HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վահագնի» թաղամասում տների գները չեն նվազել

vhovnanyan_190509«Ճգնաժամը զգալի է, բայց պետք է, որ այն անցնի, կդիմամանք ու կանցնի: Շինարարական կազմակերպությունս 50 տարի է, ինչ գործում է, և արդեն 12-րդ անգամն է, որ նման տատանումներ են լինում: Չնայած սա ամենադժվարն է, ամենալուրջը, բայց վստահ եմ, որ կդիմամանք ու կացկացնենք: Իհարկե, այն կհարվածի տարբեր բիզնեսների, բայց ամեն ինչ իր սկիզբն ու վերջն ունի»,- այսօր «Հայելի» լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բարերար և գործարարար  Վահագն Հովնանյանը: Նա հավաստիացրեց, որ սա դեռ ամենադժվար ժամանակը չէ, և վիճակը դեռ էլ ավելի պիտի վատանա: Գործարարի հավաստմամբ` դոլարի տատանումն իր ազդեցությունն ունեցավ, և այն բավական լուրջ հարված էր իր բիզնեսի համար: «Մեր ամբողջ գործը դրամով է, ոչ թե դոլարով, բայց քանի որ եկել եմ այն երկրից, որտեղ դոլարն է գործածվում, տատանումը շատ ազդեց»,-ասաց նա: Գործարարի կարծիքով` այս ճգնաժամային իրավիճակում գործարարներն իրենք իրենց պիտի կառավարեն. շռայլ չծախսեն, քանի որ դեռևս անորոշության մեջ են աշխատում: «Իսկ կառավարությունն էլ իրենց քայլերում պետք է նույնքան զգուշանա, ինչպես գործարարները, քանի որ առիթից շատ օգտվողներ կան, ու նոր հնարավորություններ են ստեղծվում այս իրավիճակում»,- ասաց նա: Գործարարի հավաստմամբ`«Վահագնի» թաղամասում կառուցվող տների գներն այս ընթացքում չեն փոխվել: «Մենք տուն ենք արտադրում. նմուշներ ենք պատրաստում, հող ենք նախատեսում, ու մարդիկ որոշում են` որ նմուշը որ հողի վրա կցանկանան ունենալ: Ու սկսվում է շինարարությունը: Դրա համար մեզ մոտ գների իջեցում չկա, գները չեն փոխվել: Շինանյութի պարագաներից մեկի գինն ավելանում է, մյուսինը` պակասում, ու բալանսը պահպանվում է»,- ասաց նա` նշելով, որ «Վահագնի»  թաղամասում գնորդների 67 տոկոսը տեղացիներն են, 34 տոկոսը` սփյուռքահայերն ու արտասահմանցիները: «Խտրականություն չենք դնում, թե ինչ ազգի ներկայացուցիչ է գնորդը: Ներկայումս մի փոքր վախ կա մարդկանց մոտ, ախորժակ ունեն` տուն գնելու, բայց վախենում են ձեռքները գրպանները տանել: Այնուամենայնիվ, տները վաճառվում են, առքուվաճառքի վրա այնքան էլ չի ազդել ճգնաժամը»,- ասաց նա: Իբրև սփյուռքահայ` Վ. Հովնանյանն իր վրա զգո՞ւմ է Սփյուռքի նախարարության ստեղծումը, այն իր դերն իրականացնո՞ւմ է: Գործարարի կարծիքով` այն դեռ ավելի վաղ պետք է ստեղծված լիներ: «Հայաստանի մասին դրսում միայն վատ բաներ են ասվում, այստեղի գովազդն այնտեղ չկա: Այստեղից զզված փախչողները միայն վատ բաներն են տարածում` իրենց արդարացնելու համար, թե ինչու հեռացան Հայաստանից: Իբրև թե ստիպված էին: Նրանց պետք է լռեցնել: Իհաքրկե, ամոթ չէ դրսում աշխատելը, բայց պետք չէ ոտնակոխել մեր հայրենիքը: Ու նախարարությունը պետք է ցույց տա, որ դա այդպես չէ, Հայաստանը ապրելու տեղ է»,- ասաց նա: Օրերս հայտնաբերվել է ամերիկահայ գործարար Նազարեթ Բերբերյանի դիակը, ով մի քանի օր կորած էր համարվում: Արդյոք սփյուռքահայ գործարարը կարո՞ղ է իրեն  ապահով զգալ հայրենիքում` հարցին ի պատասխան` Վ. Հովնանյանը նշեց, որ ինքը դեռ դեպքի մանրամաները լավ չգիտի, թեև շատ լավ ճանաչում էր Ն. Բերբերյանին: «Լավ ընկերս էր, շատ լավ ու հաջողակ մարդ, ով հետ էր եկել` հայրենիքը զարգացնելու: Շատ եմ ցավում կատարվածի համար, բայց զգուշանալու մասին ես ինքս էլ երբեք չեմ մտածել, չես կարող իմանալ ինչ կլինի` անկախ նրանից` սփյուռքահայ ես, թե տեղացի: Նախանձն ամեն տեղ էլ կա>,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter