HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

«Կանաչ լույս»` ՀՅԴ-ին եւ ՕԵԿ-ին

Օգոստոսի 16-ի կեսօրին կայացան ընտրատարածքային ընտրական նոր հանձնաժողովների անդրանիկ նիստերը: Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի (կենտրոնը`Իջեւան) առաջին նիստին ներկա էին բոլոր 7 անդամները:

Նիստի սկզբին բոլոր անդամները պարտավորագիր ստորագրեցին, որով պարտավորվեցին «ընտրական հանձնաժողովի անդամի պարտականությունները կատարել անաչառ,  ՀՀ Սահմանադրության եւ ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան»:

Ընտրական նոր օրենսգրքի պահանջի համաձայն՝ առաջին նիստը բացեց հանձնաժողովի տարիքով ավագ անդամը` Բենիկ Հարությունյանը: Վերջինս նախկինում Տավուշի մարզպետարանի իրավաբանական բաժնի վարիչն էր: Նա այժմ թոշակառու է, որպես անհատ ձեռներեց, իրավախորհրդատվություն է կատարում:

Ի դեպ, Տավուշի մարզպետարանի իրավաբանական բաժնի ներկայիս վարիչ Արման Գեւորգյանը եւս թիվ 41 ԸԸՀ-ի անդամ է: Նույն հանձնաժողովի անդամ են ընտրվել նաեւ մարզպետարանի զարգացման ծրագրերի եւ վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը, աշխատանքի պետական տեսչության Տավուշի մարզի տարածքային կենտրոնի պետ Սարգիս Մուրադյանը, սոցիալական ապահովագրության Իջեւանի տարածքային բաժնի պետ Սոնա Մեհրաբյանը, եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիայի Իջեւանի մասնաճյուղի տնօրեն Աիդա Սարգսյանը եւ «Արման եւ Կորյուն» ՍՊԸ  տնօրեն Սմբատ Գասպարյանը, ով մինչ այժմ թիվ 41 ԸԸՀ նախագահն էր:

Ս. Գասպարյանն  առաջարկեց հանձնաժողովի նախագահ ընտրել Աիդա Սարգսյանին:

Ընտրվեց միաձայն: Սոնա Մեհրաբյանն առաջարկեց նախագահի տեղակալ ընտրել Սմբատ Գասպարյանին: Անցավ միաձայն: Գուրգեն Հարությունյանն առաջարկեց հանձնաժողովի քարտուղար ընտրել Սարգիս Մուրադյանին: Նորից միաձայն: 

Ներկայացնենք նորընտիր հանձնաժողովի նորընտիր ղեկավարներին: 47-ամյա Աիդա Սարգսյանը Տավուշի մարզպետի տեղակալ, «Օրինաց երկիր» կուսակցության Տավուշի մարզային կազմակերպության ղեկավար Վահե Վարդապետյանի կինն է:  Տիկին Աիդան հոր` Արազբեկ Սարգսյանի մահից հետո 2009թ. գարնանը թիվ 41 ԸԸՀ-ում զբաղեցրեց հոր թափուր տեղը:

Ըստ ընտրական նոր օրենսգրքի՝ ԸԸՀ անդամները պետք է անկուսակցական լինեն: Հանձնաժողովի նախագահի տեղակալը ՀՀԿ, իսկ քարտուղարը ՀՅԴ անդամ է, նրանք պետք է կասեցնեն իրենց կուսակցական գործունեությունը: Փաստորեն, հանձնաժողովի նախագահի պաշտոնը տալով ՕԵԿ-ի ներկայացուցչին, գործադիր իշխանությունը որոշակի լծակ տվեց վերջինս:

Նշենք, որ ընտրական նոր օրենսգրքով տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին եւ քարտուղարներին ընտրում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները: 

Տավուշի մարզի մյուս` թիվ 40 ԸԸՀ (կենտրոնը`Նոյեմբերյան) անդրանիկ նիստն փոքր-ինչ  հետաքրքիր է անցել: Նիստին չի մասնակցել նախկինում այդ հանձնաժողովում ՕԵԿ-ը ներկայացնող, գործարար Սերժիկ Անտոնյանը: Առաջին նիստին փոքր-ինչ ուշացումով է ներկայացել Զորականի գյուղապետարանի իրավաբան Արթուր Բարսեղյանը: Այդ պատճառով նա քվեարկությանը չի մասնակցել:

4 կողմ եւ 1 դեմ ձայներով թիվ 40 ԸԸՀ նախագահ է ընտրվել սահմանամերձ Դովեղի միջնակարգ դպրոցի տնօրեն Սանասար Վարդանյանը: Նա մինչ այդ ՀՅԴ անդամ էր, հանձնաժողովի անդամ ընտրվելով` նրա կուսակցական գործունեությունը կսառեցվի:

Նրա նախագահ դառնալուն միակ դեմ քվեարկածը եղել է նույն հանձնաժողովի նախագահի տեղակալ, նախկինում հանձնաժողովում ՀՀԿ-ն ներկայացնող Արմիկ Ազատյանը: Նա անշարժ գույքի կադաստրի Նոյեմբերյանի տարածքային ստորաբաժանման ղեկավարն է: Նա  նորից (միաձայն) ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ, հանձնաժողովի քարտուղար է ընտրվել Կողբի թիվ 1 դպրոցի ուսմասվար Մարինե Ղարագյոզյանը:

Նորընտիր հանձնաժողովներին անդամագրվել կամեցողների թիվը շատ էր: Մեր տվյալներով` թիվ 40 ԸԸՀ-ին անդամագրվելու համար 7 տեղի համար դիմել էր մոտ 8 տասնյակ թեկնածու, իսկ թիվ 41 ԸԸՀ-ին` 25 թեկնածու: 

Նման մրցակցության պայմաններում ՀՅԴ անդամների ԸՀՀ անդամ ընտրվելը վկայում է իրեն ընդդիմադիր համարող այս կուսակցության հանդեպ իշխանության լոյալ վերաբերմունքի մասին: Մանավանդ, որ թիվ 40 ԸԸՀ նախագահի պաշտոնը վստահվել է այդ կուսակցության անդամին: Մեր տվյալներով՝ դա հանրապետության միակ ԸԸՀ-ն է, որի նախագահի պաշտոնը տրվել է դաշնակցության ներկայացուցչին: 

Հարցական է առաջիկա ընտրությունների արդյունքով ՕԵԿ-ի խորհրդարան մտնելը: Այս պայմաններում իշխանությունը թիվ 41 ԸԸՀ-ի պաշտոնը վստահելով ՕԵԿ-ի ներկայացուցին որոշակիորեն սատարում է կոալիցիոն եռյակի «հետնապահին»: 

Ընդհանրապես, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում ինտրիգը գրեթե վերացել է. իշխում է խորհրդային ժամանակների «միաձայն» քվեարկելու ավանդույթը: Տավուշի մարզի երկու ԸԸՀ-ում իրական ընդդիմության ոչ մի ներկայացուցիչ չկա: Կարծում եմ, որ նման վիճակ է նաեւ հանրապետության մյուս 39 ԸԸՀ-ներում: 

Ընտրական նոր օրենսգրքով՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ ԸԸՀ-ների անդամներ են ընտրվել ՀՀ նախագահի, վճռաբեկ դատարանի նախագահի եւ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները: ՀՀ Սահմանադրությամբ հռչակված է իշխանության թեւերի միմյանցից անկախ լինելը, սակայն գործնականում դրանք սերտաճած են, մարդու իրավունքների պաշտպանի ինքնուրույնության մասին էլ թող քաղաքացիները դատեն, ում իրավունքները կոչված է պաշտպանելու նա: 

Փաստորեն, Հայաստանի իշխանությունը հանձնաժողովները նման կերպ ձեւավորելով` կամա թե ակամա ամբողջովին ստանձնել է առաջիկա համապետական ընտրությունների օրինական անցկացման   պատասխանատվությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter