Ցմահ դատապարտյալների բաց նամակը նախագահ Սերժ Սարգսյանին
70 ցմահականների օրենսդրական փոփոխության առաջարկի մասին
Հայաստանի Հանրապետությունում ցմահ ազատազրկում պատժին դատապարտվածները հանդես են գալիս օրենսդրական փոփոխության ներքոշարադրյալ առաջարկով։
Խոսքը վերաբերվում է հատկապես ՀՀ Քրեական օրենսգրքում տեղ գտած մի շարք դրույթների կամ անհստակությունների, որոնց ուղղումը կամ ավելացումը համարում ենք անհետաձգելի։ Սույն սխալները անհնար են դարձնում Հայաստանի Հանրապետությունում արդարության իրականացման գործընթացներում կամայականությանց բացառումը։
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող ցմահ ազատազրկման դատապրտվածների թիվն այսօր 81 է։ Նրանցից 40-ը մահապրտներ են եղել, որոնց պատիժը օրենքի խախտման գնով «մեղմացվել» է 2003 թվից հետո։ Բազմաթիվ են չափազանցված, կասկածելի եւ հաճախ նաեւ ամբողջությամբ անարդարացի պատիժ կրողները։
Այս իմաստով, ինչպես վկայել են Հայաստանի տարբեր հասարակական կազմակերպություններ եւ գործիչներ, այնպես էլ բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, Հայաստանում գոյություն ունի ցմահների խնդիր։ Խնդիր, որի լուծման համար անհրաժեշտ կամքն ու բարիկամեցողությունը դեռեւս մեր պետական այրերը չեն կարողացել դրսեւորել։
70 ցմահականների կողմից առաջարկվող օրենսդրական փոփոխությունը լուծում է ցմահների խնդիրը, միաժամանակ կասեցնելով դրա խորացումը։ Այսինքն, օրենսդրական սույն բարեփոխման արդյունքում, ցմահ ազատազրկում վճիռները նշանակալիորեն նվազ կամայական կդառնան։
Օրենսդրական փոփոխության այս առաջարկը իրար ամբողջացնող չորս մասերից է բաղկացած։
ա) 15 տարի ազատազրկումի 20-ով փոխարինելու հարցը
Ցմահ ազատազրկումն այսօր Հայաստանում պատիժ է, որ նշանակում է, որ դատապարտյալը իրավունք է ստանում վաղաժամկետ ազատման համար դիմում ներկայացնել 20 տարի փակ ռեժիմի կալանք կրելուց հետո միայն։ Այդ դիմումը, ըստ կանոնակարգի, դրական պատասխան ստանալու դեպքում, դատապարտյալը հավելյալ 5 տարի էլ պետք է անցկացնի ոչ փակ ռեժիմով կալանավայրից ներս։
Քրեական օրենսգրքում 15 տարի ազատազրկումը ցմահ ազատազրկումից հետո ամենամեղմ պատիժն է։ Այսինքն, դատավորները, ստիպված են լինում ցմահ ազատազրկում պատիժ որոշել ամեն անգամ, երբ 15 տարի ազատազրկումը համարում են անբավարար։
Սակայն, դատավորների իսկ վկայությամբ, բազմաթիվ են այն իրավիճակները, որոնց առաջ կանգնած դատավորները միաժամանակ՝ 15 տարի ազատազրկումը անբավարար պատիժ են համարում եւ ցմահ ազատազրկումը չափազանցված։ Նման իրավիճակներում նրանք հարկադրված են լինում ավելի ծանր տարբերակը որոշել որպես վճիռ, քանի որ հասարակության անվտանգությունը ավելի է կարեւորվում քան մարդու իրավունքները։
Նման դեպքերում, եթե օրենքը հնարավոր դարձնի 15-ից բարձր ազատազրկում նշանակելը, դատավորներից շատերը ավելի քիչ հաճախ կհայտնվեն անարդար-չափազանցված պատիժ նշանակելու ստիպողության առաջ ու կկարողանան 15-ից բարձր մինչեւ 20 տարի ազատազրկման որեւէ պատիժ որոշել։
Ի՞նչ փոփոխություն կկրի հայկական դատարանը նման փոփոխության դեպքում։ Վերցնենք օրինակ 16 տարի ազատազրկման անհրաժեշտության պարագան։ Նման դեպքերում գործում են վաղաժամկետ ազատման օրենքով թույլատրված մեխանիզմները։ Այսինքն` 16 տարի ազատազրկման դատապարտված քաղաքացին, իր կալանքի կեսը կրելուց հետո կարող է վաղաժամկետորեն ազատ արձակվել։
Դա նշանակում է, որ ՀՀ օրենքը թույլ է տալիս 8 տարի ազատազրկումով բավարարվել։ Մյուս կողմից ցմահի պարագայում վաղաժամկետ ազատման մեխանիզմներ գոյություն չունեն կալանքի առաջին 20 տարվա ընթացքում։ Ըստ օրինակարգի` ցմահականը, 20 տարի հետո իրավունք է ձեռք բերում միայն իր պահման որակի բարելավման համար դիմում ներկայացնելու։ Նա առնվազն դեռ 5 տարի պետք է անցկացնի կալանավայրում, սակայն նվազ փակ ռեժիմով։ Այսինքն իրականության մեջ ցմահը չի կարող 25 տարուց առաջ ազատություն ձեռք ձգել։ Տեսնում ենք թե ինչպես, ամեն անգամ, երբ դատավորը 15 տարի ազատազրկումը անբավարար է համարում եւ 16-ը բավարար, ստիպված է լինում անարդարորեն մինչեւ 17 տարի ավելի երկար կալանք նշանակել։
Բարձրացնելով 15 տարի ազատազրկման պատժի սահմանագիծը 20-ի, Հայաստանի դատարաններում նվազ հաճախ է, որ տեղի կունենան չափազանցումներ։
Քրեական օրեսգրքում ցմահ ազատազրկումը, որպես պետիժ նախատեսող հոդվածները հետեւյալներն են.
Հոդված 104. Սպանությունը 8-15 կամ ցմահ ազատազրկում
Հոդված 305. Պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանությունը 10-15 կամ ցմահ ազատազրկում
Հոդված 387. Պատերազմ վարելու արգելված միջոցներ եւ մեթոդներ կիրառելը 10-15 կամ ցմահ ազատազրկում
Հոդված 388. Ահաբեկչական գործողությունն օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության ներկայացուցչի դեմ 10-15 կամ ցմահ ազատազրկում
Հոդված 389. Միջազգային ահաբեկչությունը 10-15 կամ ցմահ ազատազրկում
Հոդված 390. Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ 8-15 կամ ցմահ ազատազրկում
Հոդված 392. Մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները 7-15 կամ ցմահ ազատազրկում
Ինչպես տեսնում ենք, 7 տարուց մինչեւ ցմահ ազատազրկում պատիժները համապատասխանեցվել են տարբեր հոդվածների, ստեղծելով փաստորեն 3.5-ից առնվազն 25 տարի ազատազրկման դիապազոն։ Նման անհստակությունները կամայականությանց առիթ են ստեղծում ու առաջացնում են անարդարություն։
Ինչպես ԱՊՀ մյուս երրներում է այն սրբագրվել, (Ռուսաստանում ու վերջերս նաեւ Վրաստանում), Հայաստանում հարկավոր է նույնպես սույն խնդիրը վերանայել ու սրբագրել։ Այսինքն հարկավոր է օրինակ Ռուսաստանի նման, 15-ի փոխարեն ազատազրկման հնարավոր առավելագույն սահմանը բարձրացնել 20-ի։ Այսպես, դատավորները նվազ հաճախ է, որ ստիպված կլինեն ցմահ ազատազրկման դատապարտել մարդկանց, որոնք կարող էին 15.1, 16, 17… կամ 20 տարի ազատազրկման պատժով հասարակության նկատմամբ իրենց մեղքը գավել։
բ) «Ցմահ ազատազրկում» պատժատեսակի սահմանման հարցը
Քրեական օրեսգրքում ինչպես նաեւ քրեադատավարականում հստակ բնորոշված չէ «ցմահ ազատազրկում» պատիժը։
Ինչո՞վ է այն տարբերվում ասենք 15 տարի ազատազրկումից։ Ի՞նչ դեպքերում է, որ կարելի է տնորինել այն, ու հակարակը. ե՞րբ դրա, որպես պատժի, օգտագործումը պետք է համարվի սխալ։ Եվ ի վերջո, ի՞նչ նպատակներ է հետապնդում ցմահ ազատազրկումը, եւ որոնք են այն նպատակները, որոնք համարվում է, որ 15 տարվա ազատազրկման միջոցով հասանելի չեն։
Մի խոսքով, անհրաժեշտ է թե՛ քրեական եւ թե՛ քրեադատավարական օրենսգրքերում հստակություն մտցնել այս հարցով։ Այսինքն պետք է տրվի «ցմահ ազատազրկում» պատժատեսակի ամբողջական սահմանումը, ինչպես նաեւ հստակորեն նշվի, ոչ միայն թե որ դեպքերի/հանցանքների համար է այն նախատեսված, այլեւ՝ թե ո՛ր տիպի հանցագործների համար է այն օգտագործելի։
Քաղաքակիրթ բոլոր երկրներն իրենց օրենքներից ներս արդեն իսկ նման հստակեցում կատավրած են։
գ) Քրեական օրենսգրքի 39 հոդվածի 1-ին մասի հարցը
ՀՀ Քրեական օրենսգրքի 39-րդ հոդվածում նշվում է հետեւյալը՝ «Համակատարողները հանցագործության համար ենթակա են պատասխանատվության սույն օրենսգրքի Հատուկ մասի նույն հոդվածով»։
Այս հոդվածը խիստ անհստակ է, քանի որ չի բացատրում թե ի՞նչ է նշանակում «համակատարող» եւ թե ո՞վ կարող է համարվել «համակատարող»։
Այս հոդվածը, որ նախատեսված է վհուկների որսի համար եւ հետապնդում է քաղաքական հաշվեհարթարներին օրենսդրական շպար տալու նպատակ, հստակորեն հակասում է նույն Քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասին եւ 4-րդ եւ 8-րդ հոդվածներին։
Նման հոդվածների գործարկման միջոցով, դատախազությունն ու դատարանները կարող են հանցանքը կոնկրետ կատարած անձից բացի մեղադրել հանցանքի հետ ոչ մի առնչություն չունեցող քաղաքացիների, նրանցից սուտ ցուցմունքներ կործելու նպատակով, եւ կամ դատապարտել նույն հանցանքի համար։
դ) Վաղաժամկետ ազատման խնդիրը
Այսօր ցմահ ազատազրկման դատապարտվածներն իրավունք ունեն վաղաժամկետ ազատման համար դիմել միայն 20 տարի փակ ռեժիմի կալանքը կրելուց հետո։
Քանի որ կարելի չէ բացառել դատապարտյալի ուղղումն ու հասարակության համար վտանգ լինելու հանգամանքի վերացումը, անհրաժեշտ է թույլ տալ ցմահ ազատազրկման դատապարտվածներին վաղաժամկետ ազատման համար դիմել իրենց կալանքի 15 տարին ավարտելուց հետո:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել