Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության իրավունքի պաշտպանության կոմիտե»-ի հայտարարությունը
«Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին
Մեծարգո Տիարք
«Հայաստան համահայկական հիմնադրամը կարևորելով պատմական Արցախի մայրաքաղաք Շուշին հայության համար հոգևոր, պատմամշակութային և կրթական կենտրոն դարձնելու անհրաժեշտությունը, պատրաստվում է այսուհետ նյութական մեծ ներդրումներ կատարել նշված խնդիրը լուծելու համար:
20-րդ դարավերջին, 1992թ. մայիսի 8-ին Շուշին հայ ազգի համար դարձավ նաև ռազմական մտքի, հայ զինվորի անօրինակ քաջության և հաղթելու աննկուն կամքի խորհրդանիշ:
Շուշիի ազատագրումը հնարավորություն ընձեռեց Արցախին փաստացի միանալու Մայր Հայրենիքին:
Շուշիի ազատագրմանը իր մասնակցությունը ունեցավ նաև Ժիրայր Սեֆիլյանի հրամանատարությամբ ստորաբաժանումը, որը այնուհետև հայտնի դարձավ որպես Շուշիի առանձնակի գումարտակ:
ՙՄարտական խաչ՚ 1-ին աստիճանի շքանշանի ասպետ Ժիրայր Սեֆիլյանը, ում ապրած կյանքը, կատարած գործերը կարող են լավագույն օրինակ ծառայել հայ երիտասարդությանը հայրենասիրությամբ դաստիարակելու գործում և պատիվ կբերեն ցանկացած ազգի ունենալ այդպիսի զավակ, առ այսօր չի արժանանում Հայաստանի Հանրապետության քաղաքացի դառնալու պատվին:
Դիմում ենք Ձեզ, ակնկալելով Ձեր օժանդակությունը և միջնորդությունը ՀՀ Նախագահին, Ժիրայր Սիմոնի Սեֆիլյանին քաղաքացիություն շնորհելու գործում:
«Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության իրավունքի պաշտպանության կոմիտե»
19.05.09. թ. Երևան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել