Կեղծ մրցույթ` հումանիստական նպատակներով
Լուսինե Թոփլաղալցյան
Համաձայն «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հրապարակված հայտարարության` 2009 թ. մայիսի 11-ին, ժամը 1100 -ին, Գեղարքունիքի մարզի Վանեւանի համայնքապետարանում պետք է կայանար համայնքային սեփականություն հանդիսացող վարելահողերի վարձակալության մրցույթ: Մրցույթին ներկայացված էր 110 հա գյուղատնտեսական նշանակության վարելահող:
Նշված օրը եւ նշված ժամին Վանեւանի համայնքապետարանում տեղի ունենալիք մրցույթի առնչությամբ որեւէ նախապատրաստական աշխատանք չէր տարվում: Համայնքապետարանի միակ աշխատակիցը` հաշվապահը, գյուղի բնակիչներից մի քանիսի հետ կանգնած էր դրսում, բայց երբ հայտնեցինք, որ եկել ենք մրցույթին մասնակցելու համար, ներս հրավիրեց: Հաշվապահը, անհարմար զգալով համայնքապետարանի նախամուտքի եւ միակ սենյակի սանիտարական անմխիթար վիճակից, ինչ-որ բան ասաց հավաքարարի գալ-չգալու մասին: Ներսում այնքան ցուրտ էր, որ ոչ միայն նստել, այլեւ մի քանի րոպե կանգնել անգամ հնարավոր չէր: Ոչ միայն ցուրտը, այլեւ հնամաշ գույքը եւ վաղուց չմաքրված փոշոտ աշխատասեղանները վկայում էին, որ այստեղ «աշխատում են» ոտքի վրա, անհրաժեշտության դեպքում, ասենք, մարդկանց տեղեկանք տալու կամ մարզպետարանից եկած գրություններին պատասխանելու ժամանակ: Պատուհանի կոտրված ապակին հնարավորություն էր տալիս ենթադրելու, որ խստաշունչ կլիմայական պայմաններ ունեցող Վանեւանում համայնքապետարանի աշխատակիցներն ակամա երկարատեւ արձակուրդ են ունեցել: Աշխատանքային անբարենպաստ պայմանների պատկերը թերի կլիներ, եթե դրանց չհավելեինք տեղեկատվական վահանակի եւ տեղեկատու նյութերի իսպառ բացակայությունը համայնքապետարանում, որոնք վահանակների բացակայության դեպքում սովորաբար փակցվում են պատերին կամ պատուհաններին: Հաշվապահ Ալավերդի Միքայելյանը հավաստիացրեց, որ մրցույթի մասին հայտարարությունը փակցրել են պատին, սակայն երեխաները պոկել են: Չնայած նման դեպքերում որպես հիմնական մեղավորներ հիշատակվում են երեխաները, այդուհանդերձ նկատենք, որ ՏԻՄ ներկայացուցիչներն աշխատում եւ աշխատավարձ են ստանում նաեւ տեղեկությունները փակցնելու տեղերը ճիշտ որոշելու եւ դրանք ժամանակին ու տեղին փակցնելու համար: Տվյալ դեպքում, հողերի վարձակալության մրցույթ անցկացնելու վերաբերյալ հայտարարության բացակայության մասին մեր դիտողությունն ընդունելով` համայնքապետարանի աշխատակիցը «Հայաստանի Հանրապետություն» թերթի համապատասխան էջի պատճենը ներսից փակցրեց համայնքապետարանի պատուհանին: Թեպետեւ փակցված հայտարարությունը որեւէ մեկին այլեւս պետք չէր, սակայն մեծ ցանկության դեպքում անգամ հայտարարությունը հնարավոր չէր կարդալ` տեքստի մանր տառատեսակի եւ տեղադրման բարձրություն պատճառով: Մրցութային հանձնաժողովի անդամները նշանակված ժամից ուշանում էին, ուստի Ա. Միքայելյանը հեռախոսով իրավասու անձին (հավանաբար համայնքապետին) «հիշեցրեց» մրցույթի մասին: Նա նաեւ հաստատեց, որ մրցութային հայտերը ներկայացված են: Քիչ անց եկավ համայնքի ղեկավարը եւ հայտնեց, որ սա նոր մրցույթ չէ: 2006 թ. սեպտեմբերին համայնքում տեղի է ունեցել համայնքային սեփականություն հանդիսացող վարելահողերի վարձակալության մրցույթ, սակայն 7-8 վարձակալներ չեն իրականացրել հողամասերի պետական գրանցում: Ըստ էության, բոլոր վարելահողերն էլ ունեն իրենց փաստացի օգտագործողները, եւ իրենք ստիպված են եղել մրցույթի վերաբերյալ հայտարարություն տալ թերթում միայն այն նպատակով, որ մարդիկ կարողանան օրենքով սահմանված ժամկետում դիմել նոտարական գրասենյակ եւ օրինականացնել վարձակալությունը: Համայնքի ղեկավար Նորայր Հարությունյանը նույնպես հաստատեց, որ հայտեր ներկայացվել են: Իսկ երբ առաջարկեցինք ցույց տալ մրցութային հանձնաժողովի փաստաթղթերը, համայնքի ղեկավարն ուղղակի հարցրեց, թե արդյո՞ք իրավունք ունենք տեսնելու այդ փաստաթղթերը: Երբ նշեցինք, որ անկախ ամեն ինչից, մրցույթը պետք է կայանար օրենքի պահանջներին համապատասխան, համայնքի ղեկավարն արդեն բարկացավ ու հայտարարեց, որ մրցույթն արդեն կայացել է, եւ որ ինքը շատ լավ հասկանում ու շատ լավ տեղյակ է օրենքի պահանջներից: «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի հիշատակումը նույնպես դուր չեկավ համայնքի ղեկավարին, եւ նա շտապեց նշել, որ այդ օրենքից ինքը նույնպես տեղյակ է: Իսկ նրանում, որ կեղծ կամ ձեւական մրցույթը նախորդի շարունակությունն է, մեղավոր են ոչ թե իրենք, այլ` բնակիչները: Համայնքապետին դարձյալ հիշեցրինք, որ ըստ «ՀՀ հողային օրենսգրքի»` մրցույթին մաuնակցելու հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթի անցկացման oրվանից 3 աշխատանքային oր առաջ: Որքան էլ մոտեցումը ձեւական լիներ, վարձակալները պետք է նոր հայտեր ներկայացնեին, եւ հայտերի ընդունումը մրցույթի օրվանից 3 օր առաջ պետք է դադարեցվեր: Մինչդեռ, մեզ ներկայացվեցին երեք տարի առաջվա` 2006 թ. մրցույթին մասնակցելու համար ներկայացված հայտերը:
Զրույցին ներկա համայնքի բնակիչների առջեւ իր հեղինակությունը «փրկելու» համար համայնքի ղեկավարը նաեւ նշեց, որ իրենց գյուղացի Հայկազի նման չենք հասկանում իրեն, որ մարդիկ նյութական վատ վիճակում են գտնվում, որ ստեղծված վիճակի պատճառով իրենք չեն կարողանում հարկ հավաքել եւ այլն, եւ այլն: Ասված մտքերի ենթատեքստն էլ հետեւյալն էր. թողեք ապրենք, ի՞նչ եք տառակերություն անում... Աշխատակազմի քարտուղարը աշխատանքի չէր ներկայացել, այլ «գործով գնացել էր ռայոն»: Մրցութային հանձնաժողովի մյուս անդամները եւս այդպես էլ չներկայացան:
Համայնքի ղեկավարը կարճ ու հստակ բացատրեց, թե ինչպես պետք է վարվեին Վանեւանի տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչները` փաստաթղթերը կգրեն, պայմանագրերը կնորացնեն, իրենք են ու իրենց համայնքի բնակիչները. ո՞վ կիմանա:
Հավանաբար հենց նույն տրամաբանությամբ է սոցներդրումների հիմնադրամի միջոցներով նախագծվել խմելու այն ջրագիծը, որի կառուցումից հետո Գեղարքունիքի մարզի հարեւան 3 համայնքներ` Վանեւանը, Ծովակը եւ Լուսակունքը, պիտի խմելու ջուր ունենային: Վանեւանի համայնքապետարանում փակցված է մի ոսկեգույն ցուցանակ, որը տեղեկացնում է վերոհիշյալ ջրագիծը կառուցելու մասին, սակայն ծախսված զգալի գումարների դիմաց Վանեւանի բնակիչները ջուր չեն ստացել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել