HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մասնագետների հավաստմամբ` որոշ նորակառույց շենքերում գները շատ արագ աճում են

Ֆինանսական ճգնաժամի արդյունքում Հայաստանում անշարժ գույքի շուկայում գործարքները նվազել են: Այս տարվա առաջին եռամսյակում արձանագրվել է 28 000 գործարք, ինչը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատությամբ 18 տոկոսով նվազում է: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին տեղեկացրեց Կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մուրադյանը: Նրա խոսքով` նվազման ավելի բարձր տեմպեր նկատվում են առքուվաճառքի գործարքների դեպքում: Իսկ ահա վարձակալության գործարքների դեպքում ութ տոկոսով աճ է գրանցվել: «Նախորդ տարի անշարժ գույքի շուկայում սեզոնային գործընթանցեր էին նկատվում: Իսկ այս տարի ամիսն ամսվա վրա շուկայում աճ է նկատվում: Ապրիլին նկատվել է շուրջ 11 400 գործարք, ինչը մարտի համեմատ 3,9 տոկոսով ավելի է: Շուկան կարծես նորից ակտիվանում է, և հուսանք, որ շուտով ամեն ինչ հունի մեջ կընկնի»,- ասաց նա` ավելացնելով, որ Երևանում այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա համեմատ շուրջ 10 տոկոսով անշարժ գույքի գները նվազել են: «Ապրիլին ևս ամփոփել ենք շուկան, ու կրկին 5-10 տոկոս գների անկում է նկատվում` նախորդ տարվա համեմատ»,- ասաց նա: «Ակցեռն» գործակալության տնօրեն Հակոբ Բաղդասարյանն էլ նշեց, որ թեև շատերը կանխատեսում են, որ գնային մակարդակը կարող է այնքան իջնել, որ հավասարվի 2000-2001թթ. գնային մակարդակին, սակայն դա հնարավոր չէ:  Ի դեպ, նա հավաստիացրեց, որ այս իրավիճակում էլ կարելի է օգուտ քաղել` ներդրումներ անելով, քանի որ ճգնաժամն ընդամենը ժամանակավոր բնույթ է կրում: «Գալաքսիթի» գործակալությունը զբաղվում է նորակառույց շենքերի ու շինությունների առքուվաճառքով: Գործակալության տնօրեն Դավիթ Հովհաննիսյանի հավաստմամբ` չնայած ճգնաժամի ընթացքում գները հարաբերական անկում են ապրում, նորակառույցների դեպքում ավելի կայուն վիճակ է: «Նորակառույցների շուկայի գնորդների 50-60 տոկոսը Ռուսաստանի հայ համայքն է և 20-25 տոկոսն էլ` սփյուռքահայությունը, դրա համար էլ գները շատ չեն իջնում: Հին շենքերը նորակառույցների հետ մրցակցային դաշտում չեն կարողանում մրցակցել, և  գնորդների քանակը կրճատվեց: Ծայրամասերում գների աննախադեպ անկում է նկատվում, իսկ նորակառույցների դեպքում դա այդպես չէ, ու դժվար էլ մոտակա ամիսների ընթացքում նորակառույցների գները նվազեն»,- ասաց նա: Ճգնաժամի պայմաններում անշարժ գույքի շուկայում նվազել է թե' առաջարկը, թե' պահանջարկը: Ա. Մուրադյանի խոսքով` ինչպես վաճառողները, այնպես էլ գնորդները սպասողական վիճակում են. եթե խիստ անհրաժեշտ չի, նրանք խուսափում են գործարքից, քանի որ հստակ չն կարող կանխատեսել, թե մեկ ամիս հետո գնային ինչ փոփոխություններ կլինեն: Դ. Հովհաննիսյանի հավաստմամբ էլ`  այս խուճապային իրավիճակից հիմնականում օգտվում են ներդրողները` «այն մարդիկ, ովքեր գնում են, օրինակ, բնակարան` ոչ թե ապրելու համար, այլ ներդրման: Ներդրողների քանակը չափից ավելի մեծ է հիմա, նրանք հասկանում են, որ գնելու ճիշտ ժամանակն է»: «Ճգնաժամն իր հետ դրական բան էլ բերեց` անշարժ գույքի շուկան մաքրվեց: Մեծ քանակությամբ անշարժ գույքի գործակալություններ փակվեցին,և որակական առումով շուկան մաքրվեց»,- ասաց Դ. Հովհաննիսյանը` հավելելով, որ շատ ընկերություններ շենքերի կառուցումները չեն դադարեցրել, բայց նոր շինանարություն դեռ չեն սկսում, սպասում են: Այսօր անշարժ գույքի միջին գները, Ա. Մուրադյանի խոսքերով,  շատ տարբեր են: Նրա հավաստմամբ` շատ մեծ է Երևանի կենտրոնում և ծայրամասերում գտնվող անշարժ գույքի գների տարբերությունը: «Կարող ենք ասել ամեն համայնքի միջին գները, բայց մոտավորապես 200-400 000 դրամի շրջանակներում են տատանվում մեկ քառակուսի մետրի արժեքը: Բայց դա չի նշանակում, որ այդ թվից ներքև կամ վերև գներ չունենք», -ասաց նա: Իսկ ահա նորակառույցների դեպքում գների հետ կապված իրավիճակը մի փոքր այլ է: Դ. Հովհաննիսյանի վստահեցմամբ` այսօր կենտրոնում նորակառույց շենքեր կան, որոնց գները նույնիսկ շատ արագ աճում են, ու արդեն չվաճառված բնակարան չկա: Բայց կան նաև շենքեր, որոնց գներն իջնում են: «Կոնկրետ կենտրոնում միջին գներ ասելը երևի սխալ է, բայց ամեն դեպքում քառակուսի մետրի համար 1000 -5000 դոլարի կարող են հասնել»,- ասաց նա: խմբ. - Տարօրինակ է, իհարկե, որ ըստ բանախոսների Երեւանի նորակառույց շենքերում գներն աճում են: Այդ դեպքում անհասկանալի է թե ինչու՞ են գրեթե ամենուր դադարեցված շինարարական աշխատանքները: Մեր ուսումնասիրությունները լրիվ հակառակն է՝ նորակառույցներում բնակարանների վաճառքը կտրուկ նվազել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter