HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկխոսության գովերգն ու քննադատությունը

Հասարակությունը արդյո՞ք շահելու է Հայաստանում ընթացող իշխանություններ-ՀԱԿ ֆորմալ երկխոսության գործընթացից: Այս հարցը հաճախ է հնչում մամուլում, սոցիալական ցանցերում, տարբեր հասարակական-քաղաքական բանավեճերում: 

Կարելի էր կանխավ ենթադրել, որ  հասարակությունը կբաժանվի երկու՝ «այո» եւ «ոչ» պատասխան տվողների բանակների: Սակայն հետաքրքական է, որ ինչպես «այո»-ի, այնպես էլ «ոչ»-ի հիմնավորումներն առանձնանում են իրենց բազմազանությամբ. երկու տեսակետների համար կարելի է գտնել առնվազն հինգ տեսակի հիմնավորում` երեքը «այո»-ի համար եւ երկուսը` «ոչ»-ի: Ըստ այդմ, «այո» եւ «ոչ» պատասխան տվողներին կարելի է բաժանել հինգ խմբի:    

Երկխոսությունը հասարակության համար դրական գնահատողների թվում են ՀԱԿ-ը եւ իր համակիրները, իշխանական կոալիցիան եւ որոշակի չեզոքություն պահպանող հասարակական շերտերը: 

ՀԱԿ-ը նշում է, որ երկխոսությունը, եթե հաջողի` թույլ կտա անցնցում կերպով ազատվել ավազակապետությունից եւ հաստատել ժողովրդավարություն: Այսինքն, հասարկությունը կհասնի ցանկալիին եւ դրան հասնելու ճանապարհին չի ունենա կորուստներ: 

Իշխանությունները նշում են, որ երկխոսության հաջող ընթացքի դեպքում էապես կթուլանա ներքաղաքական լարվածությունը, կձեւավորվի համերաշխ մթնոլորտ, կլինի քաղաքակիրթ մրցակցություն, եւ  այդ ամենի արդյունքում կկազմակերպվեն լավ ընտրություններ, որոնց արդյունքները կճանաչվեն ընդդիմության կողմից: 

«Այո» ասողների երրորդ խմբի ներկայացուցիչների (փորձագետներ, մտավորականներ եւ այլն) փաստարկն այն է, որ թեեւ երկխոսության արդյունքում ազատ եւ արդար ընտրություններ չեն լինելու, սակայն հասարակությունը կշահի դրանից: Ըստ նրանց` կստեղծվի ընդդիմության հետ քաղաքական հարցերի քննարկման մի նոր մշակույթ, ընդդիմադիր զանգվածի բողոքն ավելի լսելի կլինի, ընդդիմադիրներին հնարավորություն կտրվի մասնակցություն ունենալ (թեկուզեւ սահմանափակ) քաղաքական որոշումների կայացման գործընթացում, ինչն էլ իր հերթին կբերի հասարակական-քաղաքական որոշակի խնդիրների լուծմանը: 

Իսկ ՀԱԿ-իշխանություններ երկխոսության քննադատների առաջին խմբի ներկայացուցիչները, պնդում են, որ երկխոսության արդյունքում համաձայնություն ձեռք կբերվի ՀԱԿ-ին իշխանության որոշակի չափաբաժին տալու առումով, ինչը, ինքնին հակաիրավական երեւույթ հանդիսանալով, բնականաբար, չի կարող դրական հետեւանքներ ունենալ հասարակության համար: Այս տեսակետի կողմնակիցների խմբում են ՀՅԴ-ը, «Ժառանգության» եւ «Սարդարապատի» որոշ ներկայացուցիչներ, իրենց ընդդիմադիր համարող կուսակցությունների եւ չեզոք փորձագետների մի զգալի մասը: 

Հոռետեսների երկրորդ մասը նշում է, որ երկխոսության արդյունքում զուր ժամանակ եւ ռեսուրս է վատնվելու, հասարակությունն ավելի է հիասթափվելու ընդդիմադիր պայքարից, եւ արդյունքում մեծապես դժվարանալու է ժողովրդավարություն հաստատելու գործը: Այս խմբի մեջ հիմնականում մտնում են «Սարդարապատի», «Ժառանգության» ներկայացուցիչների եւ համակիրների, անկախ փորձագետների մի այլ մասը:

Ելնելով տեսակետների նման բազմազանությունից` կարելի է ենթադրել, որ երկխոսության արդյունքը, ինչպիսին էլ որ այն լինի, չի գոհացնելու անխտիր բոլոր խմբերին եւ դառնալու է նոր բանավեճերի, քաղաքական եւ հասարակական ուժերի, փորձագետների նոր հակամարտության առարկա: 

Էդգար Վարդանյան
ՌԱՀՀԿ փորձագետ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter