HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խոստանում է բարիդրացիական հարաբերություններ Թուրքիայի հետ

aravot9Այն գործիչները, որոնք Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրում էին սրա համար` հիմա պաշտպանում են Սերժ Սարգսյանի նույն քաղաքականությունը: Երբ ապրիլի 28-ի ասուլիսում ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովը հայտարարեց, թե ՀՀԿ-ն մշտապես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կողմնակիցն է եղել` «Առավոտը» հիշեցրեց, որև 2008-ի նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ իշխանական հակաքարոզչությունն իրականացվում էր նաև այս հարցի շահարկմամբ: Մեջբերումներ էին արվում թուրքական մամուլից` փորձելով ապացուցել, թե Լևոն Տեր-Պետրոսյանը Թուրքիայի նախընտրելի թեկնածուն է, Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու Տեր-Պետրոսյանի մտադրությանը պատասխանում էին թուրքերի հետ քիրվայություն անելու մեղադրանքներով և այլն: Հարցին` ինչպե՞ս է  բացատրելի այս ամենը, եթե իշխող կուսակցությունն այն ժամանակ էլ էր հայ-թուրքական հարաբերությունների կողմնակիցը` պրն Շարմազանովը պատասխանեց. «Գոնե ես չեմ հիշում հանրապետականների, որոնք նման հակաքարոզչությամբ են հանդես եկել: Ինչ վերաբերում է ԶԼՄ-ների ձեր գործընկերներին` ես նրանց փոխարեն չեմ կարող պատասխանել»: Էդուրադ Շարմազանովը ճշմարիտ է այն մասով, որ նման հակաքարոզչության առյուծի բաժինն իրոք իրականացնում էին իշխանական լրատվամիջոցները: Այդ նրանք էին, մեջբերելով 1996թ. սեպտեմբերի 6-ին Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետևյալ դրվագը. «Տնտեսությունը պիտի զարգացնենք, մասնավորապես Թուրքիայի ճանապարհների բացմամբ, քանզի առանց դրա մեր տնտեսությունը զարգանալու հեռանկար չի ունենա»`հավելում մեկնաբանություն, թե վերջին 6-7 տարիները փաստում են տնտեսության երկնիշ աճ, ընդ որում` առանց Թուրքիայի հետ ճանապարհների բացման. «Այնպես որ, ԼՏՊ-ն իր բնական թրքասիրությանը թող տնտեսական աստառ չտա»: Հենց ԶԼՄ-ներն էին այս կարգի մեջբերումներ անում թուրքական թերթերից. «Հարաբերությունների շրջադարձի հասնելու տեսանկյունից կարևոր պատեհություն են փետրվարին Հայաստանում նշանակված նախագահական ընտրությունները: Ընտրություններում առաջատար դերակատարներն են Վարչապետ Սերժ Սարգսյանը և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Այժմյան նախագահի ռազմավարական գործընկեր Սարգսյանը հետամուտ է հակաթուրքական դիրքորոշման շարւնակմանը, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը` Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը»: Սա մեջբերում է թուրքական «Ռեֆերանս» օրաթերթի 2007-ի նոյեմբերի 16-ի համարից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter