HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկու անարխիզմ

Արամ Մաթևոսյան, «Հետք»-ի ֆորումի մասնակից Կա իրարից տրամագծորեն տարբեր երկու անարխիզմ: Մի դեպքում այն բավարար դաստիարակությամբ առանձին անհատներին միավորում ու դարձնում է ապահովագրված հանրային կյանքով ապրող ընդհանրություն, իսկ մյուս դեպքում անձնական շահով ուղղորդվող  որոշ խմբավորումներ կարողանում են  ձևավորել իրենց հանցավոր կենսագործունեությունն ապահովող նպաստավոր միջավայր: Ես մի փոքր համաձայն չեմ Հիմնադիր նախագահի այն սահմանման հետ, թե Հայաստանում ձևավորված է կլեպտոկրատիկ ֆեոդալիզմ: Իմ դիտարկմամբ մեր երկրում հաստատվել է կոալիցիոն անարխիզմ: Սրան մոտ վիճակ էր ԽՍՀՄ-ում Չեռնենկոյի գլխավոր քարտուղարության ժամանակ: Հսկայական մի տարբերությամբ,  որ ԽՍՀՄ ուներ ռեսուրսներ ու համակարգ, իսկ մենք չունենք ոչ մեկը, ոչ էլ մյուսը: Մեր ունեցած միակ ռեսուրսն աշխարհասփյուռ հայ մարդն է, որի շահագործումը հասել է աննախադեպ չափերի` երկրում ու դրանից դուրս: Ես պատմական մի կարճ ֆրագմենտար անցմամբ  փորձեցի ներկայացնել ընդհանուր տեղը, այն դաշտը, որում այսօր խաղացվում է մեր ազգային դրամայի թերևս ամենավշտալի արարներից մեկը: Ապոկալիպտիկ բաներ չասեմ հիմա, կյանքը միշտ էլ գտնում է իր ուղին ու ելքը, բայց Երևանի ավագանու այս ընտրությունն իմ դիտարկմամբ դնելու է շատ հարցերի վերջակետը: Ես բարձրաձայնում եմ հիմա թեկուզ իմ խղճի հանգստության համար: Ընդդիմադիր տեսակի հետ անհամամիտ, իշխանական բուրգում էլ տեղ չգտած մարդիկ այդպես էլ չկարողացան դառնալ հաղորդակից ու կազմակերպված ուժ: Քաղաքական դերակատարում ունենալու համար անշուշտ պահանջվում էր այդ համախմբման գործառույթը: 2008 թվականի փետրվարյան հեղափոխությունն այդպես էլ նոր ուժ ու առաջնորդակազմ առաջ չքաշեց: Մնաց Կոնգրեսն իր ուժեղ ու թույլ կողմերով: Սա մասնավորապես: Իսկ ընդհանրապես նախորդ ընտրությունից հետո գլխավոր դերակատարները չփոխվեցին ըստ էության: Եվ այսօր Երևան քաղաքի ավագանու ընտրությունների համար մղվող պայքարի մեջ մի կողմից իշխանությունը ներկայացնող կուսակցություններն են, մյուս կողմից Հայ ազգային կոնգրեսը: Անշուշտ լայն զանգվածների ընդգրկվածությունը  Կոնգրեսին տալիս է լուրջ անկուսակցական հենք, ինչը չկուսակցականացված մարդու համար փոքրիշատե դարձնում է ընդունելի այդ ուժին հարելու միտքը: Ի դեպ ասեմ, որ Կոնգրեսի հաղթանակը այս ընտրապայքարում կախված է լինելու անկուսակցական մարդու կողմնորոշումից: Այդ անկուսակցական մարդու ձայնի համար ինչ միջոցի ասես որ չեն դիմում մեր իրականության մեջ առկա այսքան շատ ու բազմերանգ կուսակցական միավորները: Այդ միջոցներից  ամենապոպուլյարն էլ երրորդ ուժի դերակատարում վերցնելն է: Նրանց թվում է, թե երրորդ ուժի մասին մանիպուլյատիվ խոսակցություններ վարելով, հնարավոր կլինի  անկուսակցական մարդուն, ով ոչ իշխանամետ է, ոչ ընդդիմադիր, համախմբել իրենց շուրջը: Նախագահական ընտրություններում երրորդ ուժի իմիտատիվ դերն ստանձնեց Օրինաց երկիր կուսակցությունը, քաղաքաքապետի ընտրություներում այդ դերը փորձում է ստանձնել Դաշնակցությունը, արդեն ինչքան ժամանակ է այդ ֆանտոմի հետևից է վազում Բարգավաճ Հայաստան կուսակցությունը: Այլ բան է երրորդ ուժը, սիրելիներս: Պիտի հիասթափեցնեմ երրորդ ուժի վականսիան լցնել փորձող քաղաքական միավորումների լիդերներին ու գաղափարախոսներին և ասեմ, որ երրորդ ուժն ունի  իռացիոնոլ  բովանդակություն: Նրա հետևից մի վազեք, հեռու մի փնտրեք նրան, այն ձեր մեջ է…խորը թաքնված: Ցանկացած ռացիոնալիզմ, ցանկացած միջամտություն երևակում է երրորդ ուժ կազմող սուբյեկտի առկայությունն ու ոչնչացնում է նրան: Երբ կորցնում ես իռացիոնալությունդ, կորցնում ես նաև երրորդ լինելու հնարավորությունը: Երրորդ ուժը կարող է բացահայտվել միայն որպես տևական ներհասունացման արգասիք: Երրորդ ուժի միավոր կազմող անհատին հասկանալու համար պիտի ելնել զուտ անձնական ընկալումներից ու անհատական հարցադրումներից: Եթե փորձենք անհատից գնալ դեպի հավաքական խնդիրներ( ինչը շատ հպանցիկ փորձեց անել Կոնգրեսի առաջնորդը մայիսի 6-ին Աջափնյակ թաղամասում կայացած հանրահավաքում), ապա այս դեպքում մի գուցե ստացվի գտնել հաղորդակցման և դրանից էլ բխող համախմբման ընդհանուր եզր: Աննպաստավոր են եղել պատմական պայմաններն այդ ուժի զարգացման համար: Սա տխուր է, բայց փաստ է`հայ իրականություն: Դա ցցուն բացահայտվեց 2008 թվականի փետրվարյան բախման օրերին: Համաժողովրդական ըմբոստության մեջ վրանային քաղաքի տակ մարմնավորվեց այդ ուժn ու մինչև հիմա էլ  կա Կոնգրեսի մեջ թաքնված, չբռնվող, չձևակերպվող: Ինչևէ: Ասացի, որ Կոնգրեսն ունի որոշակի անկուսակցական հենք և եթե նա կարողանա մնալ զերծ ընտրությունների ավելորդ կուսակցականացումից, ապա կարող է խնդրի իրագործման մեջ ներառել ծույլ ու անարխիկ մտահայեցողությամբ անկուսակցական էլեկտորատը, որը կարող է լուրջ ազդեցություն ունենալ ընտրության վերջնական արդյունքի վրա, ինչը  հնարավորություն կտա հաստատել հանցավոր անարխիայից մաքրված քաղաքացիական կարգ: Ավելի գործնական եթե ներկայացնեմ ասելիքս, ապա չկուսակցականացված մանր ու միջին գործարարներn իրենց իներտ, հսկա ներուժով կարող են միավորվել Կոնգրեսի առաջնորդի կողմից իր անձնական մասնակցությամբ կազմակերպված ինտերնետ ֆորումի շուրջ: Երևանյան հրապարակներում անընդհատ նույն մարդկանց հավաքելու փոխարեն, Կոնգրեսի առաջնորդակազմը պիտի փորձեր ձևավորել քաղաքացիական չկուսակցականացված ֆորում: Մի քանի առաջնորդների հռետորական մտավարժանքների մեջ ցավոք հերթական անգամ սկսեց տեղապտույտ տալ շարժումը: Անելիքը պետք է նախագծվեր հաղորդակցված: Դրա հնարավորությունը տալիս են ժամանակից հեռահաղորդակցման տեխնոլոգիաները: Ցավոք, փոխհաղորդակցման կարևորությունը չըմբռնեց Կոնգրեսի առաջնորդակազմը Երևան քաղաքի ավագանու  այս նոր ընտրությունից առաջ.  Միտինգային թոհուբոհի մեջ հերթական անգամ խլացավ քաղաքացու ձայնը: Եվ անշուշտ որպես վերոշարադրյալից բխող տրամաբանական արդյունք, մենք կունենանք մի այնպիսի մայրաքաղաքային ավագանի, որն արդեն հաստատված իներցիայով կշարունակի առաջնորդվել իր ներքինին հատուկ կոալիցիոն անարխիկ կրիմինալ շահով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter