Շառլ Ազնավուրն Արցախում էր
Երեկ «Քեզ համար Հայաստան» ծրագրի շրջանակներում Արցախում էր գտնվում աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը: Նա Արցախի ղեկավարության ուղեկցությամբ սկզբից այցելեց իր անունը կրող մշակույթի կենտրոնը, որտեղ էլ մասնակցեց բացման արարողությանը:
Աշխարհահռչակ երգիչն այնուհետեւ ուղեւորվեց դեպի Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ, որտեղ այդ պահին համերգային ծրագրով հանդես էին գալիս նրա դուստրն ու քույրը: Աշխարհահռչակ շանսոնյեն, ում երգին շատ էին սպասում հրապարակում հավաքվածները, այդպես էլ չերգեց եւ նախընտրեց հայտնել իր ուրախությունն առ այն, որ վերջապես եկել է Արցախ, չնայած 21 տարի առաջ է եկել Հայաստան, բայց ոչ մի անգամ ժամանակ չի ունեցել գալու Արցախ: «Առաջին անգամ եկա այստեղ եւ կաղոթեմ, որ վերջինը չլինի: Շատ ուրախ եւ հպարտ եմ, որ այսօր, փառք Աստծո, այստեղ ենք»,-նշեց երգիչը:
Այնուհետեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն անձամբ Շարլ Ազնավուրին է հանձնել «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանը, որին երգիչն արժանացել է հայությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար եւ ծննդյան 85-ամյակի կապակցությամբ:
Մեկնաբանել