
«Մարդ կա, չգիտի, թե ինչ է հաց ու աղը, բայց պարոն Նիկոյանը գիտի, թե ինչ է և' աղը, և' հացը»,- երեկ խորհրդարանում ՕԵԿ խմբակցության անունից հայտարարել է պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
«ՉԻ» - Այո, երևի Ազգային ժողովում կան մարդիկ, ովքեր չգիտեն, որ հացը սննդամթերք է, իսկ աղը քիմիական նյութ է, ավելի կոնկրետ` նատրիումի քլորիդ: Բայց պրն Մարգարյանն, իհարկե, ոչ թե դա ի նկատի ուներ, այլ այն, որ որ Սամվել Նիկոյանը մարդկային բարձր որակներ ունի, ավանդապաշտ է, հյուրասեր, գնահատում է անձնական հարաբերություններ և այլն: Դրանք իսկապես մարդկային լավ հատկանիշներ են, բայց հարց է ծագում` խորհրդարանը թամադա՞ է ընտրում, թե՞ ԱԺ փոխնախագահ: Որքան մեզ հայտնի է, խորհրդարանի փոխնախագահը բոլորովին այլ գործառույթներ է ունենալու: Օրինակ, նախագահելու է ԱԺ նիստերը, հետևելու է քվերակությունների ընթացքին և այլն: Իսկ մեր խորհրդարանում, ինչպես հայտնի է, պատգամավորները սովորություն ունեն նիստերին մասնակցելու փոխարեն «գնալ մի կտոր հաց ուտելու» և ուրիշներին հանձնարարելու, որ իրենց փոխարեն քվեարկեն: Չնայած` երևի հենց դրա համար էլ կարևոր է, որ ԱԺ փոխնախագահն իմանա, թե ինչ է աղ ու հացը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել