Միջազգային հանրությունը թույլ չպիտի տա ռազմական գործողությունների վերսկսում
Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ակտուալությունը գալիս է ոչ թե նրանից, որ այն տարիների պատմություն ունի, այլ Միխայիլ Սահակաշվիլու կողմից անցյալ տարվա օգոստոսին կատարած քայլից, որից հետո կտրուկ կերպով ուշադրություն հրավիրվեց նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վրա: Ուշադրության սեւեռմանը խթանեց նաեւ մոսկովյան (մայնդորֆյան) հռչակագրի ստորագրումը: Այս կարծիքն այսօր Ստեփանակերտում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ արտահայտեց ԼՂ հարցով Ռուսաստանի նախագահի նախկին ներկայացուցիչ, ռուսաստանցի դիվանագետների Ասոցիացիայի փոխնախագահ Վլադիմիր Կազիմիրովը:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը, նա հայտնել է այն կարծիքը, որ այն շատ ավելի սուր է մյուսներից, որոնք «ավելի երիտասարդ էին եւ չունեին մեծ նախապատմություն, իսկ ղարաբաղյանն ավելի հիմնավոր նախապատմություն ունի»: Խնդիրն, ըստ Վ.Կազիմիրովի, առավել դժվար է, քանի որ այստեղ ոչ թե փոխադարձ պահանջներն է պետք պարզապես հանել, այլ ինչ-որ կերպ դադարեցնել հայերի եւ ադրբեջանցիների հարաբերությունների դարեր տեւող բախումը:
Շատ երկրների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ են բազմիցս հայտարարել այն մասին, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Իհարկե դժվար չէ կռահել, թե ում է դա ասվում` նրան, ով դեռ այդ գաղափարով է առաջնորդվում, գտնում է դիվանագետը, ում կարծիքով, չկա հակամարտության ռազմական լուծում, քանի որ միեւնույն է, ինչ-որ փուլում կողմերը ստիպված են լինելու նստել բանակցությունների սեղանի շուրջ:
«Պատերազմը էլ ավելի է խորացնելու երկու ժողովուրդների թշնամությունը»,-շեշտեց Վ.Կազիմիրովը: Ուստի, ըստ նրա, միջազգային հանրության առաջնահերթությունը միայն պետք է լինի` այստեղ ռազմական գործողությունների վերսկսման թույլ չտալը, իսկ Ղարաբաղի կարգավիճակի, տարածքների հանձնման եւ փախստականների վերադարձի հարցերը կսպասեն: Ռուսաստանցի դիվանագետի կարծիքով` հայկական կողմի` ոչինչ չունենք հանձնելու դիրքորոշումը երկար չի կարող տեւել, քանի որ, ըստ նրա, «օկուպացիան պատերազմի արդյունք է»:
Վլադիմիր Կազիմիրովն իր առաջարկություններն ունի հակամարտության կարգավորման վերաբերյալ, որի մասին այսօր խոսեց նաեւ լրագրողների հետ: Նա ցանկանում է շրջանառության մեջ դնել կողմերին խաղաղության պարտադրման գաղափարը, բայց այդ ամենը պետք է սկսել քաղաքական-դիվանագիտական միջոցներով, համոզման մեթոդով եւ ռազմական սցենարների անարդյունավետության ցուցադրմամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել