«Իմ տուն-Հայաստան»
«Իմ տուն-Հայաստան» խորագիրն այսօր իր շուրջն էր համախմբել տասնյակ փոքրիկ երեխաների, ովքեր իրենց վառ երեւակայությունն ու գունագեղ աշխատանքներն էին ներկայացրել Երեւանի Սիրահարների պուրակում կազմակերպված ցուցահանդես-վաճառքին:
Սվետլանան այսօր իր պատրաստած բաժակներից երեքն արդեն վաճառել է. «Երեք հատ ծախել եմ արդեն, մենակ իմ սարքածներն են վաճառվում», - մանկական անմիջականությամբ հպարտանում է Փարաքարի արվեստի դպրոցի 12-ամյա սանը: Սվետլանայի բաժակներից մեկն էլ գնեց ամերիկահայ Մարին, ով շատ հիացած էր երեխաներով եւ նրանց գեղեցիկ աշխատանքներով:
«Շատ հիանալի է, որ այսպիսի բաներ են կազմակերպվում, շատ գեղեցիկ է, շատ, ես այսօր շատ բաներ եմ պատրաստված գնելու այստեղից»,-ասում է Մարին:
«Հայաստանն իմ տունն է, դրա համար էլ եկել եմ այս ցուցահանդեսին` ցուցադրելու իմ նկարները»,- ասում է Օվսաննան: Նա նկարել է իր Հայաստանը` պատկերելով Արարատ լեռը, բարդիներ, եկեղեցի եւ Արաքս գետը մի նկարում. «Սրանք բոլորն էլ Հայաստանն են խորդրդանշում»,-ասում է Օվսանան:
Իսկ Դավիթը երազում է դառնալ երաժիշտ կամ էլ ֆուտբոլիստ, դեռ չի կողմորոշվել: Նա, իր կղզյակում առանձնացած, բոլորին զարմացնում էր շվիի իր նվագով: Փարաքարի արվեստի դպրոցի սանն արագ-արագ պատմում էր իր հաջողությունների մասին:
«Ես 3 փառատոնների եմ մասնակցել, 2 անգամ առաջին կարգի մրցանակ եմ ստացել, մի անգամ` առաջին»,- ասաց Դավիթը: Նա հատկապես սիրում է նվագել «Կաքավը»,«Հովվի կանչը», «Եղեգը»: Ի տարբերություն շատ երեխաների` Դավիթը հստակ գիտի,թե ինչի համար է եկել այս ցուցահանդեսին.«Մեր տնօրենն ասաց մեզ, որ պիտի գանք սիրահարվածների այգի եւ երբ պաշտոնյաները գան, պիտի նրանց դիմավորենք մեր երգերով ու նվագով»:
Արտյոմն էլ դհոլ է նվագում եւ պարում: Այսօր նա իր սիրած երգն է նվագելու եւ երգելու «Վարդան զորավարը»: Ասում է, որ այն կապված է Հայաստան-հայրենիքի հետ.«Ես սիրում եմ Հայաստանը դրա համար էլ եկել եմ երգելու ու նվագելու»:
Ալլան էլ Գյումրու «Մեղվիկ» մանկապատանեկան հասարակական կազմակերպության սանն է, երազում է դառնալ երգչուհի:
Ցուցահանդես-վաճառքը կազմակերպել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից: Միջոցառմանը մասնակից Մարի Իզմիրլյանի անվան մանկատան (Երեւան), Տիրամայր Հայաստան Պողոսյան կրթահամալիր (Գյումրի), «Ժան եւ Ալբերտ Պողոսյաններ» արվեստի դպրոց(Գյումրի), «Մեղվիկ» մանկապատանեկան հասարակական կազմակերպությունը(Գյումրի), եւ Փարաքարի արվեստի դպրոցը տարբեր ժամանակահատվածներում ֆինանսավորվել են հիմնադրամի կողմից:
«Մեր աշխատանքային այցերի ընթացքում տեսնելով երեխաների հետաքրքիր աշխատանքները, միտք առաջացավ, օգնել եւ խրախուսել նրանց»,-ասում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության եւ կապերի բաժնի պետ Հասմիկ Գրիգորյանը:
Յուրաքանչյուր դպրոց այս ցուցահանդես-վաճառքից իր ստացած շահույթը կտնօրինի իր ուզածով: Օրինակ Փարաքարի արվեստի դպրոցի տնօրեն Ալմաստ Սվաջյանը ստացված գումարը բաժանելու են իրենց անապահով սաների ընտանիքներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել