HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Հակասականության սինդրոմ. ընդդիմության քարոզչական մարտավարության առանձնահատկությունները

Մայիսի 15-ին կայացած ՀԱԿ հերթական հանրահավաքի ընթացքում ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած ելույթը հստակորեն ցույց տվեց, որ Կոնգրեսն ընդհանուր առմամբ չի փոխել իր քարոզչական մարտավարությունը Երեւանի ավագանու ընտրություններում։ Այն շարունակում է դիտարկվել որպես համահանրապետական նշանակության միջոցառում, որը պայմանավորելու է Հայաստանի հետագա ներքին եւ արտաքին քաղաքական կուրսը։

Հանրահավաքից մի քանի օր առաջ ՀԱԿ-ը հրապարակեց իր նախընտրական ծրագիրը։ Սակայն Կոնգրեսի համամասնական ցուցակը գլխավորող Տեր-Պետրոսյանն իր ելույթում ոչ մի խոսք չասաց այդ ծրագրով նախատեսվող միջոցառումների կամ գոնե Երեւանի վերաբերյալ ՀԱԿ-ի պատկերացումների մասին։ Դա հստակորեն ցույց տվեց, որ ծրագիրը ոչ միայն կազմվել է զուտ պլան կատարելու համար, այլեւ որ այն ընդդիմության համար այս ընտրություններում բացարձակապես ոչ մի նշանակություն չունի։ Ըստ էության, մայիսի 1-ի հանրահավաքից կարելի է եզրակացնել, որ ընդդիմության համար հիմնական եւ, թերեւս, միակ գործոնը, որը խաղարկվում է «ավագանու ընտրությունները՝ նախագահական ընտրություններ» ծրագրի կենսագործման համատեքստում, մնում է ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը, որն այս ընթացքում խոցելի է առավել, քան երբեւէ։ Իր ելույթում Տեր-Պետրոսյանը ողջ շեշտադրումը կատարեց Սերժ Սարգսյանի վարած արտաքին դիվանագիտության ձախողումների, թուրքական սահմանը բացելու հարցում հուսախաբությունների վրա, որոնք, ըստ Տեր-Պետրոսյանի՝ Հայաստանին կանգնեցրել են չափազանց ծանր դրության առաջ։ Սակայն երբ ուշադրություն ենք դարձնում նման եզրահանգումների համար Տեր-Պետրոսյանի կողմից բերվող հիմնավորումներին, նրա խոսքերի հակասականությունը դառնում է ակնհայտ։ «Սարգսյանն, ակնհայտորեն իրեն Ամերիկայի եւ Թուրքիայի կողմից խաբված է զգում, քանի որ նույնիսկ Ցեղասպանությունն ուրանալու դիմաց հայ-թուրքական սահմանը չբացվեց, եւ Թուրքիան, ԱՄՆ-ում Հայոց Ցեղասպանության ճանաչման վտանգը կանխելու իր անմիջական խնդիրը լոծելուց հետո, կրկին վերադարձավ Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ պայմանավորելու իր նախկին դիրքորոշմանը։ Նրան ասացին՝ Ցեղասպանությունը տուր, այսինքն՝ համաձայնիր հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը, եւ մենք կբացենք սահմանը։ Ցեղասպանությունը ստացան, բայց սահմանը չբացեցին։ Իսկ այժմ ասում են՝ Ղարաբաղը տուր, եւ մենք կբացենք սահմանը»,- ներկայացնելով ներկայումս ստեղծված իրավիճակը՝ հանրահավաքի ժամանակ ասաց Տեր-Պետրոսյանը։ Իսկ ահա ընդամենը 15 օր առաջ՝ մայիսի 1-ին ՀԱԿ-ի կազմակերպած նախորդ հանրահավաքի ժամանակ, ՀՀ առաջին նախագահը հայտարարում էր. «Հայ ազգային կոնգրեսը, բացառությամբ իր մասը կազմող մի կազմակերպության, կողմ է հայ-թուրքական հարաբերությունների շուտափույթ կարգավորմանը եւ պատրաստ է այդ հարցում աջակցել Հայաստանի իշխանությունների ձեռնարկած բոլոր դրական քայլերին։ Մեր միակ առարկությունը վերաբերում է ցեղասպանության ուսումնասիրման նպատակով հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը»։ Ավելին, ընդամենը 15 օր առաջ Տեր-Պետրոսյանն ինքն էր հավատում, թե Թուրքիան իսկապես հրաժարվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար ԼՂ հակամարտության կարգավորումն իբրեւ նախապայման առաջադրելու քաղաքական կուրսից։ «...Թվում է, թե մենք գործ ունենք միջպետական հարաբերությունների հաստատման մի լուրջ մտադրության հետ՝ մանավանդ նկատի ունենալով, որ Թուրքիան կարծես թե հրաժարվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Ղարաբաղի խնդրի լուծմամբ պայմանավորելու իր նախկին ապակառուցողական դիրքորոշումից...»,- մայիսի 1-ին ասում էր Տեր-Պետրոսյանը։ Վերջին իր ելույթի ժամանակ, սակայն, Տեր-Պետրոսյանը ոչ միայն չի բացատրում, թե ինչու էր այդքան համոզված, որ Թուրքիան անկեղծ է Հայաստանի հետ սահմանները բացելու եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար ԼՂ հիմնախնդրի նախապայմանից հրաժարվելու ցանկություն հայտնելիս եւ թե ինչու եւ ինչպես խաբեց Հայաստանին ու միջազգային հանրությանը, այլեւ ակնհայտորեն փորձում է այդ հանգամանքը գործածել իշխանության դեմ։ Չնայած իշխանությունների դրական ձեռնարկումներին օժանդակելու նախկինում հայտնած պատրաստակամությանը՝ Տեր-Պետրոսյանը իշխանությանը ստեղծված իրավիճակից առաջարկում է այնպիսի ելքեր, որոնք վերջինիս համար այլ կերպ, քան կապիտուլյացիա, դժվար է որակել։ «Սերժ Սարգսյանն ունի երկրի ներկա փակուղային վիճակից դուրս գալու երկու ճանապարհ։ 1. Կոնսոլիդացնել ազգը, որի համար անհրաժեշտ է անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին եւ երկխոսություն սկսել Հայ ազգային կոնգրեսի ու ընդդիմության մյուս ուժերի հետ, իսկ նկատի ունենալով ներքաղաքական ընթացիկ օրակարգը՝ նաեւ ապահովել Երեւանի ավագանու ընտրությունների բացարձակ օրինականությունը։ 2. Խոստովանելով երկրի առջեւ կանգնած խնդիրների հաղթահարման գործում դրսեւորած սեփական ապիկարությունը՝ պատվով հրաժարական տալ ու հեռանալ քաղաքականությունից, քանի որ, ինչպես ցույց տվեց վերջին մեկ տարվա մղձավանջը, քաղաքականությունը նրա համար ոչ թե պատասխանատվություն է, այլ շահավետ զբաղմունք կամ իշխանատենչության միջոց»։ Ընդ որում, այս երկու՝ փաստացի միեւնույն՝ իշխանափոխության հանգեցնող ճանապարհները Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին առաջադրում է իբրեւ երկընտրանք։ Սակայն արտաքին դիվանագիտական ճակատում կորսված դիրքերը վերականգնելու ուղղությամբ որեւէ առաջարկ, միջոց ՀՀ առաջին նախագահը չի ներկայացնում, ինչը հիմք կտար եզրակացնելու, որ իշխանություններին օժանդակելու՝ մայիսի 1-ին նրա հայտնած պատրաստակամությունն անկեղծ էր։ Ըստ էության, արտաքին գործոնները ներքին քաղաքական գործընթացներում օգտագործելու միտումը շարունակում է մնալ ընդդիմության քարոզչական մարտավարության հիմնական, եթե չասենք միակ «հարվածային ուժը»։ Ընդ որում, Տեր-Պետրոսյանի հիմնավորումը, թե ներքին քաղաքական իրողություններն են պայմանավորում արտաքին ճակատում կրած պարտությունները, հետեւաբար պետք է վերացնել ներքին պատճառները, այսինքն՝ «քոչարյանասերժական վարչախմբին», ներկայացվում է իբրեւ միակ տրամաբանական եզրահանգում։ «Մի՞թե վերոշարադրյալից հետո պարզ չպետք է լինի, որ ընտրությունների կեղծման, քաղաքական հալածանքների, ժողովրդավարության սահմանափակման, մարդու իրավունքների ոտնահարման, կոռուպցիայի դրսեւորման ցանկացած փաստ, վերջին հաշվով, երկրի վրա անդրադառնում է դիվանագիտական ճակատում կրած անխուսափելի պարտություններով»,-ասում է նա մայիսի 15-ին։ Այս մոտեցումը, որքան էլ հասկանալի լինի համապետական, նույնիսկ համազգային չափումներով, այնքան էլ չի տեղավորվում Երեւանի ավագանու ընտրությունների համատեքստում։ Եվ պատճառը բոլորովին այն չէ, որ արտաքին եւ ներքին քաղաքական իրողությունները միմյանցով պայմանավորելու՝ ընդդիմության այս մարտավարական մոտեցումը թույլ է ու չհիմնավորված։ Ընդհակառակը. այն խիստ տրամաբանական է ու հասկանալի։ Խնդիրն այն է, որ շարքային երեւանցի ընտրողը, ով այս ընտրություններից ակնկալում է հիմնականում իր բնակտարածքի, կենցաղի, սոցիալական ինչ-ինչ խնդիրների լուծում, այդ ըմբռնումը չունի եւ թերեւս, ընդհանուր առմամբ պատրաստ չէ երեւանյան այս ընտրությունները դիտարկել համապետական նշանակության պրիզմայով։ Դա գիտակցում են նաեւ ՀԱԿ-ում։ Հակառակ դեպքում ընտրարշավի մեկնարկից միայն 10 օր հետո Երեւանի հետ կապված նախընտրական ծրագիր կազմելու եւ հրապարակելու խնդիր չէր դրվի, իսկ Տեր-Պետրոսյանն իր ելույթում հենց այնպես, խոսքի վերջում չէր հիշի, թե իրենք այդպիսի մի ծրագիր ունեն, որը ընտրողներին ներկայացնում են թաղային մինի հանրահավաքների, բնակչության հետ հանդիպումների միջոցով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter