
Վաղուց արդեն հայտնի է, որ Հայաստանում «պետական կառավարման» երկու համակարգ կա. մեկը`երևացող (լեգալ), մյուսը` ստվերային: Ընդ որում` լեգալ համակագի դերը զուտ ձևական է. իրականում այն որևէ լուրջ հարց չի լուծում: Օրինակ, ըստ լեգալ համակարգի, տնտեսությունը ղեկավարում է վարչապետը, կարգուկանոնն ապահովում է ոստիկանությունը, օրենքներն ընդունում է ԱԺ մեծամասնությունը և այլն:
Իրականում սա ընդամենը շիրմա է, արտաքին ֆասադ, իսկ տնտեսության կառավարումը, կարգուկանոնի հաստատումը, «նոր օրենքների ընդունումը» և այլն իրականացնում է ինչ որ անլեգալ կառույց, եթե կուզեք` «սխոդկա», որտեղ և' քաղաքական «պատասխանատուներ» կան (ժողովրդին ջարդելու իմաստով), և' ռեկետի պատասխանատուներ, և' ֆինանսական պատասխանատուներ(«օբշյակի» ապահովման մասով):
Այդ «սխոդկայի» անդամները, բնականաբար, շատ ավելի հզոր իշխանական լծակներ ունեն, քան լեգալ պաշտոնյաները (վարչապետ, նախարարներ և այլն), դրա համար էլ իշխանական բուրգում, մեղմ ասած` «շունը տիրոջ չի ճանաչում»:
Ասվածի լավագույն ապացույցը թերևս հենց այն փաստն է, որ 2008թ. մարտի 1-ին նախագահականում շտաբ է գործել, որն էլ համակարգել է «Երևանում կարգուկանոնը վերականգնելու» օպերացիան: Այստեղ խնդիրը նույնիսկ այն չէ, որ նախագահականում այդպիսի շտաբ է գործել: Խնդիրն այն է, թե ինչո՞ւ էին իշխանություններն այդքան եռանդուն կերպով հերքում դա:
Հերքում են, որովհետև այդ շտաբում ամենևին էլ «Երևանում կարգուկանոնը վերականգնելու» հարցերը չեն քննարկվել: Ըստ երևույթին` այնտեղ բոլորովին այլ հարց է քննարկվել` ինչպե՞ս ջարդել ժողովրդին և պահպանել սեփական իշխանությունը: Այսիքն` դա իսկապես հանցախմբի «սխոդկա» է եղել:
Հերոսի կոչումը` հետո
«Եթե մենք հերոսացնում ենք այն կնոջը, որի գլուխը ծակվել էր, պիտի փորձենք նրա պահելաձևն էլ այնպես փոխել, որ ոչ նա լինի հերոս, ոչ էլ մյուսը` քարով խփողը»,- հայտարարել է Գագիկ Բեգլարյանը:
«ՉԻ» - Ուշադրություն դարձրեք` Գագիկ Բեգլարյանը, ըստ էության, «ռազբիրատ» է անում և փորձում «ճշտով» վերլուծել միջադեպը: Այդ մարդը, ըստ երևույթին, մինչև հիմա դեռ չի գիտակցել, որ լավ-վատ` ինքը Երևանի քաղաքապետն է, իսկ Ավանի միջադեպն էլ ոչ թե փողոցային «ռազբորկա» է, այլ կոնկրետ քրեական հանցագործություն, որտեղ կան տուժածներ և մեղավորներ:
Տեղի է ունեցել շատ պարզ բան. քաղաքական մի ուժի համակիրները օրենքի շրջանակներում մարդկանց թռուցիկներ են բաժանել, իսկ մեկ այլ ուժի համակիրները քարերով հարձակվել են նրանց վրա: Տվյալ դեպքում նրանց միջև հավասարության նշան դնելը, մեղմ ասած` Գագիկ Բեգլարյանի մարդկային բարձր որակների մասին չի խոսում: Ավելին` նա ուղղակի խոստովանում է, որ իր կուսակցության նախընտրական շտաբերում «հակառակորդ թիմի» կանանց գլուխները քարով ջարդելը հերոսություն է համարվում, և իր համակիրներին խորհուրդ է տալիս այդ ձևով չհերոսանալ:
Պատկերացրի՞ք, թե մոտավորապես ինչ մարդիկ են հավաքված ՀՀԿ շտաբերում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել