HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սվերդլովցիների խմելու ջուր ունենալուն հիմա էլ տնտեսական ճգնաժամն է խոչընդոտում

Սվերդլովը Լոռու մարզի աղքատ ու հեռավոր համայնքներից է: Այն ավելի մոտ է հարեւան Վրաստանին, քան մարզկենտրոն Վանաձորին: Հեռավորությունը, կարծես թե, իրենն արել է. 1200 բնակիչ ունեցող համայնքն իր խնդիրների հետ միայնակ է մնացել:

Առաջին խնդիրը, որն անհապաղ լուծման կարիք ունի, խմելու ջրով սվերդլովցուն ապահովելն է: Բնակիչները խմում են սարերից եկող ջուրը: Խմում են, որովհետեւ խմելու այլ ջուր չունեն: Հիգիենիկ հակահամաճարակային կենտրոնից սվերդլովցիներին արգելել են ջուրը խմել կամ էլ օգտագործել կերակուրներ պատրաստելու համար: Համայնքապետ Կամսար Չերքեզյանը գյուղացիներին խորհուրդ է տվել եռացնել, հետո միայն օգտագործել: «Սանէպիդկայանն ըտենց էլ չի թույլ տալիս»,- ասում է համայնքապետն ու ավելացնում, որ դեռեւս չեն բացահայտվել հիվանդություններ, որոնց պատճառը խմելու ջուրը լինի: Այնինչ գյուղացիները հակառակն են պատմում: Օլգա Մուրադյանը հիշում է, թե ինչպես 1,5 տարի առաջ գյուղի երեխաների մոտ աղիքային հիվանդություններ արձանագրվեցին, ամբողջ դպրոցը 10 օր ազատ էր արձակվել լուծի պատճառով, հետո փակվեց նաեւ դպրոցի ճաշարանը: Օ. Մուրադյանի ընտանիքում խմելու ջուրը բերում են գյուղի մուտքի մոտ գտնվող աղբյուրից` բեռնասայլակով, դույլերը ջրով լցնում ու տուն բերելուց հետո եռացնում են: 18_05-satenik«Մեր էս երկու տունը ջրհորներից ա ջուր բերում: Խմելու չի էդ ջուրը: Խմելու համար գնում ենք, ներքեւից ենք բերում` 1-2 դույլ, էդ ենք խմում եռացնելուց հետո, մենակ համը տենաս»,- պատմում է նրա հարեւանուհին` Սաթենիկ Դոլմազյանը, որը 20 տարի առաջ է հարս եկել գյուղ ու եկած օրվանից «ջրի երես» չի տեսել: Գյուղի կանայք հագուստի լվացման նորագույն սարքավորումներից օգտվելու հնարավորության դեպքում անգամ կերազեն լվացքի մեքենայի մասին` «լվացքի կիսաավտոմատ մեքենան չենք կարողանում օգտագործել, ջուրը լցնում ենք, փչանում ա»,- նկատում է Սաթենիկ Դոլմազյանը: Սվերդլովը Խորհրդային Միության տարիներին խմելու ջուր ուներ: 7 կմ հեռավորությամբ գտնվող Ստեփանավան քաղաքից ջրախողովակով գյուղը ջուր էր մտնում: «Մարդիկ լվացքի մեքենաներով իրենց լվացքը արել են, էն ժամանակ բոլորը հավասարապես ջուր են ունեցել: Հետո էդ ցանցը չվերանորոգեցին, փչացավ, դրա համար ջուրը կտրվեց»,- հիշում է համայնքապետը: Փաստորեն, Ստեփանավանից գյուղ հասնող ջրախողովակը մաշվել է, քայքայվել է գյուղի ջրամատակարարման ներքին ցանցը: Համայնքապետն ասում է, թե ավելի հարմար է սարերից եկող ինքնահոս ջուրը խողովակներով հասցնել գյուղ, քան շահագործել քայքայված ջրահամակարգը: «Մեր գյուղի սարերի ջուրն ավելի լավն ա, քանի որ կարող ենք ինքնահոս ջուր ունենալ»,- հիմնավորում է համայնքապետը: Նրա հաշվարկներով` սարերից ջուրը գյուղ հասցնելը կարժենա 12 մլն դրամ` ճիշտ համայնքի տարեկան բյուջեի չափ: Պահանջվող գումարը հարկավոր է 7 կիլոմետր ջրախողովակ անցկացնելու, մաքրման կայան կառուցելու համար: Գումարի 10 տոկոսը` 1,2 միլիոն դրամը, կհատկացնեն World Vision եւ հոլանադական «Կանայք հանուն մաքուր շրջակա միջավայրի» կազմակերպութւունները Ստեփանավանի «Լոռի» էկոակումբի հետ միասին: Էկոակումբի նախագահ Մանյա Մելիքջանյանն ասում է, որ ոչ թե գումարը կհատկացնեն, այլ` գումարի դիմաց պահանջվող տեխնիկան` «մենք կօգնենք խողովակներով, շինանյութերով, բայց իրենք պետք է կառուցեն»: Սվերդլովցիները համաձայն են հավաքվել ու սարից ջուրը գյուղ հասցնելու աշխատանքները սեփական ուժերով կատարել: Սակայն միայն միջազգային կազմակերպությունների ներդրումներով գործը գլուխ չի գա, քանի որ նրանց տրամադրած գումարը կբավականացնի 7 կմ-ոց ջրագծի միայն 2,5 կմ-ի համար: Համայնքապետը որոշել է խնդրանքով դիմել ՀՀ Կառավարությանն ու միջազգային կազմակերպություններին, թեեւ ասում է, որ Կառավարությունը տեղյակ է խնդրին ու արդեն պատասխանել է, թե միջազգային տնտեսական ճգնաժամի պայմաններում դժվար թե լուծի Սվերդլովի ջրի խնդիրը: Գյուղի հույսը մնում են կամ միջազգային կազմակերպությունները, կամ էլ` տեղական բյուջեն: «Եթե գյուղացին լավ աշխատի, պարտաճանաչ իր հարկերը վճարի, գյուղը ջրագիծ անցկացնելու հնարավորություն կունենա»,- ասում է համայնքապետ Կամսար Չերքեզյանը: Համայնքի անցած` 2008 թ. բյուջեն հավաքագրվել է 60 %-ով: Հիմնական պատճառն, ըստ համայնքապետի, չմշակվող հողերն են: Բնակչության 70-80 %-ն աղքատ է ու ի վիճակի չէ հող մշակել` վարել, ցանել: «Հետո, որ ծայրամասային գյուղ ա, երեւի դրա համար ա հետ մղված, լրիվ անտեսված, մենակ ջուրը չի, է, անցյալ տարի հիվանդություններ ընկան, երեխեքին տարան հիվանդանոց, լուծ էր, էս ջրի պատճառով էր հիմնականում, ջուրն առանց եռացնելու հնարավոր չի խմել: Տարվա կեսը ջուր չենք էլ ունենում, սառում ա, մենակ էս անձրեւների ժամանակ ա ջուր գալիս»,- բողոքում է սվերդլովցի Արթուր Մուրադյանը: Գյուղում ով կարողանում, արտագնա աշխատանքի է գնում, սակայն տնտեսական ճգնաժամի պատճառով այս հնարավորությունից էլ է զրկվել սվերդլովցին: Սվերդլովում հույս ունեն, որ գոնե աշնանը մի հնար կանեն ու մաքուր ջուր կխմեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter