HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կթել մինչև սատկելը

hj10Ինչո՞ւ պայթեց «Նաիրիտը»: Այս հարցը, որքան էլ բնական հնչի, այնուամենայնիվ, կոնկրետ «Նաիրիտի» պարագայում պետք է այլ կերպ հնչի` այդ ինչպես էր, որ «Նաիրիտը» ավելի շուտ չէր պայթում: Այլ կերպ ասած, շատ սպասելի էր, որ այն կպայթի: Եվ դա ամենևին կապված չէ կոնկրետ այսինքն արտադրամասի այսինչ սարքավորման այսինչ փականի ֆունկցիաների խաթարման հետ: Բավական է նայել, թե ինչ ժանգոտած տեսք ունի «Նաիրիտը», իմանալ, որ այդտեղ արտադրության որոշակի փուլում կա դյուրավառ և բարձր ճնշման տակ գտնվող նյութ, և հասկանալի կդառնա, որ օրերից մի օր այն պայթելու է: Այդ պայթյունից խուսափելու միայն մի տարբերակ կա` խոշորածավալ ներդրումներ, արտադրության արդիականացում, անվտանգության բոլոր, նույնիսկ` ամենամանրուքային թվացող կանոնների պահպանում: Այս պայմանները «Նաիրիտում» չեն պահպանվում: «Նաիրիտը», խոշոր հաշվով, աշխատում է իր` դեռ 70-ականներից մնացած տեխնոլոգիաներով, և անցած տարիների ընթացքում նրա անվտանգության մակարդակը ոչ թե մնացել է 70-ականների չափանիշներին համապատասխան, այլ տարիների ընթացքում ավելի է զգալիորեն նվազել, ինչը բնական է` անհրաժեշտ ներդրումների բացակայության պատճառով: Այժմ «Նաիրիտը» աշխատեցվում է հանրապետության ցուցանիշները բարվոք պահելու նպատակով միայն: Նրա արտադրանքը` տարեկան մոտ 40 միլիոն դոլար արժեքով, ամբողջությամբ արտահանվում է, ընդ որում, կեսից ավելին` Եվրոպա: Ու մի կողմից` իրոք ափսոս է կորցնել նման ձեռնարկություն, մյուս կողմից` սակայն, չեն իրականացվում այդ ձեռնարկության անխափան ու անվտանգ գործունեությունը ապահովող անհրաժեշտ քայլեր: Այլ կերպ ասած, տպավորությունն այնպիսին է, որ «Նաիրիտը» մի ծերացած կթու կով է, որն այժմ կթվում է մինչև սատկելը: Միայն առաջին հայացքից է թվում, թե «Նաիրիտում» փող չկա: Փող չլինելու մասին սովորաբար սկսում են խոսել այն ժամանակ, երբ պետք է փակել գործարանի օգտագործած էլէկտրաէներգիայի, գազի, ջրի պարտքերը, վճարել աշխատակիցների աշխատավարձերը... Իսկ երբ խոսքը գնում է գործարանի ադմինիստրացիայի մասին, ապա փողի խնդիր չի ծագում: Ինչպես ասում են «Նաիրիտի» շարքային և ոչ այնքան բարձր պաշտոններ զբաղեցնող աշխատակիցները, վերջին շրջանում ադմինիստրացիան գերհագեցել է երկարոտն և կարճ հագնվող երիտասարդ կանանցով և աղջիկներով, որոնց ֆունկցիաները այնքան էլ հասկանալի չեն: Իսկ գործարանի ղեկավարների եկամուտները այնքան են աճել, որ նրանց ունեցվածքը մեծանում է երկրաչափական պրոգրեսիայով: Պարբերաբար պայթող, ժանգոտած այս գործարանի ղեկավար կազմում պաշտոն ստանալը, ընդհանրապես, համարվում է գերհաջողություն: Օրինակ` թերևս բավարար է նշել, որ «Նաիրիտի» ֆինանսական գծով փոխտնօրենը ՀՀ վարչապետի եղբայրն է` Աշոտ Սարգսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter