
Երբ զանազան նախընտրական հանդիպումներում տեսնում ես սևազգեստ ու կիսաթրաշ տղաների, ովքեր իրար հետ աչքունքով ինֆորմացիա են փոխանակում, ում ագրեսիվ կեցվածքն անգամ հուշում է նրանց նշանակության մասին նույն տեղում, նույն ժամին, հասկանում ես, որ մեր երկրում մի բան այն չէ:
Չի կարող մի երկրում ամեն ինչ կարգին լինել, երբ քո սեփական թաղամասում, անկախ նրանից` ո՞ր քաղաքական ուժի հետ է նախընտրական հանդիպում տեղի ունենում, ճանապարհի երկայնքով շարվում են սարսափազդու կեցվածքով երիտասարդներ, թե իբր, էս թաղը մերն է, ի՞նչ ընտրարշավ, մենք ենք էստեղ որոշումը` ով մտնի, ով դուրս գա: «Էս սարն իմն է, էս ծառն իմն է…»:
Այսինքն` քաղաքական տեխնոլոգիաների մասին այստեղ խոսք անգամ չի գնում, այլ` ուժեղի, «բիլակով» տղերքի, տեղական զոռբայիկների ինքնագործունեության, որոնցից ամեն մեկին այս կերպ պահելու համար մի խանութ, գեղեցկության սրահ, մի փոքրիկ շուկա, հացի վաճառքի կետ գցել են, ու սրանք էլ, ակամա, պարտավորված են էդ «ունեցվածքը» պահելու երաշխիք որպես` մշտապես, նախընտրականից նախընտրական փետուրները ցցել, սրան-նրան ծեծել կամ մի թեթև բռունցք ցույց տալ, «ախպերավարի» մտնել տները, խորհուրդ տալ` «մեր ախպորն» ընտրել:
Այստեղ, խոստովանենք, որ ոչ մի քաղաքական բան էլ չկա, ու սա, ինքներդ էլ գիտեք, միայն ինչ-որ տեղային նշանակության երևույթ չէ այլևս մեզանում, այլ սպառնում է դառնալ համահայկական խաթա: Եվ ինքներդ եք հասկանում, եթե ով պետք է` էդ «ախպերների» սանձերը ձգի, եթե մի փոքրիկ ակնարկով անգամ դա անի, այդ փոքրիկ տեղական «ասլանբալասիները» վախից մկան ծակերը կմտնեն: Ի դեպ, խոսքը ոչ միայն իշխանական ուժերի «ձեռքի տակի» տղերքի մասին է, այլև ընդդիմության, որի ագրեսիվ կանանց ձեռքն ընկնողը հազիվ թե «ցելոստի ի սախրաննոստի» դուրս գա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել