«Հայաստանը չի ապահովել արդարացի կառավարում». Կապանում հայտարարեց ԱՄՆ դեսպանը
Երկօրյա աշխատանքային այցով մայիսի 18-ից 20-ը Սյունիքում էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Լ. Յովանովիչը: Սիսիանի, Գորիսի, Կապանի քաղաքապետերի հետ հանդիպման ժամանակ դեսպանը հետաքրքվեց ու ծանոթացավ տեղերում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակին ու քննարկեց մարզում իրականացվող ԱՄՆ կառավարության օժանդակության ծրագրերը:
Սյունիքի մարզկենտրնում դեսպանն այցելեց Ամերիկյան անկյուն, որը գործում է մարզային գրադարանում, հանդիպեց գործարար կանանց հետ, այցելեց ԱՄՆ ՄԶ կողմից ֆինանսավորվող «Սյունիքի մարզի քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» ՀԿ: Դեսպանն այցի արդյունքները ամփոփեց Ամերիկյան անկյունում` լրագրողների հետ կայացած ճեպազրույցում: Դեսպանի բոլոր հանդիպումներն ու առանձնազրույցները անցան փակ դռների հետևում: Մեր այն հարցին, թե ինչո՞ւ է տիկին դեսպանը ընտրել այս ֆորմատը, Մարի Լ. Յովանիչը պատասխանեց. «Ես այդտեղ արտառոց ոչինչ չեմ տեսնում, չէ որ հիմա կարող եմ պատասխանել բոլոր հարցերին: Եթե հանդիպումներից մանրամասներ հետաքրում է` խնդրեմ»,-իր միտքը եզրափակեց դեսպանը: «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի բաղադրիչներից մեկը սառեցվել է, որով գյուղական ճանապարհների նորոգում էր նախատեսում. ի±նչն է պատճառը` հարցին դեսպանը մասնավորապես նշեց, որ «Հազարամյակի մարտահրավերներ»-ը որոշակի պայմաններ ունեցող ծրագիր է, ու դրանք պարտադիր են ծրագրին մասնակից բոլոր երկրների համար: «Երեք առանձին կատեգորիայում սահմանված ցուցանիշներ կան, որոնց համապատասխանությունը պիտի ապահովվի, և չափանիշներից մեկը արդարացի կառավարումն է: Արդարացի կառավարման կատեգորիայի ցուցանիշների մասով Հայաստանը չի համապատասխանում, բացառությամբ մեկի, ուստի սրա հետ կապված Միացյալ Նահանգներում մտահոգութուններ կան»,-ասաց Մ. Յովանովիչը: Դեսպանի խոսքով` «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի տնօրենների խորհուրդը հունիսի կեսին հարցը քննության է առնելու: «Չնայած ճանապարհների վերակառուցման բաղադրիչով աշխատանքները այժմ կասեցված են, բայց 2 բաղադրիչներով շարունակվում է` ոռոգման համակարգի, ջրանցքների վերականգնման, ֆերմերների ուսուցում` սկսած ոռոգումից մինչև մթերքների իրացում»,-ասաց դեսպանը: Ինչ վերաբերում է Կապանում գործող հակակոռուպցիոն կենտրոնին, ապա դեսպանի համոզմամբ` կառույցը նոր է ու անպայման արդյունք կտա:
«Հասարակությունը պիտի ակտիվ լինի, այցելի կենտրոն, զանգի իրավական հարցերով ու կոռուպցիոն երևույթների մասին տեղյակ պահի կենտրոնին»,-փաստեց դեսպանը: ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ ծրագրեր են իրականացվում նաեւ Մեղրու տարածաշրջանում: Սակայն, Մարի Յովանովիչն այս անգամ չայցելեց Մեղրի: «ՄԵղրի կգնամ հաջորդ այցելության ժամանակ, որը չի ուշանա»,-ասաց դեսպանը:
Մարի Յովանովիչը Գորիսում հադիպեց «Խաղաղության կորպուսի» կամավորների հետ, հյուրընկալվեց Գորիսի «Լաստ» հեռուստաընկերության «Բարի երեկո, Գորիս» ծրագրին: Սիսիանում դեսպանը հանդիպեց դպրոցների ուսուցիչների հետ, այցելեց Միգրացիոն կենտրոն, որը գործունեություն է ծավալվում ԱՄՆ ՄԶ և «Եվրասիա» հիմնադրամի կողմից տրված դրամաշնորհով: «Արմեն Անդրեասյան» ՍՊԸ-ում դեսպանը ծանոթացավ ընկերության հանքարդյունահանման աշխտանքներին ու զրուցեց աշխատակիցների հետ: Դեսպանը հանդիպեց նաեւ մարզում գործող ՀԿ-ների ներկայացուցիչների հետ: Դեսպանը եղավ նաեւ Նորավանքում ու Տաթևում: Տաթևի գիտական կնետրոնի վերականգնաման աշխատանքների մի մասն իրականացվել է դեսպանի մշակութային պահպանության հիմնադրամի օժանդակությամբ:
Մեկնաբանել