HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱԿ-ը կոչ է անելու, քաջալերելու է վկաներին՝ հրաժարվել ժամանակին ուժի ու բռնության գործադրմամբ իրենցից կորզված կեղծ ցուցմունքներից

ՀԱԿ-ի հայտարարությունը ՀՀ Գլխավոր դատախազությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես մեղադրում է Հայ Ազգային Կոնգրեսին՝ Մարտի 1-ի եւ քաղբանտարկյալների գործերով վկաների նկատմամբ «ճնշում գործադրելու», նրանց  «ուղղորդելու», նրանց  «խոսափողի դերում հանդես գալու» մեջ եւ այլն: Արդեն շուրջ մեկ տարի, քաղբանտարկյալների գործնականում յուրաքանչյուրի դատավարության ընթացքում, հարյուրավոր վկաներ հայտարարել են, որ նախաքննության փուլում ծեծի, սպառնալիքի, խաբեության եւ այլ ապօրինի միջոցներով իրենցից կեղծ ցուցմունքներ են կորզվել, ինչից եւ դատավարությունների ընթացքում նրանք հրաժարվել են: Յուրաքանչյուր այսօրինակ հայտարարության դեպքում դատախազությունը պարտավոր էր քրեական գործեր հարուցել, ինչը չի արել: Առաջին հերթին հենց կեղծ ու ապօրինի եղանակներով կորզված վկայությունների բացահայտման շնորհիվ էր, որ խայտառակ ձեւով փլուզվեց «7-ի գործը», դրանով փլուզվեց նաեւ Համաժողովրդական շարժման դեմ ի սկզբանե հարուցված՝ իշխանության յուրացման, պետական հեղաշրջման մեղադրանքը: Դրանից հետո էլ առանձնացված գործերի դատաքննությունների ընթացքում վկաները մեկը մյուսի հետեւից հայտարարեցին, որ ժամանակին իրենցից ցուցմունքները կորզվել են նույն՝ ապօրինի մեթոդներով ու հրաժարվեցին դրանցից: Վերջնական խայտառակությունց խույս տալու համար վարչախումբը սկսեց նոր ահաբեկչություններ վկաների նկատմամբ՝ նպատակ ունենալով նրանց ստիպել կրկնել իրենցից նախաքննական շրջանում կորզված կեղծ ցուցմունքները: Այդ մասին բազմիցս գրվել է մամուլում, այդ մասին հայտարարություններով հանդես է եկել Հայ Ազգային Կոնգրեսը: Այս իրողության դեմ իր տարեկան զեկույցում, ինչպես նաեւ հատուկ հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը: Ավելին՝ հարյուրավոր այսօրինակ ահազանգերից երեք դեպքում գլխավոր դատախազությունը ինքն ստիպված է եղել քննիչների դեմ քրեական գործեր հարուցել ՀՀ Քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածի հատկանիշներով: Այս ամենց հետո դժվար է պատկերացնել ցինիզմի այն աստիճանը, որով լխավոր դատախազությունը սեփական մեղքը, ծանր հանցանքը փորձում է բարդել ուրիշների, մասնավորապես՝ Հայ Ազգային Կոնգրեսի վրա: Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ ինչպես մինչեւ այժմ, այնպես էլ այսուհետեւ հետեւելու է քաղբանտարկյալների դատավարություններին ու բարձրաձայնելու է վարչախմբի բոլոր ապօրինությունների մասին: Ինչպես մինչեւ հիմա, այսուհետեւ էլ Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է անելու, քաջալերելու է վկաներին՝ հրաժարվել ժամանակին ուժի ու բռնության գործադրմամբ իրենցից կորզված կեղծ ցուցմունքներից, դրանով իսկ վերականգնելով ոչ միայն ճշմարտությունը, այլեւ ոտնահարված սեփական մարդկային արժանապատվությունը: Դատախազության վերոհիշյալ հայտարարությունը սկսվում է հետեւյալ մտքով. «Վկայի՝ դատարան, նախնական քննության մարմիններ ներկայանալուն կամ նրանց ցուցմունք տալուն խոչընդոտելը, սուտ ցուցմունք տալուն հարկադրելը արդարադատության դեմ ուղղված հանցագործություններ են եւ համարվում են քրեորեն հետապնդելի արարքներ»: Գլխավոր դատախազությունը գտել է վերջապես հենց այն հոդվածը, որով պատասխանատվության են կանչվելու ու պատժվելու են բոլոր նրանք, ովքեր լխավոր դատախազի եւ Հատուկ քննչական ծառայության պետի գլխավորությամբ 2008թ. մարտի 1-ից ի վեր գործել են այդ հանցանքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter