HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ֆինանսական օգնություն են տալիս միայն հաց ու ուտելիք գնելու համար

Սարգսյան Անահիտը 7 անչափահաս երեխաների մայր է: Նրանց ընտանիքում ոչ ոք չի աշխատում, եւ ընտանիքի 9 անդամներն ապրում են նպաստով: «Ամուսինս տանն անգործ նստած է, չի աշխատում: Բայց եթե աշխատանք լինում ա` չի ծուլանում, աշխատում ա, օրավարձով բանվորություն է անում:

Էդ գործն էլ սեզոնային ա, ամբողջ ձմեռ պարապ ա եղել, հիմա էլ ման ա գալիս, որ գործ գտնի: Մենակ «Փարոսի» հույսին ենք մնացել. էդ էլ չլիներ, սովից կկոտորվեինք: Բայց էդ գումարը որտեղի՞ց բավարար լինի. դպրոցի հոգսերն էլ չենք կարում հոգանք: Մինչեւ հիմա երեխաների գրենական պիտույքների, գրքերի ու հագուստների գումարի պարտք ունենք, հեսա արդեն տարին կլրանա: Ոչ մի տեղից օգնություն չկա, մարզպետն էլ չի օգնում մեզ»,- «Հետքին» պատմում էր բազմազավակ մայր Անահիտ Սարգսյանը: Անահիտ Սարգսյանը «ազնվության համար» նշեց, որ մարզպետը մեկ անգամ 30 հազար դրամով օգնել է, սակայն որոշ ժամանակ անց իրեն հասցեագրված մյուս դիմումը կտրուկ մերժել է:

18_05-anahit-1

«Պատճառաբանել էր, թե «մեկ տարին դեռ չի լրացել, որ ձեզ օգնել եմ, երկրորդ անգամ նորից ինչի՞ համար ես դիմել»: Բայց կարիքն է ստիպել, որ դիմում եմ գրել: Երկրորդ անգամ մարզպետին խնդրել էի, որ երեխաներիս դպրոցական պարագաների ձեռք բերման հարցում օգներ, քանի որ չեմ ուզում, որ շոր, գիրք ու տետր չունենալու պատճառով դպրոցից ետ ընկնեն: Ինձ շոր կամ մեբել առնելու համար չէի մարզպետից փող ուզում: Էլ ոչ մեկին չեմ դիմել, որովհետեւ, եթե մարզպետն ինձ մերժեց, որ իր մարզի բնակիչ եմ, պարզ չի՞, որ ուրիշներն ավելի հանգիստ խղճով կմերժեն: Ես ազդվում եմ նման տեղեր դիմելուց: Ցանկանում էի, որ իմ մարզի մարդն ինձ օգնի, բայց եթե նա ինձ մերժեց, լրիվ հույսս կտրեցի, ու հիմա ընտանիքով մենք մեր յուղի մեջ տապակվում ենք: Մի երկու օր առաջ իմ երեխաները ուղիղ մեկ շաբաթ հաց բառը չեն իմացել, թե ինչ ա: Էնքան ենք սոված մնացել, մինչեւ նպաստը ստացել ենք, 25 կիլոգրամանոց մեշոկով ալյուր ենք առել, որ մի քանի օր յոլա գնանք: Արդեն երեսս չի բռնում, որ գնամ խանութից պարտքով բան ուզեմ, որովհետեւ գյուղում խանութ չկա, որին պարտք չլինենք: Եթե մեկ-մեկ հաշվեմ, երեւի սննդի, վառելիքի ու երեխաների հագուսի համար մի 2-3 հազար դոլորի պարտք ունենք, որը մի քանի տարիների ընթացքում է հավաքվել»,- պատմում էր Անահիտ Սարգսյանը:

Մենք զրուցեցինք նաեւ Արագածոտնի մարզպետարանի Սոցիալական աջակցության վարչության պետ Կարեն Շահազիզյանի հետ: Նա զարմացավ, որ այս ընտանիքի դիմումը մերժվել է, քանի որ իրենք առաջնահերթություն են տալիս հիմնականում բազմազավակներին, ծնողազուրկներին, ազատամարտիկներին:

«Այդ ընտանիքից ինչ-որ մեկին ասեք, թող մոտենա ինձ, տեսնեմ, թե ինչ են ուզում: Բայց ասեմ, որ մարզը 124 հազար բնակիչ ունի, ու մեր միջոցներն էլ անսպառ չեն: Շաբաթվա մեջ մի 20-30 նամակ եմ ստանում, որ ֆինանսական օգնություն են խնդրում: Համ էլ ասեմ, որ գումար տվողը ես չեմ: Մենք առաջարկությունը ներկայացնում ենք մարզպետին, ինքն էլ որոշում է գումար հատկացնե՞լ, թե՞ ոչ»,- ասաց Կ. Շահազիզյանը:

Զրույցից մի քանի րոպե անց նա զանգահարեց ու տեղեկացրեց, թե ուսումնասիրել է Անահիտ Սարգսյանի նամակը եւ պարզել, որ վերջինս Սասունիկ գյուղի գրանցում չունի, եւ այդ պատճառով էլ դիմումը մերժվել է, իսկ 08.02.2008 թվականին նրա ամուսնուն հատկացրել են 30 հազար դրամ: Կ. Շահազիզյանն ասաց, որ թող այդ ընտանիքը նորից դիմում ներկայացնի, սակայն այս անգամ ընտանիքի հոր` Արթուր Սարգսյանի անունով: Այս առթիվ Անահիտն ասաց. «իրոք գյուղի գրանցում չունեմ, որովհետեւ փող չունենալու պատճառով մինչեւ հիմա տան սեփականաշնորհման վկայականը կադաստրից չեմ կարողանում վերցնել: Բոլոր փաստաթղթերը պատրաստ են, բայց գումար չկա, որ գնամ վճարումներն անեմ: Ասում են 20-30 հազար դրամի պատմություն է, բայց այսօրվա դրությամբ 10 դրամ էլ չունենք, ուր մնաց 30 հազար: Այս հարցով ում դիմեցի, մերժեցին: Նույնիսկ չեմ կարողանում իմ տան վրա գրանցվեմ, որ նման խնդիրների առաջ չկանգնեմ: Ասում են փաստացի գրանցելու համար տան վկայական է պետք, բա մա՞րդ էլ իրա տան մեջ հյուրի կարգավիճակով ապրի: Տան հետ կապված իմ անունով ոչ մի բան չեմ կարում անեմ, քանի որ փաստացի գրանցված չեմ»:

Նույնը հաղորդեցինք նաեւ Կարեն Շահազիզյանին: Նրա արձագանքը բացասական էր. «Այ դա չեղավ: Մենք գումար տալիս ենք միայն խիստ կարիքավորներին, որ գնան հաց առնեն: Կարող ա էգուց մեկն էլ գա ասի. «Ես սառնարան չունեմ. փող տվեք, որ գնամ սառնարան առնեմ»: Կադաստրի համար մենք գումար չենք հատկացնի»: Մեր այցելության պահին Սարգսյանների ընտանիքի հայրը` Արթուրը, գնացել էր աշխատանք փնտրելու, ու կինն անհամբեր սպասում էր, թե ամուսինը տուն է գալու աշխատանք գտնելու մասին լուրով: Երեխաները դպրոցում էին, իսկ 11-ամյա Լիլիթն ու 4-ամյա Մարգարիտան դեռ անկողնուց վեր չէին կացել: Մոր ասելով, աղջիկները հիվանդացել են, քանի որ նրանց դիմադրողականությունն այնքան է ընկել, որ նույնիսկ թեթեւ քամուց անկողին են ընկնում: 18_05-anahit-2

«9 հոգով մի փոքր սենյակում ենք ապրում, եւ այդքան էլ հարմար չի: Երեխաներն էլ են վատ զգում իրենց, մենք էլ: Երեխաները շորերով են քնում, որովհետեւ ամաչում են, թե հայրը իրենց կտեսնի»,- ասում է տիկին Անահիտը: Նա մեծ հույսեր է կապում իրենց գյուղապետի հետ, թեեւ մինչ օրս նրանց ոչ մի ֆինանսական օգնություն չի տրամադրել: «Մեր գյուղապետը նոր է ընտրվել. մի քանի ամիս է, ինչ աշխատում է: Միգուցե նոր պիտի իր աջակցությունը մեզ ցույց տա. էդ հույսով սպասում եմ»,- ասաց նա: Այս օրերին էլ ահ ու դողով սպասում են, թե հնարավոր է, որ դատարանից իրենց անունով թուղթ գա, քանի որ խմելու ջրի պարտքեր ունեն, որոնք ընկերությունը պահանջում է վճարել: «Խմելու ջրի մոտ 300 հազար դրամի պարտք էր կուտակվել: Գնացել ջրմուղի պետին խնդրել եմ, մարդը պարտքիս մի մասը զիջել է. հիմա 179 հազար դրամ է թողել: Բայց ցավն այն է, որ դա էլ չեմ կարող վճարել: Ջրաչափ չունեի. որ պետն ինձ էդ կարգի լավություն արեց, ես էլ երեխուս բերանից հացի փողը կտրել, հաշվիչ եմ առել դրել, որ գոնե օգտագործած ջրի չափով վճարեմ: Վախենում եմ, որ մի օր դատարանից թուղթ կուղարկեն, թե գումարը պիտի բռնագանձենք»,-պատմում էր Անահիտը: Հարեւանների ասելով, ձմռանը փայտ չունենալու պատճառով Արթուրը ստիպված կոտրել ու վառել է տան կիսակառույց երկրորդ հարկի դռներն ու պատուհանները: Սարգսյանների ընտանիք մեզ ուղեկցեց Սասունիկի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Սուսաննա Հակոբյանը: Նրանից էլ հետաքրքրվեցինք, թե բազմազավակ ընտանիքին ինչու չեն օգնում:

«Այս ընտանիքին վաղուց եմ ճանաչում: Եթե չասեմ Սասունիկի անապահով ընտանիքներից թիվ մեկն է, ապա հաստատ թիվ մեկից պակաս չէ: Իրոք, շատ վատ են ապրում: Ընտանիքի միակ ֆինանսական աղբյուրը պետությունից տրվող նպաստն է, բայց այդ գումարն էլ չի բավարարում այդ մարդկանց գոնե մինիմում կենցաղային ու սննդի հարցերը լուծելու համար: Վերջերս մարզպետարան ենք ներկայացրել 4 եւ ավելի երեխա ունեցող անապահով ընտանիքների ցուցակը, որ հարկ եղած դեպքում նրանց օգնություն տան: Դե, դուք էլ շատ լավ գիտեք, որ տեղական ինքնակառավարման մարմին ենք եւ գոյատեւում ենք հարկերի ու տուրքերի հաշվին: Եթե այսօր գյուղացին անապահով վիճակում է, ինչպե՞ս կարող է հարկ վճարել, որ մենք էլ բյուջե գոյացնենք ու այդ գումարներով էլ նման ընտանիքներին օգնենք: Այս պահի դրությամբ չունենք նման գումարներ, որ անապահովներին օգնենք, բայց տարվա ընթացքում մենք նախատեսել ենք: Ես նախատեսել եմ, որ կոնկրետ այս ընտանիքին անպայման մի բանով օգնենք», -ասաց Սուսաննա Հակոբյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter