Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչները հանդիպում են Վրաստանի դեսպանի հետ ջավախքահայության խնդիրներով
2009թ. մայիսի 11-ին Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչներ` Շվեյցարիայի հայոց հոգեւոր հովիվ Աբել քհն. Մանուկյանը, «Արմենիա» հիմնադրամի նախագահ Վահե Գաբրաշը, Շվեյցարիայի հայերի միության նախագահ Զարեհ Քյուրքչյանը եւ նույն միության անդամ` Կարո Թորոսլուն հանդիպում ունեցան Շվեյցարիայում Վրաստանի դեսպան Գիորգի Գորգիլաձեի հետ:
Հանդիպման ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց մտահոգությունները հայտնեցին Սամցխե-Ջավախքում համախումբ բնակվող հայ բնակչության ներկա վիճակի, Վրաստանում Հայ Առաքելական Եկեղեցու իրավական կարգավիճակի եւ «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք»-ի առաջնորդ Վահագն Չախալյանի նկատմամբ անարդար դատավճռի ընդունման կապակցությամբ:
Վերջին խնդրի կապակցությամբ շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչները առաջ քաշեցին հետեւյալ պահանջները.
- հաստատել Վահագն Չախալյանի ֆրանսիացի փաստաբանին
- դադրեցնել Վահագն Չախալյանի նկատմամբ բանտում բռնությունը
- ազատ արձակել Վահագն Չախալյանին
Պրն Գորգիլաձեն խոստացավ փոխանցել շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների մտահոգություններն ու պահանջները վրաց իշխանություններին եւ սեղմ ժամկետներում պարզաբանումներ տալ ներկայացված խնդիրների վերաբերյալ:
Հանդիպման ավարտին շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչները հայտարարեցին, որ նրանք հետեւելու են իրավիճակին եւ ուշադիր են գտնվելու ջավախքահայության եւ վրացահայության ճակատագրին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել