HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Քարեգահ. Քաշաթաղում գյուղերը նաեւ զարգանում են

Այսօր` մայիսի 18-ին, Քաշաթաղը նշում է իր ազատագրման 17-րդ տարեդարձը, եւ այդ կապակցությամբ շրջանում տարբեր միջոցառումներ են կազմակերպվում: Սակայն, յուրատեսակ ուրախություն են ապրում շրջանի Քարեգահ գյուղի 15 ընտանիքներ: Մոտ ժամանակներս կբարելավվեն նրանց բնակարանային պայմանները: Վերանորոգման աշխատանքները կատարվում են Քարեգահում  արդեն մի շարք ծրագրեր իրականացրած «Հայրենիք» բարեգործական միության շնորհիվ:

Քարեգահ համայնքի ղեկավար Մարինե Պետոյանը տեղեկացրեց, որ «Հայրենիք» միությունն անցած տարի էլ է նման ծրագիր իրականացրել, որի արդյունքում վերանորոգվել է 8 բնակելի տուն:

sarajyanner-190509

Վերոնշյալ 15 ընտանիքներից մեկն էլ Սառաջյանների  ընտանիքն է: Սառաջյաններն իրենց  տան վերանորոգման խնդրով բազմիցս դիմել են շրջվարչակազմին, սակայն հարցն այդպես էլ լուծում չի ստացել: Այժմ ընտանիքը կարող է ազատվել այդ հոգսից` ի շնորհիվ «Հայրենիք» միության: Ընտանիքի հայրը` Գագիկ Սառաջյանը, Գետաշենում է ծնվել ու ապրել մինչեւ գյուղից նրանց տեղահանելը: Այնուհետեւ նա ակտիվ մասնակցություն է ունեցել պատերազմական գործողություններին, վիրավորվել 1994 թվականի սկզբին: Հաշմանդամության կարգ չունի, քանի որ, ինչպես ինքն է ասում, ժամանակին փող են ուզել կարգ տալու համար, ինքն էլ հրաժարվել է ու պատռել եղած փաստաթղթերը: Այժմ անտառտնտեսությունում է աշխատում` ամսական 32 հազար դրամ աշխատավարձով:

«Անասուն էլ ենք պահում, բոստան անում ու յոլա գնում»,-ասում է կինը` Համեստը, ու ավելացնում, որ ջրի խնդիրն իրեն զգացնել է տալիս միշտ, ինչի պատճառով բերքը լավ չի լինում: Այս ընտանիքը երկար ճանապարհ է անցել մինչեւ Քարեգահ` Գետաշեն, Հայաստան, Ռուսաստան, 1997թ.` Քարեգահ, որտեղ էլ մինչեւ հիմա ապրում են: Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանի ամենամեծ գյուղերից է Քարեգահը, գտնվում է շրջկենտրոն Բերձորից 4 կմ հեռավորության վրա: Առաջին վերաբնակիչները գյուղ են եկել 1994 թ., այժմ այստեղ ապրում է 53 ընտանիք:

«Գյուղը մեծանալու հնարավորություն այժմ էլ ունի, բայց ջրի լուրջ խնդիր կա: Գյուղի 40 տոկոսն է ջրով ապահովված»,- ասում է համայնքի ղեկավարը: Նա  ուրախությամբ նշում է, որ այդ խնդրի լուծման ուղղությամբ նույնպես քայլեր են նախատեսվում` ինչպես «Հայրենիք» միության, այնպես էլ կառավարության միջոցների հաշվին:

Քարեգահը կարելի է շրջանի ամենահաջողակ գյուղը համարել. այստեղ բավականին ծրագրեր եւ ներդրումներ են կատարվել տարբեր կազմակերպությունների կողմից: Գյուղում գործում է նախկին գյուղապետ, գյուղի հիմնադիրներից մեկի` Սմբատ Թաթոսյանի (նա Արցախյան շարժման եւ պատերազմի թոհուբոհն անցնելուց հետո գյուղում ավտովթարի զոհ է դարձել) անունը կրող Երիտասարդական կենտրոնը, որը 2003-ին ստեղծվել է «Մոնթե Մելքոնյան» բարեսիրական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: Կենտրոնում գործում են դիզայնի, համակարգչի, նկարչական, լուսանկարչական, կերամիկայի, պարի, թատերական, կարատեի, բասկետբոլի, էթիկայի եւ էսթետիկայի, ինչպես նաեւ հայոց եւ անգլերեն լեզուների խմբակներ, որոնք շատ մեծ ազդեցություն են ունենում գյուղի դպրոցականների եւ երիտասարդների զբաղվածության եւ ժամանցի կազմակերպման գործում: Այստեղ պատանիները խմբակներին մասնակցում են անվճար: Կենտրոնի սաներն արդեն իսկ հաջողություններ են գրանցել Ղարաբաղի, Հայաստանի եւ համահայկական տարբեր միջոցառումներում: Գյուղի դպրոցի շենքում եւ մանկապարտեզում  պայմանները նույնպես նորմալ են: Դպրոցը հիմա 50 աշակերտ ունի, իսկ մանկապարտեզը` 16 սան:

Մանկապարտեզը  գործում է Հայ օգնության միության հովանավորությամբ: Մ. Պետոյանի խոսքերով` պետության միջոցներով ավարտին է մոտենում գյուղի բազմազավակ 2 ընտանիքների համար կառուցվող բնակելի տների շինարարությունը: Գյուղում այժմ 9 եւ 6 երեխա ունեցող մեկական ընտանիքներ են ապրում, իսկ մնացած ընտանիքներում հիմնականում չորս երեխա կա: Երիտասարդների զբաղվածության խնդիրը եւս ինչ-որ չափով լուծված է. նրանցից շատերն աշխատանք ունեն շրջկենտրոնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter