Վ. Հովնանյան. «Սահմանի բացումը կարևոր է, բայց մենք պետք է զգուշանանք»
Հայ-թուրքական սահմանի բացումը թեև կարևոր է, բայց մտավախությունների տեղիք էլ է տալիս: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հարցի վերաբերյալ իր կարծիքը հայտնեց բարերար և գործարար Վահագն Հովնանյանը: Նրա խոսքով` սահմանի բացման դեպքում շատ զգույշ պետք է լինել, քանի որ լավ ենք ճանաչում մեր հարևանին:
«Կարևոր է, որ ազատ սահմաններ ունենանք, սահմանի բացումն իսկապես կարևոր է, բայց մեր կառավարությունը պետք է շատ զգույշ լինի: Շատ լավ էր առանց նախապայմանների սահմանի բացում ձևակերպելը, սակայն Թուրքիան սկսեց նախապայմաններ դնել` Ղարաբաղի հարցը, ցեղասպանության: Այդ մենք պետք է նախապայմաններ դնենք, ոչ թե իրենք: Ինչ որ նրանք արել են 100 տարի առաջ, չպետք է մոռացվի, ու այդ հարցը պետք է մեջտեղ բերել: Հատկապես, որ այսօր հայերը սփյուռքում ավելի են ուժեղանում ու առաջ գնում»,- ասաց նա:
Հայ-թուրքական սահմանի բացման դեպքում վտանգ կա, որ Հայաստանը կլցվի թուրքական ապրանքներով և տեղի գործարարները կտուժեն: Դա մտահոգում է նաև Վ. Հովնանյանին: Նրա կարծիքով` մենք չենք կարող մրցել Թուրքիայի հետ` չնայած արդեն իսկ այնտեղի ապրանքը ներմուծվում է Հայաստան` անկախ նրանից, օրինական, թե անօրինական կերպով:
«Բայց պետք է բալանս ունենանք, Չնայած վստահ եմ, որ կառավարությունը այնպիսի օրենքներ կմշակի, որ այդպես չլինի: Օրինակ` անձամբ ես չէի ցանկանա, որ այստեղ թուրքերը հողեր գնեն: Չնայած այսօր բոլորին էլ վաճառում ենք, և իրենք կարող են ասել, թե խտրականություն ենք դնում, բայց, այնուամենայնիվ, կա այդ վախը մեջս: Հազիվ ենք մեր հողերը ետ առել Ադրբեջանից»,- ասաց նա: Սակայն գործարարն ինքը Թուրքիայում ներդրումներ կատարել չի պատրաստվում: Թեև իրեն տարբեր երկրներից հրավիրել են` ներդրումներ անելու, սակայն ինքը նախընտրում է Հայաստանում աշխատել:
Երեկ Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիայում մեծ թվով հայեր ապրում է ապօրինի կերպով, քանի որ Հայաստանում աղքատություն է տիրում: Որպես գործածար` ինչպե՞ս է Վ. Հովնանյանը գնահատում այն, որ հայերը ստիպված են աշխատանք փնտրել մինչև անգամ Թուրքիայում: Այս հարցին ի պատասխան` Վ. Հովնանյանը նշեց, որ ամեն մարդ պետք է ապրի, իսկ աշխատելն էլ պատվով գործ է:
«Եթե գնում են, աշխատում, «բրավո» իրենց` անկախ նրանից` Թուրքիայո՞ւմ են աշխատում, Ռուսաստանո՞ւմ, թե՞ Ամերիկայում»,- ասաց Վ. Հովնանյանը:
Իսկ ընդհանրապես գործարարը հետարքրքվում է Հայաստանի քաղաքական կյանքով, քանի որ, ինչպես ինքն է հավաստիացնում, օրենքի յուրաքանչյուր փոփոխություն ազդում է իրենց վրա, և իրենք պետք է ամեն ինչից տեղյակ լինեն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել