«Ավագանու նիստը անվտանգության խորհրդի նիստ չէ»
«Հանրությանը տեղեկատվություն տալու գործում համայնքապետերն ամենեւին շահագրգիռ չեն, իրենց դա պետք չէ: Սա շատ հաճախ գալիս է նրանից, որ նրանք, իրենց իսկ մեկնաբանմամբ, ավելի լավ գիտեն ժողովրդի «լավը», քան ժողովուրդն ինքը»,- ասում է «Ասպարեզ» լրագրողների ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը:
Լեւոն Բարսեղյանի կարծիքով` համայնքային իշխանությունների վրա հանրությունը կարող է ազդել եւ ստիպել իր ընտրյալներին աշխատել: Ըստ նրա` գործընթացներին մասնակցելու 2 մոդել գոյություն ունի` մրցակցային եւ մասնակցային: Գյումրի քաղաքում «Ասպարեզը» եւ մի շարք այլ հասարակական կազմակերպություններ փորձել են կիրառել մասնակցային մոդելը, բայց ձախողվել են: Գյումրու ավագանու նիստերին ներկայացրած իրենց բոլոր առաջարկները մերժվել են, իսկ դրանք միտված են եղել բարելավելու համայնքի բնակչի կյանքը: Իհարկե, իրենք հուսահատված չեն, պարզապես մարտավարությունն են փոխել եւ այսուհետ ղեկավարվելու են մրցակցային մոդելով: «Որքան համայնքային բնակչության տեղեկատվության մակարդակը բարձր է, այնքան համայնքի ղեկավարմանը մասնակցելու ցանկությունն աճում է: Հսկելու համար տեղեկացված պետք է լինել, տեղեկացված լինելու համար պիտի հսկել»,- բացատրում է Լ. Բարսեղյանը: Շիրակի մարզպետարանի ՏԻՄ եւ հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման վարչության պետ Կառլեն Աբրահամյանը զրույցի ընթացքում արտահայտեց գրեթե նույն միտքը, միայն մեկ վերապահումով` վերջին 3 տարիներին մարզպետարանի իրականացրած վարչական-ֆինանսական վերահսկողությունը համայնքներում տվել է իր պտուղները, ղեկավարները սկսել են աշխատել, իսկ շատ համայնքներում արձանագրվել են լավագույն արդյունքներ: 2006 թ. նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանի նախաձեռնությամբ եւ համապատասխան նախարարության համաձայնությամբ Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական ու տարածքային վարչությունների աշխատակիցներից կազմված խմբերն ուսումնասիրություններ են իրականացրել մարզի բոլոր համայնքներում, բացառությամբ Գյումրի քաղաքի: Այստեղ ուսումնասիրություններ իրականացրել են Տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչները: Ի՞նչ են բացահայտել մարզպետարանի աշխատակիցները մարզի 118 համայնքներում: Օրինակ` Շիրակի մարզի Սիզավետ համայնքում 2008 թ. սեպտեմբերին անցկացրած ստուգումների արդյունքում պարզվել է, որ համայնքային բյուջե մուտք եղած գումարները ծախսվել են միայն աշխատավարձերի, սոց.ապահովագրության վճարների ու գործուղումների համար: Իսկ բյուջեով նախատեսված կապի, կոմունալ ծառայություների, գրասենյակային ապրանքների գնման ու ձեռք բերման հոդվածներով ֆինանսական միջոցներ չեն ծախսվել: Մարզի մեկ այլ` Սարատակ համայնքում 2008 թ. մարտին կատարված ուսումնասիրությունից պարզվել է, որ համայնքի ավագանու լիազորությունների եւ համայնքի ղեկավարի սեփական ու պատվիրակված լիազորությունների իրականացման ուղղությամբ առկա են որոշ թերություններ ու բացթողումներ: Այսպես` համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների կողմից «ՏԻՄ մասին» օրենքի թիվ 12 հոդվածով սահմանված կարգով չեն ձեւավորվել ավագանու նիստերի օրակարգերի եւ դրանցում քննարկման ներկայացվող հարցերի որոշումների նախագծերը: Ավագանու նիստերի արձանագրությունները չեն կազմվել «ՏԻՄ մասին» ՀՀ օրենքի թիվ 14 հոդվածի պահանջներին համապատասխան եւ 7-օրյա ժամկետում չեն ուղարկվել Շիրակի մարզպետարան: Համայնքի ավագանու 2008 թ. փետրվար ամսվա նիստում չեն հաստատվել համայնքային ենթակայության նախակրթարանի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը եւ պաշտոնյայի դրույքաչափերը: Չեն ձեւակերպվել նաեւ համայնքի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցներին օրենքով սահմանված կարգով ամենամյա վճարովի արձակուրդները: Շիրակի մարզի Հայրենյաց գյուղում կատարված ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ համայնքապետարանը չի կատարել 2006-08 թթ. Եռամյա ծրագրով նախատեսված աշխատանքները` գյուղամիջյան կամրջի վերանորոգման եւ տարեկան 10 տոննա հացահատիկի սերմացու ներկրելու վերաբերյալ: Ցածր է համայնքի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների աշխատանքային ու կատարողական կարգապահությունը: Համայնքի ղեկավարը չի ապահովել բյուջեի կատարումը, իսկ հավաքած գումարները, հիմանականում, ծախսվել են աշխատավարձերի եւ սոց.ապահովագրության ֆոնդին կատարվող վճարումների համար: Բյուջեով նախատեսված աղբահանության, փողոցների մաքրման, ջրամատակարարման, կոյուղու համակարգի շահագործման, համայնքային ենթակայության ճանապարհների վերանորոգման եւ շահագործման հոդվածներով գումարները մասամբ են ծախսվել: Այնպիսի չարաշահումներ, որոնք ստիպեն մարզային իշխանություններին դիմել Կառավարություն տվյալ համայնքապետի պաշտոնանկության խնդրով` չի եղել, սակայն արձանագրվել են բազմաթիվ բացթողումներ: Կառլեն Աբրահամյանը ցավով է նշում, որ մինչեւ մարզպետարանի կողմից ստուգումներ իրականացնելը եղել են համայնքներ, որտեղ սահմանված կարգով ավագանու նիստեր չեն կայացել կամ դրանք ձեւական բնույթ են կրել, ուղղակի թուղթ են մրոտել: Ներկայումս հասել են նրան, որ բոլոր համայնքներում կանոնավորապես, 2 ամիսը մեկ անգամ ավագանու նիստեր են գումարվում, եւ դրանց արձանագրությունները 7-օրյա ժամկետում ուղարկվում են մարզպետին: Մարզպետարանի տարածքային բաժնի պետը հիշեց, որ մարզի 9 համայնքների համայնքապետեր դատական վեճ են ունեցել «Ասպարեզ» ակումբի հետ, ու պատճառն օրենքի չիմացությունն է եղել: Ակումբը մարզի բոլոր համայնքներից գրավոր խնդրել էր տրամադրել ավագանու որոշումները: 9 համայնքապետեր արհամարհել էին այն: «Ես համայնքապետ գիտեմ, որ ավագանու նիստի արձանագրությունն անգամ ավագանու անդամին է հրաժարվել տալ կարդալու: Երբ հարցրել եմ, թե ինչու` պատճառաբանել է, որ նա նիստին ներկա չի եղել: Ստիպված եմ եղել պարզաբանել, որ ավագանու նիստը անվտանգության խորհրդի նիստ չէ»,- ասաց վարչության պետը: «Երեւի զարմանաք, բայց նախկինում համայնքի զարգացման եռամյա պլանը մարզի 2-3 համայնքների ղեկավարներ գրում էին, մնացածն, առանց էության մեջ խորանալու, արտագրում էին նրանցից»,- պատմում է Կ. Աբրահամյանը: Նրա ասելով` այդ արատավոր երեւույթը նույնպես վերացել է, եւ հիմա բոլոր համայնքապետերը նորմալ ռազմավարական պլաններ են կազմում: Կառլեն Աբրահամյանը նշում է, որ ուսումնասիրություններով ու վերահսկողությամբ հասնելու են նրան, որ եռամսյակը մեկ համայնքապետերն ավագանուն ներկայացնեն իրենց կատարած աշխատանքները: Նպատակը ավագանու պատասխանատվությունը բարձրացնելն է: Կ. Աբրահամյանի համոզմամբ` ավագանու ինստիտուտը դեռ անկատար է, եւ բոլոր թերակատարումները դրա հետեւանքն են: Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի կարծիքով` մեր հանրապետությունում ամեն ինչ գլխիվայր է` oրենքով համայնքային մարմինն է ավագանու «երեխան», սակայն Հայաստանում հակառակ պատկերն է: Օրինակ` Գյումրիի նման 3 միլիարդանոց բյուջե ունեցող քաղաքում ավագանին 13 տարի է նստավայր չունի: Այնինչ պետք է մի տեղ լինի, որտեղ ժողովուրդը հնարավորություն ունենա հանդիպելու իր ընտրյալների հետ, առաջարկներ ու ծրագրեր քննարկի: «Չեն ուզում մի սենյակ վարձել` պատճառաբանելով, թե փող չկա, բայց այդ բյուջեն հաստատողը հենց նույն ավագանին է, ուրեմն ինչու՞ է այդ բյուջեն հաստատում»,- զարմանում է Լ. Բարսեղյանը: Եռամյա ուսումնասիրություններն ամփոփելով` Շիրակի մարզի տարածքային բաժնի պետը շեշտեց, որ արձանագրած բոլոր թերացումներն ավագանու ինստիտուտի անկատարության հետեւանք են: Օրենսդիր մարմինն իր տեղում չէ: Հնարավոր է` շատ խնդիրներ կկարգավորվեն «ՏԻՄ մասին» օրենքում իրականացվելիք փոփոխություններից հետո, որի մասին առաջիկա մարզխորհրդի նիստում իրենք պատրաստվում են իրազեկել համայնքապետերին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել