«Հանդաբերդի վանքը եւ նրա պեղումները» գիրքը ներկայացվեց Արցախում
«Հանդաբերդի վանքը եւ նրա պեղումները» այսպես է կոչվում հնագետներ Համլետ Պետրոսյանի, Լյուբա Կիրակոսյանի եւ Վարդգես Սաֆարյանի գիրքը, որի շնորհանդեսն այսօր կազմակերպվեց Արցախի պետական համալսարանում:
Գիրքը նվիրված է ԼՂՀ Նոր Շահումյանի շրջանում գտնվող Հանդաբերդի վանքի պատմա-հնագիտական եւ մշակութաբանական մանրամասն հետազոտությանը:
Դա թերեւս արդյունքն է այն հնագիտական պեղումների, որոնք իրականացրել է ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի կազմում գործող Արցախի հնագիտական արշավախումբը` պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանի գլխավորությամբ, ճարտարապետության թեկնածու, դոցենտ Լյուբա Կիրակոսյանի (ԵՊՀ հնագիտության գիտահետազոտական լաբորատորիա) եւ հնագետներ Վարդգես Սաֆարյանի (Արցախի պետհամալսարան) ու Տատյանա Վարդանեսովայի (ԵՊՀ հնագիտության եւ ազգագրության ամբիոն) մասնակցությամբ: Վանքի պեղումները կատարվել են 2004 եւ 2005թթ., որից հետո իրականացվել են նաեւ ամրակայման եւ մասնակի վերականգնման աշխատանքներ:
Հեղինակները գրքում ներկայացնում են վանքի գործունեության պատմա-մշակութային միջավայրը, պեղումները, խաչքարերն ու տապանաքարերը, արձանագրություններն ու գտածոները: Ինչպես գրքում է նշվում` արշավախմբի հետազոտություններն ազատագրված տարածքներում ոչ միայն նպատակ ունեին նորանոր փաստեր կուտակել այդ տարածքների հայկականության վերաբերյալ, այլեւ, որ պակաս կարեւոր չէ, հազարավոր հայ վերաբնակիչների մեջ ամրապնդել իրենց ապրած տարածքների հայկականության մասին պատկերացումները, դյուրացնել նրանց կողմից նոր տարածքի հոգեւոր-մշակութային յուրացումը:
Վանքը, որից ոչ հեռու հիմնադրված է նաեւ Քնարավան գյուղը, գտնվում է Նոր Շահումյանի շրջանում, որը 12-14-րդ դդ. մտնում էր Վերին Խաչենի կամ Ծարի իշխանության մեջ:
Խոսելով Հանդաբերդի վանքի մասին Համլետ Պետրոսյանը շեշտել է, որ գործ ունեին սովորական, ոչ տոհմական, շարքային կրոնական մի կենտրոնի հետ:
«Եթե բազմաթիվ հեղինակներ իրենց գրքի թեմա են դարձնում հայտնի արվեստի կոթողները, որպեսզի դրանով իրենք նաեւ մի քիչ առաջ գնան, ապա մենք հակառակն ենք արել. հետազոտության առարկա ենք դարձրել շարքային վանք, որով կարող ենք ցույց տալ, որ այդ արքայինի մեջ մեծ գեղեցկություն, իմաստ կա: Պեղումների ժամանակ մենք գտել ենք նաեւ նյութեր, որոնք ունիկալ են ողջ համաշխարհային մշակույթի համար: Հայտնաբերել ենք հայերեն գրություններ. շարքային մարդիկ իրենց անուններն են գրել, թվեր են գրել: Աշխարհում ուրիշ ոնց պետք է ասենք, որ այստեղ հայեր են ապրել, բայց, կարծում եմ, զգացմունքայնությունն ակադեմիական գիտության մեջ լավագույն ձեւը չէ: Այդ իսկ պատճառով աշխատել ենք հետեւել զուտ ակադեմիական մոտեցումներին, մշակումներին եւ այլն»,-իր խոսքում նշել է արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը, ավելացնելով, որ աշխարհին պետք է ներկայանալ հպարտ ու բանիմաց, քանի որ միայն այդ դեպքում կարող ենք շահել:
Շնորհանդեսի մասնակիցներին հետաքրքրել է նաեւ վանքի անվանումը: Ի պատասխան Համլետ Պետրոսյանը նշել է, որ Հանդաբերդ անունը պայմանական է եւ բխում է Հանդաբերդի հարեւանությամբ տեղադրված լինելու հանգամանքից: Նա տեղեկացրեց, որ չի հաջողվել ճշտել նաեւ վանքի թվով 5 եկեղեցիների անվանումները: Համալիրի շինությունների հիմնական մասը, ըստ շինարարական արձանագրության, կառուցվել է 1276 թվականին ոմն Դավիթ վարդապետի կողմից` տեղում գոյություն ունեցող ավելի հին եկեղեղու շուրջը: Պեղումների արդյունքների համաձայն, վանական համալիրը գոյատեւել է մինչեւ 14-րդ դարի կեսերը կամ վերջերը:
Համլետ Պետրոսյանը միաժամանակ հույս է հայտնել, որ շուտով կհրատարակվի Արցախի խաչքարերի գիրքը, իսկ մինչեւ տարեվերջ` Տիգրանակերտի պեղումների առաջին հատորը:
Տեղեկացնենք նաեւ, որ մայիսի 18-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում տեղի է ունենալու «Մշակութային հետազոտություններն Արցախում. Շուշի, Հանդաբերդի վանք, Տիգրանակերտ» ցուցահանդեսը, որը նախաձեռնել են ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչությունը եւ ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Արցախի արշավախումբը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել