Չիկո. «Չորս անգամ մասնակցել ենք Եվրատեսիլին, կարելի է դրանով եզրափակվել»
Այսօր «Հայելի» ակումբում կոմպոզիտոր Արամ Սաթյանը և Արմեն Թութունջյանը((Չիկո) բանավիճում էին Եվրատեսիլ ամենամյա երգի մրցույթի թեմայով:
Օրերս Մոսկվայում կայացած «Եվրատեսիլ 2009-ը» Արամ Սաթյանի վրա լավ տպավորություն էր թողել: Նա հատկապես տպավորված էր Լլոյդ Ուեբերի, Պատրիսիա Կաասի նման աստղերի ներկայութւամբ մրցույթին: Հայաստանի ներկայացուցիչներ Ինգա և Անուշ Արշակյանների ելույթից Ա. Սաթյանը նույնպես գոհ էր: Նրա կարծիքով` հայերը կարողացան շատ լուրջ ներկայանալ մրցույթին:
«Անշուշտ, կային թերություններ առանց դրա չէր կարող լինել, և դա առաջին հերթին երգի ընտրությունն էր: Մեր սխալն այն էր, որ ցանկացանք մեկ անգամ ևս ապացուցել, որ մենք ավելի արևելքի ազգ ենք, քան կողքի հանրապետությունները: Այդ տենդենցը շարունակվում է տարիներ ի վեր: Չորրորդ տարին է, ինչ մասնակցում ենք այս մցույթին, և արևելքն արդեն խեղդել է: Օրինակ, Ադրբեջանի երգը գուցե ներքին կարգով մի քիչ արևելյան էր, բայց ընդհանուր եվրոպական երգ էր: Ամեն անգամ Եվրատեսիլում նոր բան է պետք ասել: Իսկ մեզ մոտ երբ ընտրություն են անում, ստացվում է, որ բոլորը պրոֆեսիոնալ են, բացի պրոֆեսիոնալներից: Այստեղ մեծ դեր է կատարում կոմպոզիտորների միությունը, որը ձեռքերը լվացել է և ոչ մի կապ չունի այն ամենի հետ, ինչ կատարվում է»,- նկատեց կոմպոզիտորը:
Արմեն Թութունջյանը, սակայն, իր խոսքերով, խեղդվեց պրն Սաթյանի «լավատեսության օվկիանում»: Ավելին` նա առաջարկեց, որպեսզի մյուս տարի էլ տեղի ունենա Եվրատեսիլի 55-րդ մրցույթը, և այն հանդիսավոր փակվի, քանի որ ոչինչ իրենից չի ներկայացնում:
«Ամեն երկրում ժողովրդի վզին փաթաթում են ինչ որ վատ երգ, ստիպում են, որ ազգը լսի ու մտածի, թե այն իրոք լավն է: Հայերն էլ որ սփյուռք չունենային, ո՞ր տեղը պիտի գրավեին: Թեև այս մրցույթը քաղաքականացված է, բայց քաղաքականությունն էլ վայր կդնի իր զենքը, երբ հնչում է պարզ, մեղեդային, անմիջական կատարված երգ, ինչպիսն Նորվեգիայինն էր: Ես նրա օգտին քվեարկել եմ»,- ասաց նա` հավելելով, որ Ինգային և Անուշին անհրաժեշտ է շնորհակալություն հայտնել, որ առաջին տեղը չգրավեցին, քանի որ «Հայաստանին այս ճգնաժամային իրավիճակում կդնեին սարսափելի իրավիճակի մեջ»:
«Ո՞նց էինք տակից դուրս գալու: Ռուսների` այլանդակության հասցրած թանկարժեք շոուից հետո ինչ էլ անեին հայերը, տխուր կլիներ»,- ասաց նա: Ավելին` Չիկոն առաջարկում է, որ Հայատանն այլևս չմասնակցի Եվրատեսիլին:
«Չորս անգամ մասնակցել ենք, կարելի է դրանով եզրափակվել: Բայց մերոնք այդ համարձակությունը չեն ունենա, որ ուղղակի այլևս չմասնակցեն»,- ասաց նա:
Ա. Սաթյանը, սակայն, դեմ է դրան: Նա առաջարկում է շարունակել մասնակցել այս մրցույթին, սակայն երգ գրելու համար պրոֆեսիոնալի դիմել: Կոնկրետ իրեն մինչ օրս ոչ ոք չի դիմել` Եվրատեսիլին ներկայանալիք երգ գրելու համար:
Ընդհանրապես, երկու բանախոսն էլ հանգեցին այն եզրահանգմանը, որ այս տարի Եվրատեսիլի մրցույթի ժամանակ մեր աղջիկների կատարումը լավն էր, սակայն վատն էր երգը:
ի դեպ, Չիկոն նշեց, որ եվրատեսիլյան այս աղմկոտ իրադարձությունների կողքին աննկատ մնաց մի ուրախալի լուր:
«Նույն օրերին Բուխարեստում տեղի ունեցավ Եվրոֆեստ երաժշտական միջոցառումը, որին մասնակցեցին 20-ից ավելի եվրոպական երկրներ, և մեր տղաները`«Արտ վոյսիս» խումբը վերադրաձավ Գրան պրիով, իսկ դուք այս մասին չգիտեք»,- դիմեց նա լրագրողներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել