
Լոռու մարզի Աքորի գյուղի բնակիչ Մայիս Կիրակոսյանը պատմեց, որ գիտակցական կյանքի ընթացքում որևէ հիմնարկում չի աշխատել: Մայիսը մասնագիտությամբ զոդող է: Երեք ամիս է սովորել: Սակայն աշխատանք չի կարողացել գտնել:
«Դե զավոդն ա, էլածն էլ փակում են: Ճիշտն ասած` որ սովորել եմ, չեմ աշխատել, 10 տարի էվել ա աշխատել չեմ, հիմի հիշում էլ չեմ էդ գործը: 33 տարեկան տղա եմ, մի տարվա ստաժ էլա չունեմ: Ոչ մի տարվա»,- ինքն էլ իր վիճակից զարմացած` ասում է Մայիսը:
«Այդ դեպքում իր 5 անչափահաս երեխաներին ինչպես է կերակրում» հարցի պատասխանը չի ուշանում. «Գեղի պայմաններով, մենակ նպաստ ենք ստանում` 45 հազար դրամ, բացի էդ 45 հազար դրամը էս 5 երեխային պահելու համար ես ոչ մի տեղից մի հատ օգնություն ստացած չկամ: Գյուղապետարանից էլ որևէ աջակցություն չեմ ստացել: Գյուղապետը էկած էլ չի տենա` ինչ պայմաններում ենք ապրում: Եկած չի»:
Նպաստը, բնականաբար, ընտանիքի գոյության պահպանմանը չի բավարարում: Մայիսը դրա համար մոշի սեզոնին մոշի է գնում, անտառներից սինդրիկ ու փափուկ հավաքում ու վաճառում: Մայիսը գոհ չէ, թե ինչպես է իր երեխաներին պահում: Նրա համար շատ կարեւոր է երեխաների առողջությունը: Դրա մասին նա մի քանի անգամ շեշտեց մեր զրույցում: Հինգ երեխաներից 4-ը աղջիկ են, մեկը` տղա: Տան երկու սենյակներում տեղավորված էին Մայիսի կնոջ` Սիլվայի ամուսնական օժիտը` հսկա մի պահարան, առաստաղից կախված մեծ ջահը եւ տեղական «խոլը»: Վերջիններս հատուկ պահպանման «մասունքներ» են, ակնհայտ էր, որ երեխաների համար էլ դրանք թանգարանային նմուշների նման իրեր են եւ պահպանվում են աչքի լույսի նման:

Իր տան մասին Մայիսն ասաց. «Կեսը հերս ա շինել, մեծ տղեն եմ: Էս կիսատն էլ իմ ուժերով եմ սարքում, հանդով- բանով, քիչ-քիչ, տարեցտարի սարքում եմ, 7-8 տարի է` սարքում եմ: Երեխեք են, որ հմի էլ մեծանում են, մի սենյակում ո՞նց կարաս կենաս»:
Սկսում ենք զրուցել ավելացող հոգսերի մասին: Երեխաների մեծանալու հետ ծախսերը ավելանում են: Սակայն Մայիսը լավատես է, ասում է. «Ինչպես ժողովուրդն է ասում` էս դբին էլ` մի գլխիվեր կլինի»:
Մայիսի ընտանիքն այդպես էլ չավարտվող կիսակառույց տան` խուց հիշեցնող երկու փոքր սենյակներում է հավաքվում: Կինը` Սիլվան, ասում է, որ դժվարությամբ է խնամում 5 երեխաներին:

«Հեշտ էլ չի, հեսա սիրտս էլ չի լավը, սրտի նեվրոզ ունեմ, անընդհատ, տարվա մեջ 2-3 անգամ բուժվում եմ: Դեղորայք գնելու գործում հորանքս են օգնում»,- ասում է Սիլվան: Նա երեխաներին մանկապարտեզ չի ուղարկում: «Եսիմ, համ մանկապարտեզում տեղ չկար, երեխաներից երեքը դպրոց են գնում, ուղղակի որ ես տանն եմ, չեմ աշխատում, ասում եմ` ես կպահեմ: Բայց որ գյուղապետն անվճար ընդունի, հա, խի չեմ ուղարկի»,- ասում է կինը:
Երեխաներից մեծը` 11, իսկ փոքրը` Նարեկը, 4 տարեկան է: Նարեկին հայրն «Ումուդ» է ասում, թե ինչու` բացատրում է. «Վերջում տղաս է ինձ պահելու, ումուդս նա է»:
Սիլվա Կիրակոսյանն ասում է, որ հինգ երեխաներին հազվադեպ է կարողանում միս կերակրել: Թեև 10 հատ այծ ունեն, բայց չհիշեց, թե երեխաները վերջին անգամ մսով ճաշ երբ են կերել: «Հավի բուդ եմ առնում մեկ-մեկ: Անընդհատ չեմ կարող դա էլ առնել, եկամուտը հերիք չի անում: Կարտոֆիլ եմ պատրաստում, վերմիշել, սասիսկի, ոնց լինում ա»,- ասում է Սիլվան:

Մայիսի աղջիկներից մեկի` Անիի սիրած ճաշը «կարտոլն է»: Կարինայինը` կաթնով բրինձը: Լիլիթը նույնպես կարտոֆիլ է սիրում: Իսկ Նարինեն սիրում էր բալբայով սուպ: Նարինեն ասում է, որ մեծանա` երգչուհի է դառնալու, թեև չկարողացավ որևէ երգ երգել: Ծնողներին ուղղված մեր հարցին, թե Նարինեն ունի՞ ձայնային տվյալներ, որ ուզում է երգչուհի դառնալ, հայրը պատասխանեց. «Էն ով ա եդևացել, որ ունենա»:
Մյուս երեք աղջիկներն ասացին, որ մեծանան` ուսուցիչ են դառնալու: «Ամբողջ օրը նստած կավիճով դպրոց են խաղում»,- հրճվանքով ասաց մայրը:
Պարզվեց` Մայիսը կիսակառույց տունը դեռ իրենը չէ, տունը հոր անունով է գրանցված: «Գրանցիլը մի 80 հազար դրամ փող ա, էդ էլ հնարավորություն չկա, որ գրանցենք: Հայրս տունը, հա, ինձ ա տալիս, բայց գրանցված չի: Չենք կարում հիմնական գրանցենք, որ էգուց- էլոր երեք ախպեր ենք, խոսք ու զրիցի առիթ չըլի, հը: Միջին ապրըմ ենք, էլի, ոնց որ 100 տոկոսով մերը չըլի: Փոքր եղբայրս հորն ու մորս հետ ա ապրում, միջնեկ ախպերս էլ ստեղ մոտիկ վագոնում ա ապրում: Մին էլ տեսար ինձնից տան պահանջ դրեց: Կամ հերս խոր ծերության վախտը պահանջնի ներկայացրուց: Հմի, ասենք, իրա ձեռով ոտով ա, հետո ասի` ով ինձ պահի` տունը նրանն ա: Էն ոնց ասած` պուճուր մարդիկ, մեծ աշխարհ, հիմնականն էն ա, որ քու վրա գրանցես, պրծնես, էտա, որ հենց կգիտենաս 100 տոկոսով քոնն ա արդեն: Էգուց էլոր` չգիտեմ ոնց կլի»,- իր մտահոգությունը մեզ հետ կիսեց Մայիսը:

Ուղեկցելիս էլ ավելի անկեղծացավ. «45 հազար դրամ նպաստ ենք ստանում ու պարտք ենք տալիս: Խոսքի` գյուղի խանութներից պարտք ենք անում, ձեթ ա, ալիր ա, էդ էլ նպաստն ստանում ենք, ասենք` կեսը տալիս ենք լսի վարձ ա, ջրի վարձ ա, երեխեք են, էլի, դասի են գնում, էնդեղ ճաշարանի փող ա, ճաշարանում կորժիկ են գնում առնում, վերջապես դպրոցում ինչ ըլում ա, հանդես ա, երեխեք են, հմի էլ տարեվերջ ա գալի, խոսքի օրինակ` էքսկուրսիա են գնում: Նպաստը տանում ենք խանութներում ինչքան կարենում ենք տալիս ենք, ինչ էլ էլի մնում է, էն մի նպաստի վրից էլի նիսյա ենք անում, տենց, ծերը չենք հասցնում: Ոչ թե մի խանութից ենք պարտք անում, էնա գեղըմն ինչքան խանութ կա, համարյա բոլորումն էլ անուններուս գրած ա»:
Սակայն ընտանիքը կերակրելու համար Մայիսը նպաստի հույսին չի նստում: Նա ասում է, որ երեխեքի համար ամեն բան կանի, նրանց սոված չի թողնի: «Հանդով օրը մինչև մի 1500-2000 դրամ ստեղծում ենք, բայց դե, էլի, ոնց որ ես գնացի հմի բերի, հաջորդ օրն էլ հարսն ա, տուն ու տեղ, երեխանցը բրախում ա, տանում ա Ալավերդի, որ ծախիլ տի, էն չի ըլում, էլի»:
Մայիսն արդեն 12 տարի ամուսնացած է Սիլվայի հետ: Տիկնոջը հանդիպել է Ալավերդիում: «Չէ, սաբաբով չեմ ամուսնացել, Ալավերդի եմ տեհել, հետո էլ սենց գնալ-գալով, Ալավերդի ծանոթ տղեք կային, նրանցից իմանալով, որ խելոք աղջիկ ա, հետո էլ շփվել ենք մի երկու ամսաչափ: Գեշն էն ա, որ էս չոլի մեջ մեզ մեր պակասության հետ հիշող չկա, էն ով տի մեզ հիշի»,- զրույցը եզրափակեց Մայիսը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել