության ճանապարհների շինարարության եւ շահագործման քաղաքականության բաժնից: Բաժնի պետ Գենադի Հակոբյանը Հետքին տեղեկացրել է, որ աշխատանքներ են իրականացվել Մարտակերտի շրջանի Կիչան-Դրմբոն ( 4,9կմ եւ 2,7կմ) եւ Հադրութի շրջանի Ազոխ-Ծակուռի (8կմ) ճանապարհահատվածներում: «Բոլոր երեք ճանապարհահատվածների կառուցման ծրագրի պայմանագրային գինը 1 մլրդ 85 մլն դրամ է: Կառավարության կողմից փոխանցվել է 856,05 մլն դրամ, իսկ մնացած գումարները պահումներ են, այդ թվում` երաշխիքային ժամկետի համար»,-նշել է Գ.Հակոբյանը: Նշված բոլոր աշխատանքները կատարվել են անցյալ տարի, իսկ այս տարի, բաժնի պետի խոսքերով, ոչ մի աշխատանք չի կատարվել: Նա միաժամանակ տեղեկացրել է, որ ծրագրով նշված ճանապարհահատվածների վրա աշխատանքներ այս տարի չի նախատեսված:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter