HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Մոմավառություն Կապանում` ի հիշատակ ՁԻԱՀ-ի զոհերի

spid-akcia-kapanԿիրակի` մայիսի 17-ի երեկոյան կապանցիները, տեսնելով մի խումբ երիտասարդների` ձեռքներին վառվող մոմեր, զարմացան: Երիտասարդները քայլելով քաղաքի փողոցներով` անցորդներին  տեղեկատվական գրքույկներ ու պահպանակներ էին բաժանում:  Նախաձեռնությանը հեղինակը «Երկյակ» երիտասարդական հասարակական կազմակերպությունն  էր, իսկ գաղափարը իրականություն դարձավ  «Վորլդ Վիժն» կազամկերպության Կապանի զարգացման ծրագրի ու Հայաստանի կարմիր Խաչի Սյունիքի մարզային կառույցի աջակցությամբ: Մայիսի երրորդ կիրակին ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օրն է: Առաջին անգամ այդ օրը նշվել է 1983թ. Սան Ֆրանցիսկոյում: Կազմակերպիչներն այն մարդիկ էին, ում կյանք ներխուժել էր ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը: Հենց այդ օրն էլ հիմք դրվեց մոմավառությանը: «Այս օրը մարդիկ հիշում են ՁԻԱՀ-ի զոհերին, նաեւ արտահայտում իրենց համերաշխությունն ու սատարումը ՄԻԱՎ-ով  ապրողներին, ինչպես նաեւ հանրության ուշադրությունը հրավիրում խնդրի վրա»,-Հետքի թղթակցի հետ զրույցում նշեց «Երկյակ» ԵՀԿ փոխնախագահ Նվեր Զելյան: Կազմակերպության անդամները, ԿԽ Սյունիքի կառույցի կամավորները մարդկանց բաժանեցին  տեղեկատվական տարբեր գրքույկներ` ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիների, կանխարգելման միջոցների, հետազոտման ձևերի մասին, ինչպես նաև պահպանակներ: «Ինչու չէ, պահպանակներ բաժանելով կարևորում ենք անվտանգ սեռական կյանքը, պետք է մեր հասարակությունը արդեն պատրաստ լինի այդ թեմաներով առանց ամաչելու խոսելուն»,-ասում է Ն. Զելյան: aharutyunyan_140509ԿԽ-ի կամավոր 17-ամյա Արմեն Հարությունյանը, լսելով նախաձեռնության մասին, իր ընկերներներին էլ է  ներգրավել: «Ընկերներիս հետ արդեն մի երկու ժամ է` նյութերն ենք բաժանում: Մարդիկ հարցնում են, հետաքրքրվում են, մենք էլ ասում ենք օրվա խորհուրդն ու առաջարկում բուկլետները կարդալ»,-ասում է Արմենը: Իհարկե, երիտասարդների խոսքով, անտարբեր մարդիկ շատ կան: «Բարևում ես, ներողություն խնդրում, ու երբ ասում ես ՄԻԱՎ կամ ՍՊԻԴ,  էլ չեն լսում շարունակությունը, ասում են` մենք հիվանդ չենք, չենք զբաղվում տենց բաներով ու թափով հեռանում»,-պատմում է Տիգրանը: Զրուցակիցներիս համոզմամբ, շատերի մոտ այն թյուր կարծիքը կա, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրը իրենց չի վերաբերում: «Սակայն պետք է համախմբել ավելի շատ մարդկանց, ուշադրություն գրավել նման ակցիաներով, բարձրացնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի  վերաբերյալ իրազեկությունը»,-ասում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Սյունիքի երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի ղեկավար Շուշանիկ Առաքելյանը` համոզված լինելով, որ միայն այդպես հնարավոր կլինի նվազեցնել վարակի տարածման տեմպերը: Կենտրոնի կամավորները նույնպես իրենց մասնակցությունն էին բերել ձեռնարկին: «Միասին մենք կարող ենք լուծումներ գտնել»,- այս կարգախոսի ներքո անցկացվեց ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի մոմավառությունը, ու կազմակերպիչների խոսքով, ակցիան կարելի է հաջողված համարել: Ընդհանուր առմամբ, մոտ 2000 մարդու բաշխվեցին նյութերը, ասել է, թե այդքան մարդու ուշադրություն մեկ անգամ ևս հրավիրվեց հրատապ խնդրին: Կիրակի կեսօրին, Կապանի Սրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում Կապանի ու Քաջարանի հոգևոր հովիվ Տեր Շիրակը մատուցեց պատարագ` ի հիշատակ ՁԻԱՀ-ի զոհերի: «Երկյակ» ՀԿ-ի պատասխանատուի փոխանցմամբ, կազմակերպության կողմից նմանատիպ ակցիաներ կազմակերպվեցին նաեւ մարզի քաղաքային բոլոր համայնքներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter