Իսկ ո՞րն է կարգավորման՝ Վահրամ Աթանեսյանի համար ընդունելի սկզբունքը
Հարցազրույցը ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի հետ:
Ինչպե՞ս կգնահատեք ղարաբաղյան կարգավորման բանակցությունների ներկա փուլը` համանախագահների տարածաշրջանային այցերի նկատելի աշխուժության, ֆրանսիացի համանախագահի Թուրքիա կատարած այցի եւ հիմնախնդրի կարգավորման գործում Թուրքիայի դերակատարության բարձրացման փորձերի համատեքստում:
Ոչ ոք Թուրքիայի դերը չի կարեւորում, Թուրքիան փորձում է ինքնակարեւորվել, որը, սակայն, բավարար աջակցության չի արժանանում: Այնպես որ` եկեք տեղեկատվական ֆոն չստեղծենք: Թուրքիան մի դերակատարություն ունի` Ադրբեջանին հասկացնելու, որ Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչումն այլընտրանք չունի:
Այս դեպքում Թուրքիան կարող է մտնել Հարավային Կովկաս: Բայց Թուրքիան վատ կատարեց իրեն վերապահված դերը: Կամ վերջին պահին հրաժարվեց ինչ-ինչ պայմանավորվածություններից:
Հիմա Թուրքիան կարող է դառնալ ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի տապալողը: Եթե դա այդպես եղավ, ապա Թուրքիան խնդիրներ կունենա: Մյուս կողմից, կարծես, Թուրքիան իր դերակատարությամբ նպաստեց, որ ստատուս- քվոն փոփոխության ենթարկելու կոնստրուկցիաները քանդվեն: Կամ` սկսեն քանդվել:
Հունիսին նախատեսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը, որը , համանախագահների կարծիքով, կարող է շրջադարձային լինել, իսկ շրջադարձի բաղադրատոմսը նույնիսկ նշել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան` ռուսաստանյան «էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում, ասելով, որ այն ներառում է «տարածքների վերջնական հանձնումը, եւ ադրբեջանցի փախստականների վերադարձը այդ տարածքներ»: Արդյոք, հնարավոր է շրջադարձը:
Մեթյուն, ինչպես նրան քնքշաբար անվանում է «Էխո Մոսկվի»-ի Վենեդիկտովը, սովորություն ունի մի բան ասել, ապա հերքել, հետո հերքել նախկին հերքումը եւ այլն, բայց նա լուրջ դիվանագետ է եւ փաստորեն ասել է բաներ, որոնք իրականում չեն կարող լինել:
Այսինքն, ամերիկացի համանախագահը հասկացրել է, որ Պրահայում երկու նախագահները համաձայնության չեն եկել եւ շատ դժվար է լինելու դա նրանցից սպասել ապագայում: Այս է ասել Մեթյու Բրայզան:
Ձեր դիտարկումներից, ճիշտն ասած, ես վաղեմության հոտ եմ առնում, որովհետեւ ՄԽ ֆրանսիացի համանախագահը տարածաշրջանից մեկնել է այն տպավորությամբ, որ «բանակցությունները դեռ երկար են շարունակվելու»:
Այսինքն` որեւէ մեկը հիմա չի կարող ասել, որ սանկտպետերբուրգյան հանդիպումը, եթե այն լինի, շրջադարձային է դառնալու: Եթե, իհարկե, «շրջադարձ» ասելիս նկատի չեն ունենում այն, որ, հնարավոր է, «պրահյան գործընթացից» շրջադարձ տեղի ունենա, այսինքն` բանակցությունները մտնեն խուլ փակուղի:
Ազգային ժողովի վերջին նիստում պարզ դարձավ, որ մեր խորհրդարանականները համաձայն չեն Հայաստանի իշխանությունների վարվող արտաքին քաղաքականության որոշ մոտեցումների հետ` մասնավորապես Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ: Պատգամավորների մի խումբ նույնիսկ գործնական քայլեր փորձեց անել իրենց դիրքորոշումն այդ առնչությամբ արտահայտելու եւ հայտարարություն ընդունելու ուղղությամբ, սակայն, գործընթացն ինչ-ինչ պատճառներով սառեցվեց: Ձեր կարծիքով, ինչո՞վ էր պայմանավորված դա:
Մեր խորհրդարանականների խնդիրը չէ` գնահատականներ եւ բնութագրումներ անել Հայաստանի արտաքին քաղաքականությանը: Ի±նչ ենք ամեն անգամ «հերոսություն խաղում»: Ամենամեծ քաջությունը սեփական տեսակետ ունենալն է, դրա համար պատասխանատու լինելը, այն իրացնելը: Կա՞ այդպիսի կամք: Ես չեմ կարող միանշանակ դրական պատասխանել, քանի որ խնդիրը ոչ թե առավելապաշտությունն է, այլ` իրատեսությունը: Իսկ մենք դրա պակասն ունեցել ենք միշտ: Հիմա` առավել եւս:
Ի՞նչ պետք է անեն Ղարաբաղի քաղաքական ուժերը եւ իշխանությունները` մոտեցումների ճշտման եւ գործնական քայլեր ձեռնարկելու ուղղությամբ, մանավանդ որ բազմիցս է հայտարարվել, որ ղարաբաղյան կողմի համար անընդունելի են մադրիդյան սկզբունքները, իսկ Հայաստանը շարունակում է բանակցել այդ սկզբունքների շուրջ:
Այո, արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը ապրիլի 29-ին Ազգային ժողովում ասաց, որ «մադրիդյան սկզբունքները ԼՂՀ համար անընդունելի են»: Սա հիմա վերջնական- պաշտոնակա՞ն վերաբերմունք է, թե՞ … Նույնիսկ այդ դեպքում էլ հարց է առաջանում` իսկ կարգավորման ի՞նչ սկզբունք է, որ մեզ համար ընդունելի է: Մինչեւ այս հարցում հստակություն չմտցվի` ինչ խոսք կարող է լինել մոտեցումների ճշտման մասին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել