Կապանի կիրակնօրյա դպրոցը փակման եզրին
Կապանի Սրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սան Ռաֆայել Ղոնյանը 5-րդ դասարանում է սովորում: Ի տարբերություն միջնակարգ դպրոցի, այստեղ չեն գնահատում, խրախուսում են, ինչը գոհացնում է Ռաֆայելին:
«Օրինակ, երբ նկարում ենք, ամսվա վերջին լավ նկարները կախում են պատից ու նվերներ տալիս»,-ասում է Ռաֆայելը: Ասեղնագործություն, նկարչություն, եկեղեցու, հայ ժողովրդի պատմություն, կրոն եւ այլ առարկաներ են դասվանդվում այստեղ: Այս դպրոցն ըստ աշակերտների, իրենց ամենօրյա դասերին չի խանգարում շաբաթական 4 անգամ են այստեղ հաճախում, շփվում միմյանց հետ, նաեւ ընմիջումներին թխվածքաբլիթ վայելում ու մեկ բաժակ կակաո ըմպում: Սա, ի դեպ, անվճար է:
Եթե կիրակնօրյա դպրոցի մեկնարկին` մարտին 12 սան էր հաճախում, ապա այսօր 67 սան կա: Ցանկացողներ շատ կան, բայց ֆինանսական սուղ միջոցները թույլ չեն տալիս ավելի մեծ թվով երեխաների ներգրավել: Կապանի ու Քաջարանի հոգեւոր հովիվ Գալուստ վարդապետ Դարբինյանն ասում է, որ դպրոցը կանգնած է փակման եզրին: 3 ամսվա գործունեությունից հետո եղած դրամական միջոցները սպառվել են:
«Մայիսի վերջից դպրոցը փակվելու է: Գումարները չեն բավականացնում, եկեղեցին հնարավորություն չունի դպրոցը պահելու, դա պիտի համայնքն ու ժողովուրդը անեն: Բացման օրը շատերը խոստացան օգնել, բայց մինչեւ օրս ռեակցիա չեն տալիս, չեն արձագանքում»,-ասում է վարդապետը:
Դպրոցի տարածքը եկեղեցու սեփականությունն է: Տարածքի նորոգման ու հետագա գործունեության համար գումարներ տրամադրել են Զանգեզուրի պղնձամոլեբդինային կոմբինատն ու «Վորլդ Վիժն» կազմակերպության Կապանի զարգացման ծրագիրը: Ուսուցիչներին ու այլ աշխատողներին աշխատավարձ է վճարվել, հոգացել են երեխաների սննդի հարցերը: Ըստ Գալուստ վարդապետ Դարբինյանի ամսական 150-170 հազար դրամ է անհրաժեշտ դպրոցի գործունեության համար:
«Ուսուցիչներից մեկը եկավ, մի ցուցակ բերեց գրենական պիտույքների համար, մի 120-130 հազար դրամի պարագաներ պիտի առնեմ, փող չունեմ, ինչ անեմ»,-հուսահատված ասում է հոգեւոր հայրը:
Ընդհանրապես կիրակնօրյա դպրոցներում ուսուցիչներն անհատույց են աշխատում, այսինքն ազատ ժամանակը նվիրաբերում են եկեղեցուն: Վարդապետը համամիտ է, սակայն որպես խրախուսանք հենց սկզբից հոնորար է տվել ուսուցիչներին:
«Ճիշտ է սիմվոլիկ գումար է` 20 հազար դրամ, բայց էլի մի ցավի կօգնի: Եթե լինեն նվիրյալներ, ավելի լավ,բայց չեն լինի, անվճար մեկ-երկու ամենաշատը 10 անգամ կպարապեն: Ես կողմնակից եմ վճարման, էդպես մարդը պատասխանատու է զգում իրեն»,-ասում է Գալուստ վարդապետ Դարբինյանը:
Սյունյաց թեմի փոխառաջնորդն է եղել կիրակնօրյա դպրոցում, իր երախտիքի խոսքն է ասել` խոստանալով օգնել որեւէ կերպ: Վարդապետը չի դիմել Մայր աթոռին` աջակցության խնդրանքով:
«Ես չգիտեմ նման մի դեպք, մի պարագա, որ Մայր աթոռը օգնած լինի: Նման դպրոցը, էլի եմ ասում, ինքուրույն, բարերարների միջոցով պիտի գոյատեւի»,-ասում է Գալուստ վարդապետ Դարբինյանը: Հոգեւոր սպասավորը ակնկալում է բարի մարդկանց օգնությունը, որպեսզի դպրոցի չփակի դռները ու համոզված է, որ կգտնվեն նման մարդիկ, իսկ սաների աղոթքը առ Աստված կուղեկցի բարի մարդկանց:
Հ. Գ. Նյութն արդեն պատրաստ էր, երբ ԵԱՀԿ Սյունիքի զարգացման ծրագրերի ղեկավար Գարիկ Չիլինգարյանը Հետքին տեղեկացրեց, որ ԵԱՀԿ-ի կենտրոնական գրասենյակն ամեն տարի` Վիեննայում կազմակերպում է բարեգործական պարահանդես: Այս անգամ ողջ հասույթը, հավանաբար նպատակաուղղվելու է Կապանին: Արդեն ծրագիրը ներկայացվել է: Դրանով կլուծվի կիրակնօրյա դպրոցի աշխատակիցների մեկ տարվա աշխատավարձի հարցը, ձեռք կբերվեն սեղան-աթոռներ, կտեղադրվեն համակարգիչներ` ինտերնետ ցանցով, ինչպես նաեւ այլ անհրաժեշտ սարքավորումներ կհատկացվեն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել