«Մեկ կադր, մեկ րոպե» փառատոնը մեկնարկել է
Մայիսի 17-ն տեղի ունեցավ «Մեկ կադր, մեկ րոպե» կինոփառատոնի 7-րդ շրջանի բացումը : Այս տարի գրանցվել է մասնակիցների ռեկորդային թիվ` 106-ը: Այսօր ժամը 19:30-ին սկսվում է փառատոնի մրցութային փուլը:
Մինչեւ մայիսի 24-ը ՆՓԱԿ-ում (Նորարար փորձառական արվեստի կենտրոն) ամեն օր կցուցադրվեն մեկ րոպեանոց 90 ֆիլմեր, տասնյակ արտամրցութային կարճամետրաժ եւ մի քանի լիամետրաժ ֆիլմեր:
Այս տարի փառատոնը միավորել է Հայաստանի, ԱՊՀ եւ Եվրոպական մի շարք երկրների փորձարարական կինոարտադրողների բազմաբնույթ ֆիլմեր:
Ամեն օր ժամը 12:00 -20:00 ՆՓԱԿ-ում կցուցադրվեն ֆիլմեր, իսկ 20:00-ից կսկսվեն ֆիլմերի մասին բանավեճերն ու քննարկումները: Փառատոնի շրջանակում նաեւ կանցկացվեն վարպետության դասեր:
Փառատոնի ժյուրիի կազմում ընդգրկված են Կինոարտադրության ռեժիսոր Արա Շիրինյանը, ռեժիսոր Արզուման Հարությունյանը,հեռուստալրագրող Նունե Ալեքսանյանը, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանը, ինչպես նաեւ կինոգետ, թարգմանիչ եւ խմբագիր Զավեն Բոյաջյանը:
Այս տարի սահմանված է «Լրագրողների համակրանք» մրցանակը,որը շնորհելու են մի խումբ լրագրողներից կազմված ժյուրին, նաեւ, ինչպես ամեն տարի, լինելու է մրցանակ հենց մասնակիցների կողմից` «Հեղինակների ձայն» մրցանակը:
Այս տարի փառատոնի նախագահ Գագիկ Ղազարէն իր կողմից շնորհելու է «Կինո առանց սահմանների» անվանակարգում մրցանակ: Կան նաեւ ավանդական «Մեկ կադր, մեկ րոպե» անվանակարգում մրցանակ եւ «Կարճ ֆիլմերի» անվանակարգում սահմանված մրցանակ: Փառատոնի ողջ ընթացքում մուտքն ազատ է բոլորի համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել